Քսան օր է անցել այն ողբերգական օրվանից, որից հետո մեր հասարակությունը հայտնվեց «պատային» վիճակում: Եվ քանի որ ես ամենեւին էլ հակված չեմ աջ ու ձախ մեղավորներ փնտրել անցածի համար, ապա ավելի ճիշտ կլինի մտածել ապագայի, այլ ոչ թե անցյալի սխալների մասին: Խոսքս իրավիճակի մասին է: Որովհետեւ զոհերի համար, անկախ ամեն ինչից, մեղավորներ կան, եւ նրանք պետք է պատասխանատվություն կրեն:
Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվեց վարչապետ Սերժ Սարգսյանի հարց ու պատասխանը: Միանշանակ կարելի է ասել, որ վերջին առնվազն հինգ տարիների (եթե ոչ՝ 9) ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ հայկական եթերով նման սուր հարցեր հնչեցին: Բայց մի քանի հարց, ես, այնուամենայնիվ, չլսեցի, եւ այսօր կցանկանայի տալ այդ հարցերը մեր ապագա նախագահին, որովհետեւ այդ հարցերը գուցեեւ ուշացումով են տրվում, բայց ոչ ուշացած:
Հարց առաջին: Պարոն վարչապետ, այս քսան օրվա ընթացքում, երբ փակված էին հայկական տեղեկատվական բազմաթիվ կայքէջեր, ազգաբնակչության մի մեծ հատված տեղեկատվություն էր ստանում ադրբեջանական կայքէջերից (կայքերի հասցեները միտումնավոր չեմ նշում): Չե՞ք գտնում արդյոք, որ այս փաստն ավելի մեծ հարված է հասցնում ազգային անվտանգությանը, քան որոշ հայկական, անգամ՝ արմատական տրամադրված լրատվամիջոցների գործունեությունը:
Հարց երկրորդ: Ինչպես բոլորս գիտենք պատմությունից, ժամանակին բոլոր թագավորներն ու արքաները (օրինակ` Լիր արքան կամ Լյուդովիկոս XIV-ը) ունեցել են թագավորական ծաղրածուներ, որոնք թագավորի ամենամտերիմ մարդկանցից էին: Եվ հենց նրանք էին թագավորության մեջ եւ երկրում եղած բոլոր պրոբլեմները (այդ թվում նաեւ՝ անձամբ թագավորինը) թեեւ հումորով, բայց, այնուամենայնիվ, ազնվորեն ասում իրենց ղեկավարի երեսին: Այդպիսով արքունիքի մնացած անդամներն այլեւս չէին կարողանում արքային խաբել եւ ասել՝ «շեֆ, հարց չկա», «շեֆ, սաղ լավ ա» եւ այլն: Ես հասկանում եմ, որ այսօր 21-րդ դարն է, եւ շատ բան է փոխվել, բայց հավատացեք, որ «արքունիքում» գտնվող անձանց հոգեբանությունը բոլոր ժամանակներում էլ նույնն է եղել: Պարոն վարչապետ, Ձեր հարցազրույցի ժամանակ Դուք բազմիցս նշեցիք, որ ուզում եք լսել «ականջ չշոյող հարցեր»: Չե՞ք կարծում, որ «ականջ չշոյող հարցեր» տվողը (կամ տվողները) այսուհետ մշտապես պետք է լինեն Ձեր կողքին, որպեսզի նման իրավիճակ այլեւս երբեք չկրկնվի:
Հարց երրորդ: Պարոն վարչապետ, հեռուստատեսային հարցազրույցի այդ օրը նշեցիք նաեւ, որ ապագայում Դուք «ամեն ինչ անելու եք, որպեսզի նոր նշանակվող կադրերը հասարակության մեջ վատ համբավ չունենան»: Իսկ ի՞նչ անել այն կադրերի հետ, որոնք նշանակովի չեն` նկատի ունեմ ԱԺ պատգամավորներին, բայց հասարակության մեջ, մեղմ ասած, այնքան էլ լավ համբավ չունեն: Չե՞ք կարծում, որ, եթե ոչ այսօր, ապա գոնե 6-8 ամիս հետո անհրաժեշտ են նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի հետեւանքով ձեւավորված խորհրդարանում կլինեն ոչ թե բիզնեսմեններ, այլ քաղաքական գործիչներ:
Հարց չորրորդ: Բոլորին էլ հասկանալի է, որ հեռուստատեսությունն այսօր միայն լրատվամիջոց չէ: Չգիտեմ` ծանրաբեռնվածության պատճառով հասցնո՞ւմ եք հետեւել մեր հեռուստաեթերին, թե՞ ոչ, բայց ասեմ, որ այն, ինչ կատարվում է հայկական հեռուստաեթերում, հեռու է բավարար լինելուց: Հեռուստաալիքներն ընկած են անհասկանալի «ռեյտինգների» հետեւից, անում են այն, ինչ կերազեին անել մեր թշնամիները` դեգրադացնում են ողջ ազգաբնակչությանը եւ հատկապես երեխաներին ու երիտասարդներին: Հեռուստաեթերից իսպառ վերացել են կրթական հաղորդումները: Ցուցադրվող գեղարվեստական ֆիլմերը միայն «ուժաս» կամ «բաեւիկ» են: Իսկ մնացած բոլորը կամ երգում են, կամ պարում: Չե՞ք կարծում, որ այս ամենը նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անգործության հետեւանք է:
Հարց հինգերորդ: Թե նախընտրական ծրագրում, թե Ձեր բազմաթիվ հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ մեծ կարեւորություն եք տալիս գիտությանն ու կրթությանը: Սակայն, եթե անկեղծ լինենք, մեր բիզնես եւ քաղաքական «էլիտայի» մի ստվար զանգված այդ կրթությունը ստացել է 40 տարեկանում: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպես են նրանք ստացել այդ կրթությունը: Իսկ հազարավոր իսկապես կրթված եւ խելացի մարդիկ այսօր դուրս են մնացել պետության ռազմավարական օղակներից: Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք մտադիր մեր մատաղ սերնդին համոզել, որ իրենց ստացած կրթությունը կօգնի իրենց՝ դրսեւորվել Հայաստանի պետական եւ հասարակական կյանքում:
Իհարկե, նման բազմաթիվ հարցեր կան, որոնք ավելի ուշ կբարձրացվեն, քանի որ Դուք այդ հարցազրույցում նշեցիք, որ նման մի հարցազրույց էլ անպայման կլինի ՀՀ կառավարությունը ձեւավորելուց հետո: