Ինչպես նշել էինք «168 Ժամի» նախորդ համարում, Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներն էականորեն ազդել են երկրի տնտեսության վրա։ Մասնավորապես, զբոսաշրջության եւ ներդրումների մասով մի քանի օր առաջ խնդրին անդրադարձավ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը։ Սակայն խնդիրները միայն այսքանով չեն սահմանափակվում։ Տնտեսության բոլոր ոլորտները սերտորեն փոխկապակցված են, եւ ալիքը տարածվելու է ողջ տնտեսության վրա։ Իսկ նշաններն արդեն կան։
Խոսենք նախեւառաջ գնաճի մասին։ Անգամ պաշտոնական վիճակագրությամբ, սպառողական գների հավելաճը փետրվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, կազմել է 3.4%։ 2007թ. նույն ցուցանիշը կազմել է 2.6%, 2008թ.՝ 2.7%։ Մարտ ամսվա պաշտոնական տվյալները դեռ չկան, սակայն գնաճն ակնհայտ է։ Օրինակ, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն այս խնդրի վերաբերյալ քաղաքացիներից դիմում-բողոքներ է ստացել որոշ սննդատեսակների թանկացման մասին։ Մի քանի օր առաջ առաջին անհրաժեշտության սպառման 10-15 անուն ապրանքների թանկացման մասին խոսեց նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը։ Վերջինս արձանագրված գնաճը պայմանավորեց միջազգային շուկայում գների բարձրացմամբ՝ ընդգծելով, որ Հայաստանում գնաճի միտումները երկու անգամ զիջում են միջազգային գնաճի միտումներին: Ա. Շահնազարյանի հետ համատեղ ասուլիսին մասնակցող Ներսես Երիցյանն էլ նշեց, որ գնաճի առավել արտառոց ցուցանիշներ են գրանցվել հացի՝ 8-15 տոկոս գնաճ, ալյուրի՝ 11-15 տոկոս, ձեթի, յուղի, բրնձի շուկաներում: Ձեթի, բրնձի, կարագի գների աճը նա էլ բացատրեց համաշխարհային գործընթացներով, մասնավորապես, առաջարկի եւ պահանջարկի համամասնության խախտմամբ: «Հացահատիկի ներկրման գները չեն փոխվել, ճշտել ենք, ալյուր վաճառողները եւս իրենց կողմից սահմանված գները չեն փոխել: Գները փոխվել են մանրածախ շուկայում, այստեղ կա խեղում»,- ասել էր Ն. Երիցյանը եւ ավելացրել՝ ՀՀ վարչապետը հստակ հանձնարարություն է տվել, որ ցորեն-հաց շղթան ամբողջությամբ մանրամասն ուսումնասիրվի, ներկայացվեն բոլոր պրոցեսները, արդյունքները եւ դրանց հիման վրա արված առաջարկությունները:
Միեւնույն ժամանակ սննդամթերքի, այդ թվում նաեւ՝ հացամթերքների գները շարունակում են բարձրանալ։ Փոքր խանութների սեփականատերերը մեզ հետ զրույցում նշեցին կոնկրետ օրինակներ։ Օրինակ, փաթեթավորված 1կգ բարձր տեսակի ալյուրը մինչեւ ընտրությունները խանութները գնել են 220 դրամով, ընթացքում այն դարձել է 250 դրամ, հիմա 300 դրամ է։ Ալյուրից պատրաստված մակարոնը 170 դրամից դարձել է 200 դրամ։ Հացի դեպքում նաեւ արդեն վաղեմության ժամկետն անցած հնարք են օգտագործում՝ քաշն են գցում՝ գինը թողնելով նույնը։ Թանկացել է բրինձը, ոսպը, ձուն, շոկոլադե սալիկները եւ այլն։ Այս միտումը շարունակվում է՝ ներառելով նորանոր ոլորտներ՝ կենցաղային տեխնիկա, շինանյութ, վառելիք։ Իսկ մանավանդ վառելիքի թանկացումը շղթայական ռեակցիայով հանգեցնելու է բոլոր ապրանքատեսակների գնաճի նոր ալիքի։ Ի դեպ, նավթի գինը, համաձայն միջազգային մամուլի երեկվա հրապարակումների, որոշ անկում է ապրել, սակայն բենզինի 1 լիտրը վերջին օրերի ընթացքում թանկացել է միջինը 10-20 դրամով։
ՀՀ Կենտրոնական բանկը, որի գլխավոր ֆունկցիան գնաճի կարգավորումն է, այս երեւույթները նույնպես բացատրում է արտաքին գործոններով. «Փետրվարին արտաքին հատվածը շարունակել է նոր գնաճային ճնշումներ առաջացնել ներքին տնտեսության համար: Գրեթե բոլոր հումքային ապրանքների գծով գների մակարդակները գերազանցել են կանխատեսումները: Այսպես, նավթի միջազգային գները փետրվար ամսին գերազանցեցին 100 ԱՄՆ դոլար բարելի դիմաց հոգեբանական սահմանագիծը՝ ինչպես Նյու Յորքում գնանշվող Light Sweet տեսակի համար, այնպես էլ՝ Լոնդոնում գնանշվող Brent տեսակի համար»:
Զարմանալի է, որ համաշխարհային գնաճը համընկավ հենց ՀՀ նախագահական ընտրությունների հետ։ Սակայն, եթե անգամ ընդունենք, որ մեր ընտրություններն այստեղ կապ չունեն, միեւնույն է, կան այլ հանգամանքներ, որոնք ուղղակիորեն կապվում են հենց ընտրությունների եւ դրան հաջորդած իրադարձությունների հետ։
Զբոսաշրջության եւ ներդրումների մասին արդեն խոսվել է։ Թերթի նախորդ համարներից մեկում շատ գործարարներ խոսել էին տնտեսական ակտիվության անկման մասին։ Մասնավորապես, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել էր բեռնափոխադրումների 10-15%-ի անկման մասին։ Իհարկե, այս թիվը վերաբերում է նախընտրական ամիսներին, բայց շատ դեպքերում կարելի է հստակ ասել՝ մինչեւ ներքաղաքական վիճակը չկայունանա, բիզնեսի բնագավառում խնդիրները չեն լուծվի։ Օրինակ, «Սինոփսիս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Մուսայելյանը մեր թղթակցին տեղեկացրել էր, որ ընկերությունը մտահոգ է իր հայաստանցի աշխատողների ճակատագրով, եւ իրենց համար կատարված իրադարձությունները լուրջ ռիսկային գործոն են։ Իսկ ռիսկի դեպքում, ինչպես գիտեք, նախապես պլանավորված նախագծերը սառեցվում են։
Անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակ է, թեեւ, որքան էլ զարմանալի լինի՝ նկատվում է գների աճ։ Դատելով շինանյութերի գների աճից՝ կարելի է եզրակացնել, որ անշարժ գույքի գները է՛լ ավելի են բարձրանալու։
Ինչ վերաբերում է բանկային ոլորտին՝ ապա բանկային գործարքների քանակը նվազել է, իսկ դա խոսում է տնտեսության ընդհանուր ակտիվության անկման մասին։ Բացի այդ, նվազել են նաեւ Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալները։ Եթե այսպես շարունակվի, դա կարող է լուրջ վտանգի առաջ դնել բյուջեի կատարումը, որովհետեւ ՀՆԱ-ի մի զգալի մասը գոյանում է հենց այդ գումարների հաշվին։
Եթե սրան էլ գումարենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցման հնարավորությունը, ապա ակնհայտ կդառնա, որ խնդիրն առավել քան լուրջ է։
Լուրջ է ոչ միայն զուտ դրամական առումով, այլեւ սոցիալական վտանգ է պարունակում։ Արդեն իսկ տեղեկություններ կան, որ հարկադիր արձակուրդի մեջ են հայտնվել տարբեր ընկերությունների՝ մասնավորապես, հյուրանոցային համալիրների, մեծ թվով աշխատակիցներ։
Ստացվում է՝ եթե մինչեւ ընտրությունները բոլոր թեկնածուները խոստանում էին կյանքի պայմանների բարելավում, գործազրկության կրճատում եւ այլն, այժմ շարժվում ենք լրիվ հակառակ ուղղությամբ։ Թոշակներն էլ կարող են բարձրանալ, աշխատավարձերն էլ, բայց գնաճի այսօրվա տեմպերի շարունակման դեպքում մարդիկ իրենց թոշակով կարողանալու են գնել օրական մեկ հաց։ Եթե տնտեսության այս վիճակը քաղաքական անկայունության արդյունքն է, ապա այս արդյունքն էլ իր հերթին մեծացնում է պետությունից դժգոհների թիվը, հետեւաբար նաեւ՝ անկայունությունը։ Որքան էլ ցավալի լինի, մենք կարծես հայտնվել ենք փակ շղթայի մեջ, որից ելք առայժմ չի երեւում։ Այս ամենը թերեւս պետք է մտահոգության տեղիք տա բոլորին, առաջին հերթին՝ իշխանություններին, թեկուզ հենց նրա համար, որ իշխանություն են, լծակներ ունեն։ Իսկ իշխանությունը ոչ թե կոշտ միջոցներն են, այլ նորմալ մթնոլորտ (քաղաքական, տնտեսական, բարոյական ու հոգեբանական) ձեւավորելու ունակությունը, որ մարդիկ գոնե ցանկանան աշխատել այս երկրում։ Իհարկե, վերջում պաշտոնական վիճակագրությունը կարող է գեղեցիկ թվեր նկարել՝ հերթական երկնիշ տնտեսական աճի մասին, սակայն երեւի ժամանակն է գիտակցելու, որ դրանով ոչ ոքի հնարավոր չի խաբել։ Իշխանությունները պետք է կոնկրետ լուծումներ առաջարկեն եւ քայլեր նախաձեռնեն: