ԱՄՆ-ի առաջատար հայկական կազմակերպությունները երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համերաշխություն են հայտնում ներկայումս քաղաքական ճգնաժամ դիմագրավող Հայաստանի պետությանը եւ ժողովրդին: Ամերիկայի Հայկական համագումարի, Հայ Դատի գրասենյակի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամենայն Հայոց կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք խորապես վշտացած ենք ընտրություններին հաջորդած փողոցային անկարգությունների ընթացքում տեղ գտած բռնությունների, պառակտումների եւ մահվան դեպքերի առնչությամբ եւ սրտանց ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Դատապարտում ենք բոլոր բռնարարքները, այդ թվում՝ հարձակումները, բարբարոսությունը եւ թալանը, եւ ակնկալում ենք, որ դրանց կազմակերպիչները եւ իրականացնողները իրավական պատշաճ գործընթացին համապատասխան կկանգնեն արդարադատության առջեւ»: Ամերիկայի հայկական կազմակերպությունները բոլոր կողմերին կոչ են անում «Հայաստանի քաղաքացիական եւ իրավական կառույցների շրջանակում խաղաղ աշխատել` հաղթահարելու իրենց տարաձայնությունները եւ հնարավորինս արագ ու պատասխանատու կերպով վերականգնել Հայաստանի բնականոն քաղաքական միջավայրը»: Վերահաստատելով իրենց նվիրվածությունը «Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը մարտահրավերներով լի եւ հաճախ վտանգավոր տարածաշրջանում», Ամերիկայի հայկական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում համագործակցել Հայաստանի նորընտիր նախագահի եւ կառավարության հետ` «օրենքի գերիշխանության, սոցիալական եւ տնտեսական արդարության, խոսքի եւ մամուլի ազատության, բոլորի համար հավասար հնարավորությունների վրա հիմնված բաց եւ ժողովրդավարական հայկական հայրենիքի ամրապնդման ընդհանուր նպատակին հասնելու համար»: