Հոգեբան Խաչիկ Գասպարյանը մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով է անում իր գործը: Յուրաքանչյուր բնական կամ արհեստածին աղետների դեպքում նա կանգնում է այն մարդկանց կողքին, ովքեր իր օգնության ու մասնագիտական խորհրդի կարիքն ունեն: Հայաստանում գործող արտակարգ դրությունը, բացի ակնհայտ խնդիրներից, ունի նաեւ ենթագիտակցական խնդիրների մի հսկայական շերտ, որը վերլուծելու, ախտորոշելու ու բուժելու հնարավորությունը դեռ առջեւում է: Մեր հասարակության ամենազգայուն ու խոցելի խումբը համարելով երիտասարդներին ու երեխաներին, հոգեբան
Խ. Գասպարյանը փորձում է ահազանգել. մենք անտեսում ենք մեր հանրապետության վաղվա քաղաքացիների հոգեվիճակը:
– Արտակարգ իրադրություններն ու կիրառվող արտակարգ, էքստրեմալ միջոցներն ինչպե՞ս են ազդում մարդկանց հոգեկան աշխարհի վրա: Գուցե դրանք մաքրագործվելու խթա՞ն են հանդիսանում:
– Շատ հաճախ էքստրեմալ իրավիճակները մարդուն խանգարում են: Մարդն ընդհանրապես ունի կենտրոնական պատրանք, նա կարծում է, որ այն տեղը, որտեղ ինքը ապրում է` ապահով վայր է։ Եվ երբ էքստրեմալ իրավիճակներ են ստեղծվում եւ մասսայական կամ անհատական տրավմաներ են տեղի ունենում, մարդը կորցնում է այդ զգացողությունը եւ այլեւս չի համարում, որ այս աշխարհն ապահով ու լավ տեղ է։ Ժամանակ առ ժամանակ նման շրջադարձային պահեր լինում են, պատճառները կարող են քաղաքական, հասարակական ռեզոնանսի հետեւանքով ի հայտ գալ։ Այդ պահերին շատ կարեւոր հարցեր են առաջ գալիս՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում։ Այդ բոլոր հարցերը հայտնվում են ուշադրության կենտրոնում, եւ մարդիկ փորձում են գլոբալ պատասխաններ գտնել։ Կյանքին, ապրելակերպին, մտածելակերպին վերաբերող այդ հարցերը երբեմն կարող են օգտակար լինել մեր արժեքները վերանայելու, վերագնահատելու համար։ Սակայն երբեմն էլ այդ հարցերը կարող են խանգարել անհատին, ցույց տալ, որ այն, ինչին հավատում էինք, արժանի չէ մեր հավատին ու բարձր գնահատականին։ Կարող է ստացվել այնպես, որ այն, ինչին մենք ապավինում էինք, այլեւս չենք կարող ընդունել։ Փոփոխությունները միշտ չէ, որ անձի համար պոզիտիվ եւ կառուցողական նշանակություն են ունենում, երբեմն դրանք անձին խանգարում ու կործանում են։
Հոգեկան տրավմաները լինում են մասսայական, անհատական, բնական եւ մարդու կողմից ստեղծված։ Կան նաեւ լուռ տրավմաներ, որոնց մասին մենք չգիտենք, բայց դրանք մեր գոյության վրա ազդում են։ Ներհոգեկան տրավմաները կանխազգալը շատ կարեւոր է: Վերջին տարիները վերապրած մասսայական տրավմաներից են Սումգայիթի դեպքերը, երկրաշարժը։ Մասսայական տրավմաների դեպքում մարդկանց մոտ առաջանում են հակազդեցություններ` կապված տրավմատիկ իրադարձությունների հետ։ Հետխորհրդային ժամանակներում հայի ազգային ինքնագիտակցությունը վերելք ապրեց, արգելված խորհրդային գաղափարախոսությամբ շաղախված ազգային ինքնագիտակցությունից մենք հանկարծ անցանք նոր տիպի հարաբերությունների։ Այդ ինքնահաստատման ճանապարհը դժվար էր, բայց այդ ժամանակ մարդիկ մեծ պատրաստակամություն ունեին, նրանք հավատում էին, որ կարեւորն այն չէ, թե ինչպես ենք հիմա ապրում, այլ կարեւորն է, թե հանուն ինչի՞ ենք ապրում։
– Այս օրերին «հանուն ինչի՞» հարցը շատ է հնչում։
– Իսկապես, այդ հարցը հաճախ է ծագում։ Իսկ ամենամեծ հոգեկան բացասական ազդեցությունը կայանում է նրանում, որ խախտվել են առաջնորդների վերաբերյալ մեր ունեցած առասպելները։ Մենք հերոսներ չունենք եւ զգում ենք, որ նոր հերոսների կարիքը կա։ Հերոսներ են պետք, ում մենք կարող ենք հավատալ, որոնց մասին կարող ենք միֆոլոգիական պատկերացումներ ստեղծել։ Առասպելի բացակայությունը խանգարում է մարդկանց հանգիստ ապրել։ Աշխարհի բոլոր երկրներում կա մի այսպիսի հոգեբանական ֆենոմեն. մարդիկ հավատում են իրենց առաջնորդներին ու նրանց վերաբերյալ առասպելական պատկերացումներ են ձեւավորում։ Պատահական չէ, որ, օրինակ, Ստալինի մասին ժողովուրդն ասում էր, որ նա տեղյակ չէ կատարվող սարսափելի իրադարձությունների մասին։ Եթե կա առասպել, մարդիկ այն չեն ուզում քանդել, քանի որ հոգեբանական առումով ուզում են հանգիստ լինել։
– Ինչպիսի՞ հատկանիշներով օժտված առաջնորդի կարիք ունենք մենք:
– Առաջնորդների որակներն ըստ Մաքիավելիի՝ դուրս են սովորական, միջակ մարդկանց բնորոշումների սահմաններից։ Հասարակությունը երեք շերտ ունի։ Առաջին շերտը կազմում են այն մարդիկ, որոնք աշխատում են, եւ իրենց ստեղծածը միայն իրենց համար է։ Նրանց որոշումները, գործողություններն ուրիշ մարդկանց վրա ազդեցություն չունեն։ Երկրորդ շերտը կազմում են մարդիկ, որոնց աշխատանքն ազդում է մարդկանց ամենօրյա կյանքի վրա, դրանք նախարարներն են, չինովնիկները, կառավարիչները։ Իսկ երրորդ շերտը առաջնորդներն են, որոնք որոշակի ազգային իդեալները պետք է բավարարեն, հասարակական գիտակցության մեջ միֆեր ստեղծեն։ Նրանք պետք է հերոսացված լինեն, որպեսզի նրանց ստեղծած միֆերը վավերացվեն նաեւ հասարակության գիտակցության մեջ եւ միանշանակորեն ընդունվեն։
– Իսկ մեր հանրապետության նորընտիր նախագահը կարո՞ղ է ժողովրդի կողմից օժտվել որոշակի հերոսական տարրերով, թե՞ քարոզարշավի ավարտից հետո արդեն դա խնդրահարույց է:
– Նա միանշանակ մեծ հնարավորություններ ուներ անել այնպիսի քայլեր, որոնք իրեն առաջնորդ կդարձնեին: Բայց նա, չգիտես ինչո՞ւ, արեց այնպիսի քաղաքական քայլեր, որոնք իրեն չօգնեցին: Դժվար է ասել, թե ինչո՞ւ էր նրա նախընտրական քարոզարշավն այդքան անհաջող: Նա եւ՛ իր ապրած կյանքով, եւ՛ իր զբաղեցրած պաշտոններով ավելի հաջող եւ ավելի կայացած քարոզարշավ անելու բոլոր հնարավորություններն ուներ: Ես շատ ծանոթներ ունեմ, որոնք ընտրությունների մեկնարկի ժամանակ չէին կողմնորոշվել` թե ում էին ընտրելու, սակայն հետո հանկարծ կողմնորոշվեցին ու ընտրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Զարմանալի է, թե ինչպես Սերժ Սարգսյանն` ունենալով այդքան ուժ ու հնարավորություն, այդքան անհաջող ընտրարշավ ունեցավ: Նա նախնական մեծ կրեդիտներ ուներ: Գուցե այն ինտրիգը, որը մտցվել էր հակառակորդի կողմից, ժողովրդին հետաքրքրեց: Մարդիկ ընդհանրապես իրենց արհամարհված են զգում: Գնում էին հանրահավաքների, տեսնում էին, որ 15-20 հազար մարդ կա, բայց նույն օրը հեռուստացույցով տեսնում էին, որ իրենց ծաղրուծանակի են ենթարկում ու արհամարհական նախադասություններ են ասում իրենց հասցեին: Այդպես չէր կարելի: Պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե հեռուստացույցով ժամերով ցուցադրեին Լեւոն Տեր-Պետրոսյանին, մարդիկ կտեսնեին, որ գուցե նա դեստրուկտիվ բաների մասին է խոսում, գուցե շատերի մոտ կվերականգնվեր անցյալի հիշողությունն, ու նրանք իրականությունը նեգատիվ կգնահատեին: Իշխանությունները, թաքցնելով Տեր-Պետրոսյանին, հերոսացրեցին նրան ու դարձրեցին նոր միֆոլոգիական կերպար, որը սպիտակ ձեռնոցներով ու սպիտակ նժույգով հայտնվեց:
– Կարելի՞ է ասել, որ մեր հասարակությունը հիվանդ է։
– Մեր հասարակության մեջ մի շարք հիվանդություններ կան, որոնք արմատախիլ արվելու կարիք ունեն։ Հասարակական հիվանդություն է, օրինակ, կաշառակերությունը։ Հիմա արդեն անվստահություն է առաջացել։ Դա էլ է հիվանդություն: Գիտեք, խորհրդային տարիներին էլ կար նման անվստահություն. մարդիկ, օրինակ, թաքցնում էին, որ իրենք հավատացյալ են, վախենալով, որ այդ փաստը հայտնի կդառնա, եւ իրենք խնդիրներ կունենան։ Վախը համատարած զգոնություն ու զգաստություն էր ենթադրում, ամեն ինչը զգույշ եւ թաքուն էր արվում։ Երբ երեխա էի, հայրս ասում էր, որ հարկավոր չէ պատմել դպրոցում այն մասին, որ մենք կնքված ենք։ Ես շատ էի զարմանում, մտածում էի՝ ախր, ինչո՞ւ չի կարելի պատմել մի բանի մասին, որը կա…
– Բայց այն ժամանակ տոտալիտար համակարգ էր, իսկ հիմա մենք դեմոկրատական ուղի ընտրած հանրապետություն ենք։
– Այո, բայց հիմա գրեթե նույն իրավիճակն է, որը կար խորհրդային տարիներին։ Մենք շատ մոտ ենք այդ անցյալի իրավիճակին։ Այն ժամանակ հակադրվողները հայտնվում էին կամ բանտում կամ էլ անհայտ կորչում էին, մարդիկ վախենում էին արտահայտել իրենց մտքերը:
– Անզոր, անորոշ ու չբավարարված լինելը բնորոշ է մեր հասարակությանը։ Ինչպիսի՞ն կարող է լինել ելքը այս հոգեվիճակից։
– Ես կարծում եմ, որ մեզ առաջին հերթին նոր հերոսներ են պետք։ Ո՛չ նախկինները, ո՛չ էլ ներկաները ժողովրդի պաշտամունքի կամ հատուկ վերաբերմունքի արժանի չեն: Մեր ժողովուրդը նոր հերոսների շատ սուր պահանջ է զգում:
– Այնպես է ստացվել, որ մեր պատմության ընթացքում անվերապահորեն ընդունվող հերոսներից ամենացայտունը Տիգրան Մեծն էր, որը նապոլեոնական հավակնություններ ունեցող թագավոր էր:
– Մարդկությանը բնորոշ է անցյալը իդեալականացնելու հակումը: Մեր անցյալը մենք միշտ ավելի իդեալական ենք ներկայացնում, քան այն կա իրականում, բացասական ապրումները դուրս են մղվում, արտաքսվում են գիտակցությունից: Օրինակ, ճանապարհորդության ընթացքում վերապրած տհաճ իրավիճակը մենք հակված ենք վերածել հումորային պատմության: Դա կոչվում է սուբլիմացիա, երբ դու փորձում ես նեգատիվ բանը պոզիտիվ կերպով դուրս հանել։ Մարդկային ագրեսիան կարելի է քաղաքականության կամ սպորտի միջոցով դուրս հանել։ Եթե մենք անընդունելի զգացումներն ու ապրումներն արտահայտում ենք ընդունելի տարբերակներով՝ սպորտի, նկարչության կամ պոեզիայի տեսքով, մենք գործի ենք դնում պաշտպանական հոգեբանական մեխանիզմները։ Պսիխոանալիզը արվեստի բոլոր տարատեսակները ներկայացնում է որպես չբավարարված ցանկությունների սուբլիմացիայի դրսեւորումներ։
– Իսկ վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցածը վերհիշելու համար հումորն օգնո՞ւմ է:
– Որոշ դեպքերում դա օգնում է: Կարեւորն այն է, որ մենք չմոռանանք այն, որ մեր երիտասարդ սերունդը նորից հայտնվել է անտարբերության, մոռացության վիճակում: Պատկերացրեք, թե Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռները (երկու առաջնորդներն էլ թոռներ ունեն) ինչպիսի բարքերի մոդել են սովորելու իրենց պապիկներից: Կոնֆլիկտային իրավիճակում ստեղծված այդ մոդելը նրանք հետագայում իրենց ընտանիք են տեղափոխելու: Շատ երեխաներ են դա անելու: Մենք հիմա զարմանում ենք, մտածում ենք` ախր մեր երեխաները որտեղի՞ց գիտեն այդ բարքերի մասին եւ ինչպե՞ս կարող են հակամարտության բարքերն ընտանիք տեղափոխել: Բայց նրանք տեսել են այդ բարքերը: Երիտասարդները կամ պիտի ազատության ճանապարհով գնան, քանի որ համոզվել են, որ այդ ճանապարհը հնարավոր տարբերակ է, կամ էլ պիտի դեպի ռեգրեսիա գնան` ընկճվեն, կորցնեն նախաձեռնությունը եւ խուսափեն որեւէ նոր ստեղծագործական մոտեցումից: Պետք է հասկանանք, թե ի՞նչ պատգամ, վարքի ի՞նչ մոդել ենք փոխանցում հաջորդ սերնդին: Մենք պետք է վախենանք, որ մատաղ սերունդը կարող է մեզանից ընդօրինակել մեր այդ բարքերը: Հասարակությունը, ընտանիքը, քաղաքականությունը, ազգն իրենց արժեքներն են մատուցում մարդկանց, կուսակցություններն իրենց հերթին են փորձում նոր արժեքներով «կերակրել» մարդկանց: Իր հերթին նոր արժեքներ է ներմուծում նաեւ քաղաքակրթությունը (ուզենք թե չուզենք, մենք գլոբալացման դարում ենք ապրում): Եվ այդ բոլոր արժեքները երիտասարդները պիտի համադրեն, գումարեն, բազմապատկեն, բաժանեն ու ստեղծեն իրենց սեփական համոզմունքների դաշտը: Եվ այդ սկզբունքային ու արժեքային համակարգի մեջ նրանք պիտի քայլեն: Այսօրվա բողոքներն ու դժգոհությունները մարդկանց մոտ ներկան փոխելու անհրաժեշտություն են առաջացնում: Եվ փոխարենը՝ պրոգրեսիվ վարք ձեռք բերեն, նրանք ռեգրեսիվ, պաշտպանական վարքի տեր են դառնում: Մարդիկ ապրել են, զգացել են, վերապրել են բացասական զգացումներ:
– Մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումները հանգեցրեցին նրան, որ հասարակությունը ոչ թե հայկական, այլ՝ հիմնականում ռուսական եւ ադրբեջանական էլեկտրոնային կայքերից է ստանում տեղեկատվություն: Արդյոք դա լուրջ հետեւանքներ չի՞ ունենա:
– Տեղեկատվական միջոցները մշակված տեխնոլոգիաներ ունեն, որոնց միջոցով կարողանում են ցանկացած պատգամ փոխանցել: Եթե ադրբեջանական կայքերը չորս կամ հինգ ճիշտ լուր են գրում Հայաստանի մասին, ապա, եթե նույնիսկ վեցերորդ լուրն ակնհայտ սուտ է լինում, մարդիկ դրան հավատում են: Նրանք հիմա կարող են մեր ինֆորմացիոն դաշտում պառակտումներ մտցնել, եւ կստացվի այնպես, որ մեր վարվելակերպով մենք նրանց ջրաղացին ենք ջուր լցնում: Կարծում եմ, այս իրավիճակում իշխանությունները ոչ թե շահեցին, այլ` կորցրեցին: Արժեզրկվեց ու խայտառակվեց ներկայիս լրատվական դաշտն ու լրագրողի աշխատանքը: Լրագրողներից շատերը պատվերներ կատարողներ են դարձել: Իսկ աշխարհում լրագրողները միշտ էլ ընդվզող կերպարներ են, այլ` ոչ թե հարմարվող: