Այրված դեզը

23/03/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Երկու եղբայր

Վաչիկն ու Առաքելը եղբայրներ էին: Նույն գյուղական տանն էին մեծացել, նույն բակում խաղացել: Նույն ծնողների դաստիարակությունն էին ստացել, բայց ինչքան մեծացել, այնքան տարբեր էին դարձել: Ամեն մեկն ի՛ր բնավորության տերն էր, ի՛ր խառնվածքի արտահայտիչը, ի՛ր ճակատագրի կրողը:

Առաքելն ամուսնացել, տուն-տեղ էր դրել, նոր օջախ հիմնել հայրական բակում: Երեխաներ էր ունեցել: Ու՝ լծվել գյուղական դժվարին կյանքին:

Վաչիկը մնացել էր հայրական տանը: Հոր մահից հետո մոր հետ էր ապրում: Ընտանիք կազմելու հարցում դեռ հապաղում էր: Այնքան ձգձգեց, որ ընտանիք, երեխաներ ունենալու փոխարեն՝ երկու դատվածություն ձեռք բերեց:

Առաջին անգամ դատապարտվեց արդեն բավական հասուն տարիքում: Քառասուն տարեկան էր, ու հասակակիցներից շատերը կայացած մարդիկ էին: Իսկ նա 1 տարի ազատազրկման դատապարտվեց… թմրանյութի պատճառով: Պատժի կրումից ազատվեց 2002 թվականի նոյեմբերին:

2005 թվականի նոյեմբերին դատապարտվեց երկրորդ անգամ: Հիմա արդեն գողություն էր արել: Ձեռի հետ էր գողացել, պահի ազդեցության տակ, ո՛չ որպես երդվյալ հանցագործ: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանն էլ հաշվի առավ մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ ու Վաչիկ Ալոյանին ենթարկեց պայմանական դատապարտության՝ 2 տարի փորձաշրջանով: Կարճ ժամանակ անց համաներում հայտարարվեց, ու Վաչիկն ընդհանրապես ազատվեց պատժից:

Ժամանակն էր, որ ուշքի գար ու կյանքի երկրորդ մասը գոնե մի քիչ կարգավորեր: 2007 թվականին, երբ 46 տարեկան էր, վերջապես որոշեց ընտանիք կազմել: Ամուսնանալու մասին նրա որոշումն իրարանցում առաջացրեց հարազատների շրջանում: Հարսանեկան պատրաստություններ չէ, որ տեսնում էին: Անհանգստությունը սեփականատիրական ոլորտին էր վերաբերում: Ուրեմն այսքան տարի հայրական տանը կողմնակի մարդ չէր ապրել, ու հիմա ինչ-որ կին կարող էր գալ ու գրանցվել այնտեղ, տեր դառնալ: Այսպիսի մտահոգություններ էին գլուխ բարձրացրել նույն բակում ապրող եղբոր հոգում: Միգուցե կասկածում էր, թե հիսունին մոտեցող եղբայրը նոր-նոր կարող է երեխա ունենալ: Միգուցե կինը, ում աչքադրել էր Վաչիկը, արդեն իսկ երեխա ուներ: Ու եղբորը դուր չէր գալիս, որ օտար կնոջ հետ օտար երեխա էլ կարող է գրանցվել հայրական տանը, իսկ հետո տեր դառնալ իրենց ունեցվածքին:

Եղբայրական առաջարկություն

Ելք գտնելն այնքան էլ բարդ չէր: Ըստ Առաքելի՝ բավական էր, որ ի՛ր որդուն գրանցեր Վաչիկի տանը, եւ հարցն ինքնըստինքյան կփակվեր: Մնում էր, որ ստանար Վաչիկի համաձայնությունը: Եղբայրն ինչո՞ւ պիտի չհամաձայներ: Դատվածություններ ունեցող, անկարգ կյանքով ապրող մարդ էր, հիսունի շեմին: Ընդհանրապես՝ Առաքելի ընտանիքը նրան ավելի լավ կարող էր հոգ տանել, քան՝ օտար մի կին: Սա՝ ըստ Առաքելի: Սակայն արի ու տես, որ ինքը՝ Վաչիկը, այլ տեսակետ ուներ: Որոշել էր ամուսնանալ ու՝ վերջ: Եվ չէր կասկածում, որ երեխաներ էլ կունենա, ու հայրական տունը, որ իրենն էր, կփոխանցի ի՛ր զավակներին: Այնպես որ՝ կտրականապես մերժեց Առաքելի առաջարկը՝ նրա որդուն իր տանը գրանցելու վերաբերյալ:

Առաքելը, սակայն, չնահանջեց: Ու եղբայրների միջեւ հարաբերությունները լարվեցին: Վեճերը հաջորդում էին մեկը մյուսին: Կողմերից ոչ մեկը զիջելու քայլ չէր անում: Չնայած՝ ի՞նչ զիջում: Առաքելն արդեն վաղուց իր տունն ու ընտանիքն ուներ: Եվ պետք է մոռանար ունեցվածքային շահագրգռությունը, եղբոր համար անհանգստանար, ուրախանար ընտանիք կազմելու նրա ցանկությամբ: Չխառնվեր անձնական կյանքին, նկրտումներ չունենար նրա տան նկատմամբ: Մի՞թե մեր հարազատներն իրավունք չունեն երջանիկ լինելու, ինչ է թե՝ մենք նյութական ակնկալիքներ ունենք:

Վաչիկը երկու ոտքը մի մաշիկ էր դրել ու ցանկանում էր ամուսնանալ: Առաքելը դրան դեմ չէր, ընդամենն ուզում էր, որ նախ իր որդին գրանցվի պապական տանը:

Գույքի ոչնչացում

Քսանմեկերորդ դարում, հայկական գյուղում զորյանական խնձորի այգու պատմությունն էր հյուսվում՝ իր առանձնահատկություններով, բայց նույն՝ սեփականատիրական ագահ ձգտումների հիմքով: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքով չվճարեց ունեցվածքային տարաձայնության համար: Վաչիկը վարվեց համարյա նույն կերպ, ինչպես՝ «Խնձորի այգու» Առաքելը: Զայրույթը փարատելու համար գույք ոչնչացրեց: Զորյանական ողբերգության խորքերին չհասան նրա ապրումները: Նա գործեց ավելի պարզ եւ ուղղագիծ:

Հերթական ընտանեկան վիճաբանությունից հետո, ալկոհոլ օգտագործած վիճակում, Վաչիկը տնից դուրս եկավ ու, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին հարեւանի տանը շինարարական աշխատանքներ կատարող բանվորների նկատմամբ, հենց նրանց ներկայությամբ ամբողջ 40 րոպե հայհոյեց: Սա՝ ըստ գործի տվյալների: Ահա թե հայհոյանքների ինչ բանահյուսական պաշար ուներ Վաչիկը: Դեռ մի այդքան էլ կարող էր ելույթ ունենալ, եթե հարեւանի խնդրանքով համագյուղացիներից մեկը՝ Վաչիկի կողմից հարգված Ռազմիկը, չմիջամտեր: Միայն նրա հորդորներով Վաչիկն ընդհատեց հրապարակային հայհոյախոսությունը եւ տուն մտավ:

Եղբոր լարվածությունը տեսնելով՝ Առաքելը կարող էր թուլացնել ճնշումը: Սակայն նա անպայման ուզում էր նպատակին հասնել: Վաչիկի խուլիգանական դրսեւորման հաջորդ ամբողջ օրը եղբայրները կարող էին խոսել իրար հետ, հաշտվել: Բայց յուրաքանչյուրը մնաց իր զայրույթի հետ: Վաչիկը չարտահայտած ցասման դեռ ահռելի պաշար ուներ, վիրավորանքը հանգիստ չէր տալիս: Եվ ժամը 22-ի սահմաններում, Առաքելի գույքը դիտավորյալ ոչնչացնելու, եղբոր ունեցվածքային սիրուն կործանարար հարված հասցնելու համար փողոցի կողմից մոտեցավ իրենց տնամերձ հողամասում գտնվող չորս տոննա խոտի դեզին ու կրակի տվեց: Ընդհանուր տնամերձում Առաքելի խոտն էր, որ տքնաջանորեն հավաքել էր նա ու սեփականատիրոջ հպարտությամբ դիզել: Վաչիկն էլ թեթեւամիտ եղբորը հատուկ դյուրությամբ վառեց եղբոր, այսինքն՝ ուրիշի գույքը: Բայց Առաքելի բախտից համագյուղացիներից մեկը նկատեց կրակը, հարայ-հրոցը գցեց: Հրդեհը հանգցրին:

Վաչիկի զայրույթը դարձյալ չփարատվեց: Ու Առաքելն էլ Վաչիկի վարքագծից հետեւություններ չարեց ու չփորձեց նրա հետ լեզու գտնել, եղբայրաբար խոսել, հանգստացնել, միգուցե՝ քարն իր փեշից էլ թափեր: Ինչպես լարված էին մեկմեկու նկատմամբ, այդպես էլ մնացին: Առաքելը միմիայն եղբորն էր մեղադրում, խռովում էր նրանից, չէր ներում: Վաչիկն էլ պատեպատ էր զարկվում՝ սրտի ուզածին չհասնելու, գործը միշտ կիսատ թողնելու պատճառով: Ժամանակն անցնում էր, իսկ նրա քունը չէր տանում:

Հուլիսի 31-ի գիշերը, ժամը երկուսի սահմաններում, Վաչիկը դարձյալ նույն ճանապարհով մոտեցավ խոտի չվառված դեզին ու վերջապես վառեց: Կրակն աշխույժ տարածվեց դեզով մեկ: Խոտը ճրթճրթալով ամբողջությամբ կրակի ճարակ դարձավ, իսկ Վաչիկը սրտի խորքից արտաբերեց. «Ա՛ռ քեզ, դե ստացիր»:

Բայց նրա չարախնդությունը երկար չտեւեց: Այդքան ցանկալի վնասը եղբորը պատճառելուց հետո նա հասկացավ, որ ոչ մի թեթեւություն էլ չի զգում: Իսկ տարեց մոր վաշ-վուշը լսելով՝ քիչ էր մնում գետինը մտնի: Դատարկություն էր զգում: Այդ նույն զգացումով էլ ոստիկաններին դիմավորեց: Ու հնազանդ գնաց նրանց հետ՝ անօրեն արարքների համար պատասխան տալու:

Մեղմացուցիչ հանգամանքներ

Վաչիկին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության, հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու եւ ոչնչացնելու փորձ կատարելու համար: Երեք հանցավոր արարք էր կատարել փոքրիկ ընդմիջումներով: Բայց եթե իսկապես սրտացավ մարդիկ լինեին կողքին, նրան կսթափեցնեին, կհանգստացնեին ու չէին թողնի, որ գոնե երկրորդ անգամ ձեռք բարձրացնի հարազատ եղբոր հավաքած խոտի վրա: Եվ առաջին սրտացավը հենց նույն եղբայրը կարող էր լինել՝ հաշտության ու եղբայրության ձեռք մեկնելով թող որ՝ ոչ հաջողակ, բայց, միեւնույն է, իր հարազատին:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը հաստատված գնահատեց Վաչիկին առաջադրված բոլոր մեղադրանքները եւ նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Վաչիկի վերաքննիչ բողոքի հիման վրա 2007 թվականի դեկտեմբերին գործը քննեց նաեւ քրեական վերաքննիչ դատարանը: Այստեղ Վաչիկը հանդես եկավ ինքնուրույն, առանց պաշտպանի: Խնդրեց գործն էլ քնել արագացված ընթացակարգով, որովհետեւ չէր վիճարկում ո՛չ արարքի որակումը, ո՛չ փաստական հանգամանքները: Խոստովանում էր, որ վատ բաներ է արել, վնասել է եղբորը՝ գույքային տեսակետից, կոտրել է նրա սիրտը, ինչի համար խորապես զղջում է, ափսոսում, մինչեւ անգամ կուզեր ժամանակի անիվը հետ պտտել, որպեսզի նման անմարդկային բան այլեւս չանի: Նրա խնդրանքը մեկն էր. պատիժն ինչքան հնարավոր է՝ մեղմացնեն, որովհետեւ նախ՝ ինքն է տարեց մորը պահում, եւ երկրորդ՝ միտքը չի փոխել ու պարտադիր ամուսնանալու է: Լավ կլինի, որ հասցնի մինչեւ հիսուն տարին բոլորելը ընտանիք կազմել, վերջապես ժառանգ ունենալ:

Ամբաստանյալի արտահայտած աննահանջ ցանկությունը՝ անկախ բոլոր անախորժություններից՝ ամուսնանալու եւ ընտանիք ունենալու վերաբերյալ, ինչ-որ տեղ դրական տպավորություն թողեց: Դրան ավելացրած նաեւ՝ անկեղծ զղջումն ու ափսոսանքը: Եվ քրեական վերաքննիչ դատարանը հաշվի առավ մեղմացուցիչ որոշ հանգամանքներ, այն է՝ որ Վաչիկն իրեն լիովին մեղավոր էր ճանաչում, անկեղծորեն զղջում, նրա խնամքին տարեց մայրն էր, իսկ սրեւտում՝ ամուսնանալու բուռն ցանկությունը: Այս հանգամանքների առկայության պայմաններում դատարանը հնարավոր համարեց 1 տարով մեղմացնել Վաչիկ Ալոյանի պատիժը՝ նրան դատապարտելով 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Իսկ երբ պատիժը կրելուց հետո տուն վերադառնա, դարձյալ նույն տանն է ապրելու, եղբոր հետ՝ նույն բակում: Կհարթե՞ն, արդյոք, գույքային տարաձայնությունները, եղբայրաբար կներե՞ն մեկմեկու, արժանապատվորեն իրար թիկունք կկանգնե՞ն, թե՞ դարձյալ առաջին պլան կմղվեն ունեցվածքի պահանջները՝ անդառնալիորեն հոշոտելով նրանց կյանքը: