Ութերորդ դասարանցի Մարիամն իր տարիքի համեմատ շատ խորը ներաշխարհ ունի ու հոգում եղածը վերարտադրելու համար նկարում է: Մարիամի ձեռքի տակ ընկած ցանկացած իր դառնում է նկարչական նյութ: Դեռեւս 3 տարեկանում Մարիամը մոր ձեռքից խլում էր մակարոններն ու դրանցով հետաքրքիր պատկերներ էր ստանում, ավելի ուշ պլաստիլինե Սպիվակով ու աղեղով ջութակ էր քանդակում: Հետո, երբ մեծացավ` սկսեց Երեւանի մասին մտածել ու թղթերի վրա Երեւանը պատկերեց որպես գունեղ, եռանկյունի, բրգաձեւ շենքերից բաղկացած քաղաք:
Ասում է` «Իմ մեջ Երեւանն ուրիշ է, ես իմ մեջ ուրախ Երեւան ունեմ, էսքան տխուր Երեւան իմ մեջ չկա, ու իմ միջի Երեւանի փողոցներում զինված մարդիկ չկան: Իմ միջի Երեւանից ես զինվորներին հանել եմ»: Մարիամը մեր քաղաքի գլուխգործոցը համարում է Թամանյանի արձանը ու, երբ տխրում է` մորը խնդրում է իրեն տանել այդ արձանի մոտ զբոսանքի: Մայրը` տիկին Ջեմման, խոսելիս շնչահեղձ է լինում, որովհետեւ ուզում է երեխայի մասին շատ բան պատմել, բայց միեւնույն է` չի հասցնում ամեն ինչ ասել:
Մարիամն ամեն օր մորը խնդրում է, որ իրեն ցուցահանդես, ներկայացում կամ թանգարան տանի։ «Բայց չեմ կարող: Ինձ անցյալ տարի աշխատանքից ազատեցին կուսակցության անդամ չդառնալու համար: Պետական հաստատությունում էի աշխատում, միայնակ երկու երեխա եմ մեծացնում ու էդ օրվանից աշխատանք եմ փնտրում»,- ասում է նա` վստահեցնելով, որ այժմ ապրում են Գործազուրկների գործակալության տրամադրած ամսական 12.000 դրամով: Մասնագիտությամբ կոնստրուկտոր-ինժեներ տիկին Ջեմման 20 տարի Մերգելյանի անվան ինստիտուտում է աշխատել, իսկ այժմ նա գրանցված է աշխատանքի տեղավորման գործակալությունում ու արդեն երկար ժամանակ սպասում է աշխատանքի առաջարկի: Սպասում է նաեւ Մարիամը, ով հույսը չի կորցնում, որ մայրն աշխատանք կգտնի, գումար կվաստակի ու հնարավորություն կունենա իրեն տանել ցուցասրահներ: Մարիամը սպասում է, որ մայրը աշխատանք կգտնի, եւ իր համար վրձիններ, կտավներ, ներկեր կգնի: Ասում է` «Երեւի մեծացել եմ, որովհետեւ, երբ փոքր էի` ամեն ինչով նկարում էի, ամեն ինչից գործ էի ստանում, բայց հիմա ինձ ավելին է պետք: Օրինակ, շատ բան կախված է վրձնից, որովհետեւ էն միտքը, որ ուզում ես տեսնել կտավի վրա` կարող է չտեսնես վատ վրձնի պատճառով: Թեմաներ կան, որ չես կարող վատ նյութերով արտացոլել, գեղագիտությունը թուլանում է»,- փորձում է բացատրել Մարիամն, ով հաճախ ինքն իր հետ կռվում է, որովհետեւ սրտի ուզածը չի կարողանում արտահայտել անորակ, էժանագին վրձնով: Նման դեպքերում Մարիամը գերադասում է մատներով նկարել: Մարիամի` մատներով նկարած աշխատանքներին նայելիս` ապշում ես. ոչ մի վրձին չէր կարող այդքան ճշգրիտ ու ներդաշնակ արտահայտել Մարիամի աշխարհայացքը: Ասում է, որ սիրում է գիշերներն աշխատել, որովհետեւ գիշերվա լռության մեջ պատկերներ կան:
Քույրը` Լիլիթը պատմում է. «Դե՛, ցերեկը սովորում է, շատ է կարդում, հետո ջութակի է գնում, ժամանակ էլ չունի: Ինքն ամբողջ գիշեր իրա աշխարհում է: Մեկ-մեկ դասական կամ ռոք երաժշտություն է միացնում ու սկսում է չեղած բաներով նկարել: Լավ է, հիմա թղթերի վրա է նկարում, իսկ առաջ պատերին, հատակին, ուր ասես` նկարում էր: Առավոտյան ես ու մաման զարմանում ենք, շատ-շատ ենք զարմանում»: Զարմանում են, որովհետեւ Մարիամի երազներն ու նկարները յուրօրինակ ու շատ անսպասելի են: Երեւակայությունները կտավին հանձնելու համար Մարիամին գույներ են պետք, բայց սոցիալական ծանր պայմանների պատճառով աղջկա գունավոր երեւակայությունները դառնում են գորշ իրականություն: «Հասկանո՞ւմ եք, կյանքի գնով ուզում եմ նկարչական պարագաներ ձեռք բերել: Ուր ասես դիմել եմ` խնդրելով օգնել, բոլոր մեծահարուստներին, պետական պաշտոնյաներին, անգամ առաջին տիկին Բելլա Քոչարյանին, բայց ոչ մի պատասխան»,- ասում է տիկին Ջեմման` վստահեցնելով, որ կգա այն օրը, երբ Մարիամ Թերեզյան նկարչուհու մասին աշխարհը կխոսի ու շատ-շատերը կհպարտանան, որ Հայաստանում կա Երեւան քաղաք, որտեղ կա Արաբկիր համայնք, որտեղ կա Գյուլբենկյան 41 շենք, բնակարան 16, որը գտնվում է նկուղային հարկում, ու որտեղ աննկատ ապրում է մի աղջիկ, ով ներկեր ու թղթեր հայթայթելով՝ հրաշալի գործեր է ստեղծում: Մարիամը 4 տարեկանից հաճախում է Գեղագիտական կենտրոն, որտեղ նկատելով նրա տաղանդն` անմիջապես ձեռքը վրձին են տվել: Այժմ Մարիամը հնարավորություն ունի Կորեայի Սեուլ քաղաքում կազմակերպվող «Մանկական մետաքսի ճանապարհը» թեմայով մրցույթին մասնակցելու: ՀՀ Մշակույթի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել մեկնելու հարցում աջակցել աղջկան, բայց մինչ այդ Մարիամը պետք է մի քանի ներկայանալի աշխատանքներ ներկայացնի մրցույթին: «Պետք է կտավի կամ մետաքսի վրա նկարի: Երեխաս երանության մեջ էր, շատ էր ոգեւորվել, բայց էն օրը գնացի գներին ծանոթացա ու հուսահատվեցի,- ասում է տիկին Ջեմման:
-Վստահ եմ, որ հաջողության կհասնի, բայց միայն գործիքներ, պարագաներ են պետք, որոնք հայթայթելու համար ես հնարավորություն չունեմ: Եթե մի բարի մարդ էս հոդվածը կարդար ու ձեռք մեկներ` ես աշխարհի չափ շնորհակալ կլինեի: Ախր, ես երեխայիս ինքնազարգացման համար ոչ մի բան չեմ կարողանում անել: Էստեղ երեխայի ճակատագրի հարցն է դրված, բայց հավատացեք, որ վաղը-մյուս օրն ազգովի հպարտանալու ենք»: Մարիամն ամեն օր քարտեզով ուսումնասիրում է Սեուլ քաղաքն ու մտովի հայտնվելով այնտեղ մրցույթում հաղթած` Հայաստան է վերադառնում: Տիկին Ջեմման կարողացել է գտնել անհրաժեշտ գրականություն, որով Մարիամը ուսումնասիրում է մրցույթի թեման: Տիկին Ջեմման պահարանից դուրս է բերում Մարիամի բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերը, որոնք կարդալիս ապշում եմ, թե այդ տողերը շարադրողներն ինչպիսի բարձր արժանիքներ ու տաղանդ են տեսել այս աղջկա մեջ: Հարցնում եմ` «Ի՞նչ երազանք ունես»: Մարիամը խորիմաստ ժպտալով պատասխանում է. «Երազում եմ ճանապարհորդել, բայց ինքնանպատակ ճանապարհորդություն չլինի, այլ շրջեմ աշխարհի բոլոր թանգարաններով, գալերեաներով, օպերաներ գնամ ու ծանոթանամ իսկական արվեստի հետ»: Ասում է, որ անչափ սիրում է ուսումնասիրել Բորֆի գործերը, որովհետեւ դրանք նայելիս ամեն անգամ նոր մտքեր ու իդեալներ է գտնում: Բորֆի գործերի մեջ աշխարհն ու մարդկությունն անչափ պլաստիկ ու արտառոց են: Դպրոցն ավարտելուց հետո Մարիամը կընտրի ճարտարապետի մասնագիտությունը, որովհետեւ Երեւանի հետ կապված մեծ ծրագրեր ունի, ճարտարապետական լուծումների որոնումների մեջ է։ «Օրինակ` ես համարում եմ, որ ամենաամուր շենքերը եռանկյունի շենքերն են: Երեւի մի օր դա ապացուցելու հնարավորություն կունենամ»,- ասում է Մարիամն ու վստահեցնում, որ ինքն ինֆորմացիայի պակաս ունի, որովհետեւ տեղական հեռուստաալիքները քիչ են անդրադառնում նկարիչներին, ճարտարապետներին, երաժիշտներին: «Շատ եմ սիրում հարցազրույցներ նայել մեծ մարդկանց հետ, որովհետեւ ես շատ բան եմ սովորում: Ես շատ եմ կարդում, բայց հաղորդումների պակասը շատ եմ զգում, դրա համար էլ միշտ «Կուլտուրա» հեռուստաալիքն եմ նայում, որովհետեւ արվեստի մասին շատ ինֆորմացիա եմ ստանում»,- ասում է նա: Մարիամն իսկական բարեբախտություն է համարում այն հանգամանքը, որ ռեժիսոր Արթուր Սահակյանը 7 տարեկանում իրեն նկատել, առաջարկել է նկարահանվել «Այբբենարան» տեսաֆիլմում: «Այբբենարանի» ինը տեսաերիզներում էլ Մարիամը նկարահանվել է, բայց կարեւորը ոչ այնքան նկարահանվելն է, որքան արվեստագետների հետ շփումը: «Դե՛, քանի որ մենք էդքան հնարավորություն չունենք օպերա, թատրոն գնալու` ես էդ ճանապարհով շատ մարդկանց հետ շփվեցի ու շատ բան իմացա»:
Մարիամը շատ է սիրում մարդկանց լսել ու շատ մարդկանց լսելով կարողանում է արժեքավոր բաներ որսալ: Ներսում շատ բան է կուտակել ու վստահ է, որ կուտակած պաշարով մի օր զարմացնելու է ինչպես՝ բոլորիս, այնպես էլ՝ ինքն իրեն: