Կամավոր հանձնում են

23/03/2008

Հանրապետությունում շարունակվում է իրավապահ մարմիններին զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը:

ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից երեկ տեղեկացրել են, որ մարտի 18-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտ գտնվող աղբանոցում ինքը զենք եւ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է 1 ինքնաշեն ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի 11 եւ 9 մմ տրամաչափի 18 փամփուշտ, հակատանկային 1 ական, «ՕԳ -15Պ» տիպի եւ «Ֆ-1» տիպի 3-ական նռնակ, «ՊԿԳ ՏԳ-45» տիպի 2 նռնակ` մեկը գլխիկով, նռնակի 3 պայթուցիչ՝ փականով, եւ գնդացրի դատարկ 1 պահունակ: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը ե/գ «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նշված կայարանի սպասասրահի մուտքի մոտ տեղադրված աղբարկղում ինքը զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 7,65 մմ տրամաչափի 29 եւ 5,45 մմ տրամաչափի 35 փամփուշտ: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ահարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ` երկաթյա ճաղերի տակ, ինքը զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նռնակի 5 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, ինքնաձիգի 3 պահունակ, 5,45 մմ տրամաչափի 378 եւ 7,62 մմ տրամաչափի 140 փամփուշտ: Կատարվում է հետաքննություն: Մարտի 18-ին Ոստիկանության Արտաշատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մարքսի փողոցում գտնվող երաժշտական դպրոցի կիսակառույց շինության մոտ ինքը զենք եւ զինամթերք է թողել: Օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարը ջնջված, կարճեցված փողով եւ խզակոթով 16 տրամաչափի որսորդական հրացան եւ 5,45 մմ տրամաչափի 553 փամփուշտ: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը Ոստիկանության Արարատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտաքար-Ուրցաձոր ճանապարհին` առվի մեջ, ինքը զենք եւ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 31 եւ 7,62 մմ տրամաչափի 309 փամփուշտ ու ինքնաձիգի 6 պահունակ: Կատարվում է հետաքննություն:

Մարտի 18-ին, ժամը 12:00-ին, անհայտ քաղաքացուց Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում գտնվող կիսակառույց շենքում ինքը զենք եւ զինամթերք է թողել: Նշված վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն 1 ինքնաձիգ՝ դատարկ պահունակով եւ «ՌԳԴ- 5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրն անհայտ քաղաքացուց Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Արզնու թիվ 1 առողջարանի մոտ գտնվող չգործող թեյարանի սենյակներից մեկում ինքը զենք է թողել: Նշված վայրում հայտնաբերվել է գործարանային համարն աղավաղված «ԱԿ» տիպի ինքնաձիգ եւ ինքնաձիգի 1 պահունակ: Կատարվում է հետաքննություն: