Է հե՜յ

23/03/2008

Երեւի բոլորն էլ կհիշեն «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դրվագը, երբ քննիչը (Սոս Սարգսյան) հարցաքննում է Իշխանին (Մհեր Մկրտչյան)։ Ու սենյակից դուրս գալիս, Իշխանը, չկարողանալով զսպել հիասթափությունն ու ինչ-որ տեղ՝ նաեւ զարմանքը, ասում է. «Է հե՜յ»։ Այսինքն՝ մեր դարդ ու ցավը, քո անիմաստ զբաղմունքը։

Երեկ ոմն Աշոտ Խաչատրյան (իր խոսքերով՝ «Miss & Mister» բարեգործական հիմնադրամի նախագահ) ինչ-որ կոչ-հայտարարություն է տարածել՝ տարբեր կազմակերպություններին կոչ անելով չհամագործակցել «3 Միլիոն» ամսագրի հետ։ Ասում է՝ խախտել ենք իր հեղինակային իրավունքները, հասարակությանը մոլորեցրել եւ այլն։ Պարզվում է՝ «3 Միլիոնի» էջերում մանուկների ֆոտոմրցույթ անցկացնելով՝ մեծ մեղք ենք գործել ու կոտրել փխրուն մի սիրտ։ Իսկ անձամբ ես, ստացվում է, գիշերները չեմ քնում՝ մտմտալով՝ ի՞նչ խարդախություններ անեմ, որ իմ «անձնական շահադիտական նպատակներին» հասնեմ՝ ընդ որում, միայն այս մարդու հաշվին։ Ասում է՝ դատի եմ տվել։ Լավ է արել։ Մենք անհամբերությամբ, հաճույքով եւ սրտի մեծ թրթիռով սպասում ենք դատարանի ծանուցագրին (որը դեռ չկա), եւ առայժմ չենք մեկնաբանում վիրավորանք, վարկաբեկիչ արտահայտություններ ու ակնհայտ զրպարտություն պարունակող նրա հայտարարությունը։

Հետո՝ երբ բանը դիվանբաշուց կանցնի, ավելի մեծ հաճույքով կանդրադառնանք սույն բարեգործական հիմնադրամի բարեգործություններին ու ոչ միայն։ Եթե, իհարկե, ժամանակ ու ներվեր ունենանք։ Որովհետեւ չենք ուզում ինչ-որ մեկի անվճար PR-ն անել ու, որովհետեւ, մենք, ի տարբերություն «Մենք ենք, մեր սարերի» քննիչի՝ զբաղված մարդիկ ենք, մեր գործն ենք անում ու կանենք դեռ երկար-երկար ժամանակ։

Իսկ այս ամենին կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, որովհետեւ, ինչպես ասում է ժողովուրդը, մախաթը պարկում չես թաքցնի՝ հայերը մեկը մյուսին լավ են ճանաչում՝ թե՛ մեզ, թե՛… Ուղղակի այս կոչ-հայտարարությունը մեր տրամադրությունն այնքան բարձրացրեց, որ էմոցիաները զսպելը դժվար էր։ Հուսով եմ՝ մեր բոլոր գործընկերներն այս կոչը ստացել են, ու նրանց տրամադրությունն էլ է մի փոքր բարձրացել՝ վերջին շաբաթների անտրամադիր ֆոնի վրա։ Այնպես որ՝ շնորհակալություն եւ հաջողություն։

Ամենաջերմ ցանկություններով՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ