Օրերը սկսում են երկարել, արեւի ճառագայթներն ավելի են ջերմացնում, եւ թվում է՝ մարդու օրգանիզմը բնության այս երեւույթներին պետք է շատ դրական արձագանքի, բայց տեղի է ունենում հակառակը: Մարդը սկսում է տառապել հոգնածության զգացումից:
Գարնանային հոգնածության սինդրոմը տկար զգալու շատ տարածված ձեւ է: Հիմնական ախտանիշներն են` աշխատունակության ցածր մակարդակը, գերհոգնածությունը, ուժի անկումը, նեւրոզները, անքնությունը եւ տարբեր քրոնիկական հիվանդությունների սրացումը: Սրանց առաջացման պատճառները մասնագետների համար ակնհայտ են: Գարնանային գեղեցիկ տրամադրությունը զգալուն խանգարում են մեր շրջապատում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները: Մթնոլորտային ճնշման տատանումները, ջերմաստիճանի իջեցումն ու բարձրացումը մեր օրգանիզմում առաջացնում են մի վիճակ, որը բժիշկներն անվանում են դեսինքրոնոզ վիճակ: Հենց այդ բիոլոգիական ժամերն են կարգավորում սրտի, ստամոքսի, թոքերի ու ուղեղի աշխատանքը: Այնքան էլ հեշտ չէ այս ամենը տեղափոխել գարնանային եղանակ, հատկապես, երբ ամառային ժամերին անցնելիս մարդու քնից 1 ժամ պակասում է:
Գարնանային հոգնածության հաջորդ պատճառը հիպովիտամինոզն է` մեր օրգանիզմում նյութափոխանակության խթանիչ հանդիսացող վիտամինների ոչ բավարար քանակությունը: Արդեն ձմեռ անցկացրած մրգերի ու բանջարեղենների մեջ գրեթե վիտամիններ չեն մնում, իսկ այն պաշարները, որ մենք հավաքել ենք ձմեռվա համար, վաղուց արդեն օգտագործված են լինում գրիպի կամ այլ վիրուսային հիվանդությունների դեմ պայքարելու համար: Եվ, բացի այդ, գարնանը մեր օրգանիզմում նյութափոխանակության հաճախականությունը շատ ցածր տոկոս է կազմում: Այս կամ այն վիտամինի դեֆիցիտի մասին մասնագետները դատում են պացիենտի տեսքից կամ գանգատներից: Թուլությունը, գլխապտույտները, գերհոգնածությունն ու ցածր դիմադրողականությունը խոսում են վիտամին C-ի պակասի մասին (ասկորբինաթթու): Մաշկի չորությունը, խամրած մազերը, փխրուն եղունգները վիտամին A-ի պակասի խնդիր է: Վիտամին B6-ի պակասն առաջացնում է քնի խանգարում, նյարդային լարված վիճակ եւ ախորժակի կորուստ: Իսկ ահա սրտխփոցի, շնչարգելության ու մկանային թուլության պատճառ կարող է հանդիսանալ վիտամին B1-ի պակասը:
Եթե կարելի է համարել հիվանդություն, ապա այս հիվանդության ռիսկի խումբ են համարվում մեգապոլիսների բնակիչները, հատկապես տարեց մարդիկ: Այս օրերին հատկապես շատ ավելի բարդ է հղիների ու քրոնիկական հիվանդություններ (հիպերտոնիա, ստամոքսի խոց, ռեւմատիզմ, շաքարային դիաբետ, բրոնխիալ ասթմա) ունեցողների վիճակը, քանի որ եղանակի փոփոխություններն ու վիտամինների պակասը առաջին հերթին հարված են օրգանիզմի ամենաթույլ օղակի համար: Պրովոկացիոն պատճառ կարող են հանդիսանալ այն ամենը, ինչը կարող է խախտել կյանքի սովորական ընթացքը: Բավական է հուզվել, սնվելու ու քնելու կարգը խախտել, հիվանդագին պոռթկումներն անխուսափելի են:
Նման դեպքերի պրոֆիլակտիկայի եւ բուժման առաջին եւ գլխավոր պայմանը քունը կարգավորելն է: Գարնանային հոգնածության ժամանակ, գոնե 1 ժամ ավելի պետք է քնել, քան մինչեւ ամառային ժամանակի անցնելն էր, այն էլ, եթե հնարավոր է՝ օրինակ, բաց օդանցքով: Գարնանը մաքուր օդում պետք է լինել հնարավորինս շատ, գոնե 2 ժամ: Այս եղանակին շատ ճիշտ կլինի օգտագործել վիտամինային կոմպլեքսներ, հատկապես նրանք, որոնք ավելի հարուստ բաղադրություն ունեն: Իհարկե, անպայման չէ գլխացավերից, անքնությունից, օրգանիզմի խարամներից ազատվելու եւ ուժերը վերականգնելու համար դիմել ուժեղ ազդեցություն ունեցող դեղերին: Ավելի մեծ նշանակություն ունի առողջ ապրելակերպը: Ուղղակի պրոֆիլակտիկայի համար կարելի է օրգանիզմը մաքրել խարամներից շատ պարզ ու բոլորին հասանելի միջոցներով: Ահա, օրինակ, հասարակ պրոցեդուրա կիտրոնով. 1 բաժակ տաք ջրի մեջ լցնել բաժակի 1/3-ի չափով կիտրոնի հյութ: Խմել այն առավոտյան ժամը 7-9-ն ընկած ժամանակահատվածում` փոքրիկ կումերով: Հետո պառկել փորի վրա եւ աջ կողատակին դնել տաք ջերմակ (չՐպսՍՈ): Այդպես պառկել 1-2 ժամ ու հետեւել, որ ջերմակը միշտ տաք լինի: Այս պրոցեդուրան կրկնել օրումեջ` 10 անգամ: Այդ օրերի ընթացքում կարելի է խմել անթառամից, կալենդուլայից կամ եգիպտացորենի թելիկներից պատրաստված թեյ: Կիտրոնի օգնությամբ օրգանիզմը կարելի է մաքրել լորձից: 150գր քերած ծովաբողկին ավելացնել 2-3 կիտրոնի հյութ: Այս խառնուրդն ընդունել օրը երկու անգամ, 1/2 թեյի գդալ, անոթի վիճակում: Այն օգնում է ազատվել տարբեր տեղերում հավաքված լորձից, ամենակարեւորը` չվնասելով լորձաթաղանթը:
Հոդերի մաքրում
5գր դափնու տերեւը 300գր ջրով 5 րոպե եռացնել, հետո 3-4 ժամ թողնել թերմոսում: Թուրմը քամել եւ կում-կում խմել 12 ժամվա ընթացքում: Ամբողջը միանգամից խմել չի կարելի, որովհետեւ հնարավոր է ստամոքսի լորձաթաղանթը վնասել: Պրոցեդուրան անել 3 օր հետո, կրկնել 1 շաբաթ հետո: Այն ազատում է հոդերն աղերից, եղանակի հետ կապված ցավերից ու հոգնածությունից:
Իսկ ահա արյունը մաքրող առաջատարի դերը պատկանում է եղինջին: Եղինջը նպաստում է արյան հեմոգլոբինի բարձրացմանը, մաքրում է օրգանիզմը խարամներից ու լավացնում ներքին օրգանների գործունեությունը: Այն աճում է հենց այն ժամանակ, երբ հալվում է ձյունը, այսինքն՝ երբ մեր օրգանիզմը շատ վիտամինի կարիք ունի: Շատ օգտակար են եղինջից պատրաստված կերակրատեսակները:
Շատ լավ պրոֆիլակտիկ միջոցներ են բուսական ադապտոգենները թուրմերը: Սրանք կարելի է օգտագործել օրը 2-3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ կամ ուտելուց 4 ժամ հետո: Վիտամինային թուրմեր ու մզվածքներ կարելի է պատրաստել տնային պայմաններում: 1 ճաշի գդալ մասուրի պտուղները լվանալ սառը ջրով, այնուհետեւ վրան լցնել 0,5 լիտր ջուր, եռացնել կափարիչը փակ ամանով 10 րոպե, ապա 1 ժամ թրմել ու քամել: Ստացված թուրմին ըստ ճաշակի կարելի է ավելացնել մեղր, շաքար կամ ինչ-որ հատապտուղային օշարակ: Խորհուրդ է տրվում խմել երեխաներին ու մեծերին կես բաժակից՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Վիտամինի պակասի դեպքում շատ օգտակար է բուժական թեյը՝ պատրաստված հավասար քանակությամբ հետեւյալ բույսերից` դաղձ ուրց, սուսամբար, արեւքուրիկ, ծաղկած կամ չհասած մորու պտուղներ, սովորական արոսի` սնձի պտուղներ, սեւ հաղարջ եւ գետնամորի: Այն պետք է խմել 1 բաժակից օրը 3 անգամ: Մասնագետները գտնում են, որ տարվա այս եղանակին պետք է շատ ուտել սովորական կաղամբ: Հատուկ թթուների շնորհիվ այն ամենալավն է կարգավորում նյութափոխանակության խանգարումը: Շատ օգտակար են նաեւ սոխն ու սխտորը: Բանջարեղենն ավելի լավ է ուտել հում վիճակում, որովհետեւ եփած վիճակում դրանք կորցնում են իրենց օգտակարության մոտավորապես 70-80 տոկոսը: Իսկ ահա խնձորի վիտամինները պահելու համար ավելի լավ է դնել ջեռոցում:
Վիտամիններ պետք է ընդունեն նրանք, ովքեր շատ քիչ են օգտագործում միրգ ու բանջարեղեն, ծխում կամ շատ են օգտագործում ալկոհոլ, անցել են 50 կգ-ի շեմը, շատ դիետաներ են փորձել, հաճախակի են դիմում այս կամ այն դեղամիջոցի օգնությանը, հաճախ սթրեսի մեջ են ընկնում, կերակրող մայրերն ու, վերջապես, մարդիկ, որ ապրում են մեծ քաղաքներում:
Քարեր տարբեր խոռոչներում
Այն մարդիկ, ովքեր անընդհատ օգտագործում են պոլիվիտամիններ, մեծացնում են իրենց օրգանիզմում քարերի առաջանալու վտանգը: Որպեսզի խուսափենք այս վտանգից, գիտնականները խորհուրդ են տալիս. 5-7 օր վիտամիններ ընդունելուց հետո 2-3 օր ավելացնել օգտագործվող հեղուկի քանակը՝ հասցնելով մինչեւ 2 լիտրի` մի մասով պատրաստելով միզամուղ թուրմեր: Հետո 5-7 օր հանգիստ թողնել` առանց վիտամինների ու հեղուկի ավելորդ քանակության: Սա կրկնել 3-4 անգամ`երիկամները լվանալու նպատակով: