Ինչ ունենք ու ինչ չունենք թատրոնում

23/03/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Գարնանային օրերի ընթացքում Երեւանում անցկացվեց «2007 X» թատերական փառատոնը, որի ընթացքում ցուցադրվեցին վերջին ժամանակներում բեմադրված 8 ներկայացումներ։ Այդ փառատոնը, որը սոսկ հայկական հնչերանգ ուներ, նպատակ էր դրել իր առջեւ՝ յուրահատուկ թատերական ստուգատես իրականացնել, ինչպես ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ «ցանկություն կար շոշափել թատերական դաշտը ներքեւից՝ դրամատուրգիայից սկսած, վերեւով՝ ռեժիսորներով ու դերասաններով վերջացրած»։

Ցուցադրվեցին Վահան Բադալյանի «Օֆելյայի ստվերների թատրոնը», Սուրեն Շահվերդյանի «Լիբիդո կամ մեր ծնողների նեւրոզները», Ռուբեն Բաբայանի «Ակ-Ակ», Լուսինե Երնջակյանի «Փնտրվում է տղամարդ», Արմեն Էլբակյանի «Չե՞ս պարի ինձ հետ», Դավիթ Հակոբյանի «Անուշ», Յուրի Կոստանյանի «Դեւը» մնջախաղային եւ Նարինե Գրիգորյանի՝ Մարինա Ցվետաեւայի բանաստեղծությունների հիման վրա արված ներկայացումները։ Այդ փառատոն-ստուգատեսը փորձում էր հանդիսատեսին հիշեցնել թատրոնի գոյության փաստի մասին։ Բոլոր մասնակիցներն են նշում, որ հաճախ հանդիսատեսը պարզապես տեղյակ չի նոր ներկայացումների մասին։ Նոր ներկայացումների ստեղծման փաստի վրա ուշադրություն հրավիրելու ցանկությունը շատ ողջունելի է, քանի որ, այնուամենայնիվ, թատրոնն իր տեղն է որոնում հասարակական կյանքում, իսկ թատրոնում լռությունը երկար տեւել չի կարող, այն անպայման խախտվելու է։ Եվ խախտվելու է երիտասարդ մասնագետների թեթեւ ձեռքով։ Արդեն իսկ մրցակցության նշույլներ են զգացվում։ Թեեւ զարմանալի էր, որ «ակնառու» ռեժիսորներից շատ քչերին կարելի էր հանդիպել ներկայացումների դիտումներին։ Չկար նաեւ Թատերական գործիչների միության նախագահը։

Թատրոնը թեեւ հասարակական անցուդարձին ամենաարագ արձագանքող արվեստի ճյուղերից է, սակայն նաեւ ամենախոցելին է, քանի որ երբ ընդհատվում է բեմի վրա ընթացող բնականոն պրոցեսն ու թատրոնի մասնագետների սերնդափոխությունը, թատրոնը թարմ ու հրատապ ներկայացումներ չի կարողանում ծնել, փոխարենը՝ խորը նիրհի մեջ է սուզվում։ Կարող են մեկ կամ երկու լավ ներկայացումներ ստեղծվել, սակայն թատրոն ունենալու համար դա բավարար չէ։ Մեր մայրաքաղաքի թատերական հարթակները յուրատեսակ մենաշնորհի պայմաններում են աշխատում։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարները պատրաստակամությամբ չեն հրավիրում երիտասարդ ռեժիսորների եւ շահագրգռված չեն էքսպերիմենտներ անել ոչ միանշանակ, բայց հրատապ թեմաների շուրջ։ Բոլոր թատրոններն էլ աշխատում են խորհրդային մոդելով՝ ստեղծելով խաղացանկային թատրոն, որը ծնվում է հիմնականում դասական դրամատուրգիայի ու թատերախմբերում ընդգրկված հաստիքային դերասանների ուժերով։ Իհարկե, լինում են նաեւ բացառություններ։ Դժվար է պատկերացնել, թե որքան ուժ ու նվիրում է պահանջվել Վահան Բադալյանից՝ փոքր բեմում առանց պրոֆեսիոնալ դերասանների շատ պրոֆեսիոնալ ներկայացում բեմադրելու համար։ Կամ էլ ինչպիսի դժվարությունների է հանդիպում փորձեր անելու հնարավորություն չունեցող Մնջախաղի թատրոնը։ Երիտասարդները բեմ չունեն, եւ դրանից բխում է նաեւ գաղափարների պակասը։ Կամ էլ՝ հակառակը։ Երիտասարդ ռեժիսորներին բեմ է վստահվում հիմնականում այն ժամանակ, երբ նրանք գեղարվեստական ղեկավարների զավակներն են։ Այս փառատոնում երկու ներկայացում կար, որի հեղինակները «գլխավորների» զավակներն են. Լուսինե Երնջակյանը Կամերային թատրոնում ներկայացրեց իր դեբյուտը՝ «Փնտրվում է տղամարդ» բեմադրությունը, իսկ Սուրեն Շահվերդյանը Սունդուկյանի անվան թատրոնում ցուցադրեց իր «Լիբիդո կամ մեր ծնողների նեւրոզները» ներկայացումը։ Այդ երկու ներկայացումների հիմքում «ամուր» պիեսներ են, որոնք ունեն իրենց թեման ու նշանակետը։ Լ.Երնջակյանը շատ դինամիկ ու կրքոտ ներկայացնում է միայնակության ու սիրո որոնման հավերժական թեման։ Գլխավոր հերոսուհին փորձում է խաբել ինքն իրեն, հետո ազատվել այդ խաբկանքից, ուզում է հասկանալ՝ կարելի՞ է արդյոք սիրո մեջ հանգիստ գտնել։ Իսկ միայնակ որսորդ-տղամարդը ուզում է հասկանալ, կարելի՞ է մեկ անգամ «այրվելուց» հետո էլ, նորից սիրո առջեւ բացել սիրտը։ Ներկայացումը հաջող դեբյուտ էր, որը ցուցադրեց գլխավոր դերակատարների լավագույն կարողությունները։ Սակայն, երբ բոլորը ողջունում էին ռեժիսորին ու ասում, որ նա կայացած բեմադրիչ է ու իր թատրոնն է «կառուցում» արդեն իսկ կայացած թատրոնի պատերի ներքո, ակամայից տարակուսում ես. արդյոք 20-ամյա ռեժիսորն ունակ կլինի՞ դա անել, եւ արդյոք նա կկարողանա՞ աշխատել այլ թատրոններում։ Իսկ Սուրեն Շահվերդյանի ներկայացումը նախատեսված էր ռումբի պայթյունի նման աղմուկ հանելու համար։ Թեման էր սուր ու «գոտկատեղից ներքեւ», քանի որ խոսքը գնում էր արտառոց ու հիվանդագին ներաշխարհ ունեցող հերոսուհու մասին, ով մտորում է սեքսի անթույլատրելիության մասին։ Ամուր կառուցվածք ունեցող ու համարձակությունը հազիվ զսպող այդ բեմադրությունը տարօրինակ էր նայվում Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, որտեղ երբեք նման բան պատկերացնել չէին կարող նույնիսկ ամենահամարձակները։ Զուտ հետաքրքրությունից դրդված կարելի է առաջարկել Մայր թատրոնի ղեկավարին՝ բեմադրություն անելու հրավիրել Լուսինե Երնջակյանին, իսկ Արա Երնջակյանին էլ համոզել, որ Սուրեն Շահվերդյանը հենց Կամերայինում կարող է լավ ներկայացում անել։ Դա փոքր լիրիկական զեղում էր։ Ամեն դեպքում, այդ երկու ներկայացումները հաջողված էին։ Իսկ փառատոնի լավագույն ներկայացումներից էր Աննա եւ Արմեն Էլբակյանների ստեղծագործությունը, որի մասին շատ երկար կարելի է խոսել։ Բայց՝ արդեն հաջորդ անգամ։

Քննարկումներն ու քննիչները

Փառատոնը, որի կազմակերպիչները Մշակույթի նախարարությունը եւ Ազգային ստեղծագործական թատերական միությունն էին, նաեւ մեկ այլ ուշագրավ գաղափար ուներ. ցանկանում էր քննարկումների միջոցով հասկանալ՝ որքան ամուր ու հեռանկարային է ներկայացում-թատերագիտություն-հանդիսատես կապը։ Յուրաքանչյուր բեմադրությունից հետո մի խումբ թատերագետներ, ուսանողներ ու ակտիվ հանդիսականներ փորձում էին իրենց տեսածի մասին խոսել, հարցեր տալ ստեղծագործողներին ու իրենց գիտելիքները ցուցադրել։ Շատ ողջունելի նախաձեռնություն է, որը գուցեեւ մի քանի տարի փորձարկվելով՝ կտա իր «պտուղները», իսկ այս՝ առաջին անգամ շատ տարակուսելի տպավորություն է թողնում։ Երիտասարդ թատերագետները խոսելու ու իրենց խոսքը մատուցելու, տեղ հասցնելու ու ճանապարհին չմանրանալու մեխանիզմներին լավ չեն տիրապետում։ Եվ դա բնական է, քանի որ նրանք ելույթների հարթակ չունեն։ Խորհրդային տարիներին Թատերական ինստիտուտում լավ ավանդույթ կար, ուսանողներն այցելում էին յուրաքանչյուր ներկայացման նախապրեմիերային ցուցադրմանն ու քննարկում էին այն։ Իսկ գլխավոր ռեժիսորներն էլ լսում էին նրանց։ Դա լավ առիթ էր ուսանողներին՝ իրենց կողքից լսելու ու գնահատելու համար։ Այդ ավանդույթն այլեւս չի գործում, փոխարենը՝ ի հայտ են եկել երկու շատ ակտիվ ու հավակնոտ երիտասարդ թատերագետներ, որոնք, ճիշտ այնպես, ինչպես թատրոնների գեղարվեստական ղեկավարներն են «սեփականաշնորհել» իրենց ղեկավարած թատրոնների բեմերը, այնպես էլ սեփականաշնորհել են ելույթ ունենալու ու կարծիք հայտնելու իրավունքը։ Համենայնդեպս, բոլոր քննարկումների ժամանակ կարելի էր լսել նրանց վերին ճշմարտություն համարվելու հավակնություն ունեցող կարծիքները, որոնք շատ նման էին խորհրդային տարիների կոմսոմոլային ակտիվիստների ճառերին։ Նույնքան ինքնավստահ ու ամբողջական էին։ Խոսվում էր «մեծ թատերական ընտանիքի», «միմյանց անբռնազբոս խոհեր հաղորդելու», «թատերական բարձրարվեստ մթնոլորտ ձեւավորելու» մասին։ Քննարկումները ցույց տվեցին, որ նույնիսկ այն ժամանակ, երբ քննարկելու նյութ կա, քննարկում չի ստացվում։ Երկու կողմերն էլ (ստեղծագործողներն ու գնահատողները) պատրաստ չեն երկխոսության։ Որպես կանոն՝ թատերագիտական միտքը նույնքան թույլ է, որքան եւ բեմադրությունների հնչեղությունը։ Ռեժիսորները չեն ցանկանում քննադատություն լսել, շատերն այն ոչ տեղին ու ոչ հիմնավոր են համարում՝ համոզված լինելով, որ իրենց արածը հասկացող թատերագետ չկա։ Յուրաքանչյուր քննադատություն անհանդուրժողականությամբ է ընդունվում, իսկ յուրաքանչյուր քննադատող ցանկանում է կամ շատ քննադատել, կամ էլ գովեստի խոսքեր շռայլել, այդպես ինքն իր աչքում բարձրանալով։

Համենայնդեպս, կարծիք էր ստեղծվում, որ նոր մեկնարկած քննարկումների ավանդույթը դեռ չի գտել իր ֆորման ու իր անցկացման ձեւը, քննարկումները ժամանակ առ ժամանակ կախվում էին օդում կամ էլ վերածվում էին անհիմն փառաբանման։ Իրավիճակը փրկում էին թատրոնում ու թատրոնով իրապես ապրած մարդիկ, ստեղծագործողները, որոնք գիտեն՝ ինչի համար կարելի է թատրոն գալ, եւ ինչ արժեք ունի բեմի վրա թափված քրտինքը։ Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը մի քանի անգամ շեշտեց, որ լավ ներկայացումն այն ներկայացումն է, որը «գրգիռ է առաջացնում», թափանցում է հանդիսատեսի սիրտը, շատ համակրելի ու սիրելի Արմեն Էլբակյանը ցանկացած թատերագետից էլ ավելի լավ կարող էր վերլուծել ներկայացման թույլ եւ ուժեղ կետերը։ Ռեժիսոր Ժիրայր Դադասյանը նկատեց, որ հիմա գալիս է դերասանների ու ռեժիսորների ռեալ սելեկցիայի ժամանակը։ Դերասան ու «ՀայՖեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն էլ լավատեսորեն նշեց, որ մտքերի մրցակցությունն անպայման որակի կհանգեցնի։

Փառատոնն իսկապես լավատեսության աղբյուր է հանդիսանում, մանավանդ, երբ տեսնում ես, թե որքան հետեւողական ու համբերատար է Մշակույթի նախարարը, ով բոլոր քննարկումներին ներկա էր (մի քանի անգամ թատրոն այցելեց նաեւ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանը) ու ուշադրությամբ լսում էր նույնիսկ ամենաանհեթեթ ու վեհաշունչ մտքերը։ «Պետք է հասկանանք՝ ինչ ունենք, եւ ինչ է սպասում հանդիսատեսը»,- փառատոնի մեկնարկից առաջ նկատել էր նախարարը։ Կարծես թե փառատոնի ավարտից հետո էլ այդ հարցերը պատասխան չստացան, քանի որ ամեն ինչ էլ պետք է։ Պետք են լավ պիեսներ, լավ դերասաններ, ազատ բեմեր ու, ամենակարեւորը՝ ազատ հասարակություն, որը բեմում կտեսնի այն հարցադրումները, որոնք իրեն հուզում են։ Առաջարկությունների ու գաղափարների համար բավականին լայն դաշտ է ստեղծվել, նախարարությունը նույնիսկ խոստացել է նամակների հատուկ բաժին բացել։ Միգուցե դա արդյունք կտա, եւ հաստատուն տեղ գրաված ու «հոգնած» բեմադրություններ անող ռեժիսորները կհասկանան, որ իրենց «նեղող» բանակն ավելի ազատ ու ոչ պակաս պրոֆեսիոնալ է, եւ դիմակայելու միակ միջոցը նրանց հետ մրցելն է։