«Այս պահի դրությամբ ՀՀ նախագահը որեւէ մտադրություն չունի արտակարգ ռեժիմի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ գործող նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` հավելելով, թե մարտի 1-ից մինչ օրս արտակարգ դրության որեւէ խախտում չի արձանագրվել: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ տարբեր պաշտոնյաների հնչեցրած մտահոգություններին, Վ. Սողոմոնյանն ասել է, թե «ՀՀ իշխանություններն արել են ամեն ինչ ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայկական ժողովրդավարությունը ամբոխավարությունից ու ծայրահեղականությունից պաշտպանելու համար: Սրա մասին տեղյակ են նաեւ ԱՄՆ-ում»։ Նա ավելացրել է, թե նման, երբեմն էլ՝ անթույլատրելի մեթոդներ հանուն ժողովրդավարության օգտագործվել են հենց ԱՄՆ-ի կողմից՝ Իրաքյան պատերազմի ժամանակ: Ինչ վերաբերում է Մեթյու Բրայզայի հայտարարություններին, Վ. Սողոմոնյանն ասել է, թե ինքը զարմանքով է ծանոթացել այն արտահայտություններին, որոնք արել է Մ. Բրայզան Հայաստանից գնալուց հետո, քանի որ դրանք, ըստ նրա` համադրելի չէին ՀՀ նախագահի հանդիպման ժամանակ Մ.Բրայզայի արտահայտած տեսակետների հետ: Հարցին էլ, թե ի՞նչ են անելու իշխանությունները հասարակության մեջ առկա բեւեռացումը վերացնելու նպատակով, նա պատասխանել է, թե ճիշտ կլինի այդ հարցն ուղղել գործող վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: