«Մաքս գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մարտի 4-ին ԱԺ իր 4 գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը մասնակցել է իր խղճի թելադրանքով: Հիշեցնենք, որ այդ օրը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ: «Կո՞ղմ եք քվեարկել, թե՞ դեմ» հարցին Խ. Մանուկյանը պատասխանել է. «Ես քվեարկել եմ իմ խղճով»: Իսկ ի՞նչ է թելադրել պարոն Մանուկյանի խիղճը, եւ արդյո՞ք պատգամավորը նույն թելադրանքով կքվեարկեր, եթե դրված լիներ նաեւ իրեն կալանավորելու հարցը: «Նորից եմ ասում` ես քվեարկել եմ խղճով»,- կրկնել է Խ. Մանուկյանը: