Անանուն բաժնետերեր

13/05/2005

Մեր պետական մարմինների հետ առնչվելիս եւս մեկ անգամ համոզվում ենք, որ
կառավարման համակարգում դեռեւս պահպանվում են խորհրդային տարիների
բյուրոկրատական կանոնները: Դիմում ես որեւէ գերատեսչության՝ որեւէ հարցի
պարզաբանման ակնկալիքով, այնտեղից պատասխանում են՝ ընդամենը պատասխանելու
համար: Իրականում նրանք ավելի շուտ աշխատում են հարցերը «ցրելու»
սկզբունքով: Հերթական նման պատասխանը խմբագրությունը ստացել է Պետական
գույքի կառավարման վարչությունից: Մեր թղթակիցը նամակով դիմել էր այս
գերատեսչությանը՝ խնդրելով պատասխանել, թե ովքեր են Էջմիածին քաղաքի մի
քանի մասնավորեցված գործարանների սեփականատերերը: Խնդիրն այն է, որ
Էջմիածնի «Ռեզիստոր», «Ռաստր», «Էլեկտրոն», «Պլաստմասսա» եւ
«Սարքաշինական» գործարանները տարբեր տարիների սեփականաշնորհվել են եւ
ներկայումս չեն աշխատում: Այս գործարաններում չի եղել որեւէ մեկը, որը
կկարողանար տեղեկատվություն տրամադրել մեր թղթակցին: Էջմիածնի
քաղաքապետարանում նույնպես չեն կարողացել գտնել այս ձեռնարկությունների
սեփականատերերի կոորդինատները: Եվ ահա, մեր հարցմանն ի պատասխան, թե ովքեր
են նշված գործարանների սեփականատերերը, Պետական գույքի կառավարման
վարչությունն ընդամենը տեղեկացրել է, թե կառավարության որ որոշումներով եւ
որ թվականներին են սեփականաշնորհվել այս գործարանները: Պատասխան նամակում
Պետգույքի կառավարման վարչությունը հայտնել է նաեւ, թե նշված
գործարաններից որը որքան բաժնետեր ունի, սակայն որեւէ կոնկրետ անուն չի
ներկայացրել, պատճառաբանելով, թե «սեփականատերերի անունների հրապարակումն
օրենքով չի թույլատրվում»:

Իսկ Էջմիածնում այս գործարանների իրական սեփականատերերի տարբեր անուններ
են շրջանառվում: Մասնավորապես, ըստ խոսակցությունների, «Ռեզիստոր»
գործարանը պատկանում է էջմիածինցի ոմն Յուրա Աթոյանի, «Ռաստրը»՝ Հովիկ
Զաքոյանին՝ Երեւանից, «Էլեկտրոնը»՝ գեներալ Գագիկ Մելքոնյանին,
«Սարքաշինականը»՝ էջմիածինցի գող Պիպոյին, իսկ «Պլաստմասսան»՝ ինչ-որ
հնդիկի:

Այնուամենայնիվ, ստորեւ ներկայացնում ենք Պետգույքի կառավարման
վարչությունից Ա. Մարկոսյանի պատասխանը. «Ձեր 04.04.2005թ. գրության
կապակցությամբ հայտնում ենք, որ Էջմիածնի «Ռեզիստոր» գործարանը
մասնավորեցվել է ՀՀ կառավարության 11.09.1995թ. N158 որոշմամբ, «Ռաստր»
գործարանը` 12.12.1995թ. N108, «Էլեկտրոն» գործարանը` 04.04.1997թ. N67,
«Պլաստմասսա» գործարանը` 23.04.1995թ. N228 եւ «Սարքաշինական»
գործարանը`16.10.1995թ. N54 որոշմամբ։ Վերջիններս բոլորն էլ մասնավորեցվել
են բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ։ Միաժամանակ հայտնում ենք, որ
բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ժամանակ ոչ մի նախապայմաններ օրենքով
չեն սահմանվում եւ բաժնետոմսերի թիվը ձեւավորվում է բաժանորդագրության
արդյունքում։ Վերը նշված ընկերությունների բաժնետերերի թիվը
համապատասխանաբար կազմում է՝ Էջմիածնի «Ռեզիստոր» գործարան՝ 1001
բաժնետեր, «Ռաստր» գործարան՝ 1903 բաժնետեր, «Էլեկտրոն» գործարան՝ 576
բաժնետեր, «Պլաստմասսա» գործարան՝ 518 բաժնետեր եւ «Սարքաշինական»
գործարան՝ 614 բաժնետեր, իսկ նրանց սեփականատերերի անունների հրապարակումն
օրենքով չի թույլատրվում։

Ինչ վերաբերում է նրանց հետագա գործունեությանը, ապա հայտնում ենք, որ ՀՀ
կառավարությանն առընթեր Գույքի կառավարման վարչության կողմից
վերահսկողություն չի իրականացվում»։

Սեփ. լր.