Արտահերթ փոփոխություններ

19/03/2008

Երեկ Ազգային ժողովը հերթական նիստից հետո արտահերթ նիստ է գումարել եւ մինչեւ ուշ գիշեր առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ 91 կողմ, 1 ձեռնպահ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Բանն այն է, որ ԱԺ կատարած փոփոխությունները հնարավորություն են տալիս արգելել հանրահավաքները, երթերն ու ցույցերը: Օրինակ, օրենքում առաջարկված մի լրամշակման համաձայն՝ «զանգվածային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են արգելվել, եթե ըստ հավաստի տվյալների՝ դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հանրային կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը»: Օրինագծով, ի դեպ, նաեւ պարզաբանվում է, որ` «այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն ներկայացրել են պաշտոնական եզրակացություն»: Մեկ այլ փոփոխությամբ էլ` առաջարկվել է ամրագրել, որ «Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը»: Այս դրույթներն ուժի մեջ են մտնելու օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: