ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը մարտի 14-ին տված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել է իբրեւ «ողբերգություն»՝ եւս մեկ անգամ կոչ անելով Հայաստանի կառավարությանը՝ վերացնել արտակարգ իրադրությունը եւ վերականգնել մամուլի ազատությունը: Թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխության» փորձ, ինչպես որոշ վերլուծաբաններ են պնդում եւ ինչպես ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց վերջերս, բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան պատասխանել է. «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ողբերգություն է, քանի որ զոհվել են մարդիկ: Դա լուրջ հարված էր ժողովրդավարությանը: Դա կարելի է դիտարկել որպես հեղափոխություն կամ որպես լուրջ հասարակական ընդհարում»: Ըստ ամերիկացի դիվանագետի, «ընտրությունները դուրս են եկել բնականոն գործընթացի սահմաններից, եւ կարեւոր չէ, թե ինչպես են դրանք անվանվում»: «Մեծ հաշվով` նշանակություն չունի, թե ինչպես մենք կանվանենք այն: Գլխավորն այն է, որ Հայաստանն ու Ամերիկան պետք է աշխատեն համատեղ, որպեսզի վերականգնեն ժողովրդավարության զարգացումը: Կարծում եմ, դա իրատեսական է»,- ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը: Մեկնաբանելով «Ամերիկայի ձայնի» թղթակցի այն ենթադրությունը, որ Հայաստանի նոր նախագահը շարունակելու է ռուսամետ քաղաքականություն վարել, Մեթյու Բրայզան նշել է, որ Հայաստանը միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Սակայն, ըստ ամերիկացի դիվանագետի, դա այնքան էլ կարեւոր չէ ԱՄՆ-ի համար: «Մեզ համար կարեւորը Հայաստանի եւ ԱՄՆ-ի հավատարմությունն է ընդհանուր ռազմավարական շահերին եւ արժեքներին, որոնցից կարեւորագույնը ժողովրդավարությունն է: Հայաստանը բավական հաջողակ էր ժողովրդավարության առաջխաղացման բնագավառում, այդ պատճառով էլ իրավունք է ստացել մասնակցելու «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրին: Սակայն վերջին իրադարձությունները ստվեր են նետել հայկական ժողովրդավարության ամրության վրա: Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ վերականգնել մամուլի ազատությունը, վերացնել արտակարգ իրադրությունը եւ սկսել լայնածավալ երկխոսություն հասարակության հետ»,- հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, ով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, ասել է, թե մեծ տարբերություն կա ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ներկայիս ծրագրի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ներկայացված ծրագրի միջեւ: Ըստ նրա, որեւէ հիմք չկա համեմատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի ժամանակներում ներկայացված ծրագրերը: «Մենք շատ հեռուն ենք գնացել այդ պահից սկսած: Օրակարգում դրված է սկզբունքային առաջարկների մի համալիր, որ կարելի է քննարկել: Այդ առաջարկները կբերեն տարածքների վերադարձ ադրբեջանցիներին, փախստականների վերադարձ: Դա ներառում է Հայաստանը եւ Ղարաբաղը միացնող միջանցք եւ միջազգային խաղաղապահների ներկայություն: Այսինքն՝ այդ առաջարկները հիմք կհանդիսանան խաղաղ պայմանագրի համար, որը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը: Այնպես որ, օրակարգում դրված են բացառիկ եւ հիմնարար սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է կենսագործել»,- եզրափակել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: