«Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում»,- «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովի շրջանակներում կայացած «Արդյոք Եվրոպա տանող ուղին տարածվո՞ւմ է դեպի Կովկաս» խորագրով քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վերլուծելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը՝ նախարարը պարզաբանել է, որ դա հետեւանք է քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների հանդեպ հասարակության վստահության պակասի: «Երեկ՝ Վրաստանը, այսօր՝ Հայաստանը. գործուն ինստիտուտների բացակայության փայլուն օրինակներ են: Արդյո՞ք այս ամենը ժողովրդավարությունից եւ եվրոպական ուղուց շեղում է: Ոչ: Գործընթացի մեջ եղել են ցնցում, խնդիրներ, ծայրահեղություններ, մոլորություններ: Եվ ընդունեք որպես նախազգուշացում. կլինեն նորերը,- ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով,- Հետխորհրդային ժամանակաշրջանում, հետխորհրդային տարածքում, ամբողջությամբ վստահել ինստիտուտներին՝ դա է շեղումը: Այս ինստիտուտների գործունեությունն առայժմ չենք կարող ամբողջությամբ մաքրել հին մտայնություններից եւ գործելաոճից: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դա իրականություն դառնա այն մարդկանց կողմից, ովքեր ղեկավարում են այդ ինստիտուտները, եւ դեռ ավելին, ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ՝ արդյունք ամրագրելու համար նրանց շրջանում, ովքեր ազդվել են այդ նույն ինստիտուտների գործունեության հետեւանքով»: «Ինչպես մեր հետընտրական գործընթացները, Վրաստանի հետընտրական գործընթացները, վստահ եմ՝ նաեւ Ադրբեջանի գալիք գործընթացները, ցույց են տալիս, որ հասարակության վստահության բացակայությունն այդ ինստիտուտների նկատմամբ այնքան մեծ է, որ նրանք հավատում են, որ փոփոխությունները պետք է գան փողոցից,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը՝ հավելելով,- Արդյո՞ք սա դեպի Եվրոպա տանող ուղի է: Հավատում եմ, որ այո»: Հայաստանի նախագահական ընտրություններին առնչվող իրադարձությունները Վ. Օսկանյանը դրա լավագույն օրինակն է համարել: «Բոլորը նշեցին, որ առաջընթաց կար այդ ընտրություններում: Ոչ մեկը չէր ակնկալում իդեալական ընտրություններ, միայն՝ ավելի լավը: Մենք արեցինք ավելի լավը: Բայց որովհետեւ վստահության մակարդակն այնքան ցածր էր, եւ սպասումներն՝ այնքան բարձր, իսկ կարիքներն՝ այնքան հրատապ, որ ավելի լավը դեռ բավականին լավը չէր: Նրանք փողոց դուրս եկան՝ մտածելով, որ շարունակական քաղաքական հեղափոխություն նշանակում է՝ քաղաքական առաջընթաց,- ասել է Վ. Օսկանյանը՝ նշելով,- Մենք գիտենք, որ դա այդպես չէ: Մենք արդեն ունեցել ենք մեր քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունները մեր տարածաշրջանում: Ինչ չենք ունեցել՝ դա սոցիալականն է: Եվ մյուս տասնամյակում, դեպի Եվրոպա մեր ճանապարհին, մենք կգանք եւ կխնդրենք ձեզնից, որպեսզի աշխատեք մեզ հետ եւ մեզ օգնեք իրականացնելու սոցիալական հեղափոխություն. իրականացնելու մասշտաբային եւ խորքային փոփոխություններ հատկապես երկու ոլորտների միջոցով՝ զանգվածային լրատվամիջոցների եւ կրթության ասպարեզներում: Այնպես, ինչպես Եվրոպայի ուղին դեպի Եվրոպա տեւեց մեկ դարից ավելի, մերն էլ է ժամանակ պահանջելու: Բայց միասին, վստահ եմ, դա այդքան չի երկարաձգվելու»: Հայաստանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ մարտի 15-16-ը Բրյուսելում անցկացված համաժողովի շրջանակներում Վ. Օսկանյանը նաեւ հանդիպում է ունեցել Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Քննարկվել են Հայաստանում հետընտրական իրավիճակը եւ ստեղծված իրադրությունից արագ դուրս գալու ուղիները: