Նրանում, որ ետընտրական դեպքերը, մասնավորապես, մարտի 1-ի արյունալի իրադարձությունները բացասաբար էին ազդելու երկրի վրա, այդ թվում՝ տնտեսության, մանավանդ՝ արտաքին տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, ոչ ոք չէր կասկածում։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ դեպքերից մի քանի օր անց հայտարարեց, որ մտահոգություններ կան զբոսաշրջության հետ կապված. շատ զբոսաշրջիկներ, ովքեր ծրագրել էին այցելել Հայաստան, փոխել են իրենց մտադրությունը։
Երեկ այս թեմայի շուրջ լրագրողների հարցերին պատասխանում էր ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը։ Վերջինիս խոսքերով, ՀՀ այցելելուց հրաժարվել է Ֆրանսիայից 2 զբոսաշրջային խումբ, Իտալիայից` 10, Գերմանիայից` 13, ԱՄՆ-ից` 3, Ճապոնիայից, Նիդեռլանդներից եւ Դանիայից` 1-ական: Վերջին 3 երկրներից Հայաստան այցելությունները նոր են սկսվում, իսկ երկրի անկայուն քաղաքական վիճակը, Ն. Երիցյանի խոսքերով, առավել վանում է այն զբոսաշրջիկներին, ովքեր դեռ նոր են փորձում ճանաչել Հայաստանը:
Սակայն կա մի շատ հետաքրքիր հանգամանք։ Պրն Երիցյանի խոսքերից այնպես ստացվեց, որ զբոսաշրջիկների՝ այցելությունները «ՏՑոՏռ» տալու պատճառը ոչ թե բուն իրադարձություններն են, այլ դրանց լուսաբանումը. «Մարտի 1-ի անկարգությունների վերաբերյալ տարածվող սուտ եւ անհավասարակշիռ մեկնաբանություններն ու ոչ պաշտոնական տեղեկատվությունը բացասական ազդեցություն են թողել Հայաստանի ներգնա զբոսաշրջության վրա»։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Ներսես Երիցյանը նկատի ուներ ինտերնետով տարածվող տեղեկատվությունը. «Մարտի 1-ի դեպքերը ներկայացվում են միակողմանի` հատկապես ինտերնետի միջոցով»,- ձեւակերպեց նա։
Այն, որ զբոսաշրջիկներն իրոք վախենալու եւ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստան չայցելելու հիմքեր ունեն, փաստ է։ Սակայն ի՞նչն է ավելի շատ վախեցնում զբոսաշրջիկներին՝ արբանյակային հեռարձակմամբ տարածվող «Հայլուրի» կադրե՞րը (որտեղ երեւում է, թե ինչպես են խանութներ ջարդում, ոստիկան ծեծում կամ մեքենա վառում), թե՞ ինտերնետային փոքրաթիվ կայքերում տեղադրված տեսանյութերն ու ինֆորմացիան։ Նախարարն ինքն էլ նշեց, որ երկրի քաղաքական վիճակը վանում է առաջին հերթին այն զբոսաշրջիկներին, ովքեր նոր են փորձում ճանաչել Հայաստանը, առաջին անգամ են ցանկանում այցելել։ Այս պարագայում զբոսաշրջիկին չի հետաքրքրում՝ ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է պատասխան տա, եւ այլն։ Նրան հետաքրքրում է՝ բախումներ կա՞ն, թե՞ ոչ, եւ որքանով է վիճակը վտանգավոր իր առողջության համար։ Իսկ «Հայլուրով» նա տեսնում է վառվող մեքենաներ, տեսնում է, թե դեպքերից մի քանի օր անց ինչպես են լճից զենքեր հանում… Ո՞րն է զբոսաշրջիկին ավելի շատ վախեցնում։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Ն. Երիցյանը նշեց. «Նման գնահատականներ անելը հնարավոր չէ. դրանք սովորաբար հարցումներով են արվում: Բավարար ժամանակ չենք ունեցել հարցումներ անելու, կանենք` կտեսնենք: Ցանկացած տեղեկատվություն ազդում է այս երեւույթների վրա: Պետք է կարողանանք իրավիճակն անընդհատ ճիշտ ներկայացնել` մեր փողոցներում կարելի է հանգիստ քայլել, մինչեւ գիշերվա 2-3-ը սրճարաններում անցկացնել եւ այլնգ»։
Հարցրեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ եք մինչեւ հարցում անելը փաստորեն ամբողջ մեղքը գցում ինտերնետի վրա: «Ամբողջ մեղքը չեմ գցում, պարզապես ասում եմ, որ դա բացասական է ազդում: Դրանք իմ անձնական դիտարկումներն են` հիմնված դրսում ապրող բարեկամներիցս, հարազատներիցս ստացված ինֆորմացիայի վրա»:
Պրն Երիցյանի խոսքերով, զբոսաշրջության խնդրին անդրադարձել են եւ՛ ՀՀ նախագահը, եւ՛ վարչապետը, իսկ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը վիճակը շտկելու մի քանի քայլեր է ձեռնարկել։ Մասնավորապես, Հայաստանը մասնակցել է 2 տնտեսական ցուցահանդեսների Բեռլինում եւ Միլանում, «որոնց ժամանակ փորձ է արվել դիվանագիտորեն ներկայացնել իրավիճակը եւ տեղ հասցնել ճիշտ տեղեկատվությունը»: Ն. Երիցյանը համոզմունք հայտնեց, որ խնդրի լուծումը բոլորից է կախված` այդ թվում եւ լրատվամիջոցներից: Այսինքն, հայաստանյան ԶԼՄ-ները պետք է ներկայացնեն, թերեւս, այնպիսի տեղեկատվություն, որ Հայաստանում ամեն ինչ հանգիստ է, փողոցներում քայլելն՝ անվտանգ, եւ գարունն էլ մտել է իր իրավունքների մեջ։ Այլ կերպ ասած, ԶԼՄ-ի համար խնդիրը հանգում է հետեւյալին՝ ցույց տա՞լ վառվող մեքենա, թե՞ ցույց չտալ։ Միամիտ ընթերցողին կարող է թվալ՝ բայց ի՞նչ խնդիր կա, մեր կառավարությունը կարող է հեռուստաընկերություններին հրահանգել ավելի բարի բաներ ցույց տալ։ Բայց այստեղ էլ պետք է ընթերցողին հիասթափեցնենք, որովհետեւ, ըստ Ն. Երիցյանի. «Լրատվությունն իշխանությունը չի կառավարում»։
Ասենք, դա էլ կարեւոր չէ, որովհետեւ խելքը գլխին զբոսաշրջիկը, արբանյակային հեռուստատեսությամբ տեսնելով Երեւանի՝ գարնան արեւոտ օրվա մասին պատմող ռեպորտաժը, կընկնի մտածմունքների մեջ՝ բա էլ ինչի՞ համար է արտակարգ դրությունը։ Թարսի նման էլ, եթե հայերենում «արտակարգ» բառը կարող է օգտագործվել նաեւ լավ իմաստով, ապա անգլերենում «emergency» համարժեքն ունի շատ կոնկրետ, վախեցնող իմաստ։
Ներսես Երիցյանը, սակայն, լավատես է եւ գտնում է, որ այս տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 600 հազարի՝ նախորդ տարվա 510 հազարի դիմաց։ «Զբոսաշրջիկների այս տարվա համար կանխատեսված թիվը կապահովենք, քանի որ դա հաշվարկված է պահպանողական սցենարով, որով ենթադրվել է զբոսաշրջիկների թվի ընդամենը 9 տոկոս աճ»,- ասաց նախարարը։
Իսկ մարտիմեկյան իրադարձությունները որեւէ կերպ կազդե՞ն օտարերկրյա ներդրումների վրա, քանի որ ներդրողների համար եւս ներքաղաքական կայունությունը շատ կարեւոր գործոն է։ Նախարարի կարծիքով, ազդեցությունը կա, սակայն. «Նվիրյալ ներդրողները գալիս, տեղում ծանոթանում, հավաստիանում են իրավիճակին ու ներդրում են կատարում: Վերջին մեկ ամսվա մեջ ես մի քանի լուրջ ներդրողների հետ հանդիպել եմ, ովքեր անկախ ամեն ինչից՝ եկել են ու շարունակում են իրենց ներդրումները»:
Իսկ այս բոլոր խնդիրները միասին արդյո՞ք կասկածի տակ չեն դնի 2.5 միլիարդանոց բյուջեի կատարումը։ Ն. Երիցյանն այս հարցում էլ լավատես էր. «Ոչ։ Ճիշտ է, 2.5 միլիարդը բարձր, բայց հասանելի թիվ է, կառավարությունն ամեն ինչ անում է, որ տնտեսական աճի եւ բյուջեի կատարողականի մասով խնդիրներ չունենանք: Ամեն դեպքում կանխատեսումները հիմնված են եղել կոնկրետ ներդրողների կոնկրետ ներդրումների մասով, իսկ այս առումով տեղաշարժեր չենք տեսնում»։
Այնպես որ, ըստ Ն. Երիցյանի, տնտեսության մեջ լուրջ խնդիրներ չենք ունենա, եթե հաշվի չառնենք, որ կոնկրետ զբոսաշրջությանը ոչ պակաս չափով կարող են խանգարել գնաճն ու դրամի արժեւորումը։ Մնում է ներդրողները շարունակեն լինել նվիրյալ, իսկ պոտենցիալ զբոսաշրջիկները՝ չօգտվեն ինտերնետից, Հ1-ի եթերում էլ դիտեն միայն «2 Աստղը»։