Ադրբեջանը օգտագործեց պահը

19/03/2008

Անցած շաբաթ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 39 «կողմ», 7 «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանի պատվիրակությունը:

«Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում: ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում, եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որ կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը»,- ասված է բանաձեւում:

Ընդունումից անմիջապես հետո այս բանաձեւի մասին իրենց կարծիքները հայտնեցին Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները: Եթե Ադրբեջանի նախարար Արազ Ազիմովի կարծիքով` սա «շատ կարեւոր մի փաստաթուղթ է, որն ինչպես՝ իրավաբանական, այդպես էլ՝ քաղաքական ուժ ունի», ապա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով` այն «ահազանգ կհանդիսանա Ադրբեջանի համար, քանի որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել»: Այնուամենայնիվ, ի՞նչ է իրենից ներկայացնում այս բանաձեւը եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի կամ Լեռնային Ղարաբաղի համար: «Ադրբեջանական կողմի վարած քաղաքականության նպատակը հետեւյալն է՝ հասկանալով, որ փաստացի հնարավոր չէ ԼՂՀ-ն ետ զավթել՝ փորձում են միջազգային փաստաթղթերում այդ իրողությունն ամրագրել իրավաբանորեն: Հետագայում, իհարկե, քաղաքական պահը հասունացնելով՝ կփորձեն հասնել իրենց նպատակին»,- ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

«Այդ բանաձեւն իրականությունից կտրված փաստաթուղթ է, եւ բոլորովին չի համապատասխանում խնդրի էությանն ու հակամարտության կարգավորման գործընթացին: Ադրբեջանը հերթական անգամ փորձում է խնդրի կարգավորումը Մինսկի խմբի բանակցությունների գործընթացից տեղափոխել այլ ատյաններ: Ես վստահ եմ, որ այդ բանաձեւն ուղղակի լուրջ հետեւանքներ չի ունենա, բայց ցույց է տալիս մի կողմի տրամադրություններն ու պահվածքը դրանցից բխող հետեւանքներով: Սա պարզապես կարող է քարոզչական հետեւանք ունենալ»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս տանել, տանել Եվրախորհուրդ, ոչ մասնագիտական կառույց, ՄԱԿ՝ հաշվի առնելով, որ այնտեղ իր համար շահեկան հարթությունում կհայտնվի: Մինսկի խմբի համանախագահներն արդեն այնքան են խորացել այդ պրոցեսների ուսումնասիրության մեջ եւ եկել են մի այնպիսի եզրակացության, որն Ադրբեջանի սրտով չէ: Այդ պատճառով էլ Ադրբեջանն անընդհատ փորձում էր տեղափոխել, եւ հաջողվեց: Որքան էլ ասենք, թե բանաձեւն իրավաբանական ուժ չունի, ամեն դեպքում անցանկալի էր: Եթե կան միջազգային կառույցների կողմից ընդունված փաստաթղթեր, դրանք անընդհատ հիմք են ընդունվելու, հիշվելու են, հենվում են դրանց վրա ու նոր մտքեր են առաջարկում մեկ այլ միջազգային ատյանում: Դա կարող է բարոյական ազդեցություն ունենալ, տեսակետ լինել հետագա քննարկումների համար: Ադրբեջանական կողմն անընդհատ շեշտադրելու է ՄԱԿ-ի այդ բանաձեւը»,- կարծիք հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: Անցած շաբաթ ընդունված բանաձեւի նախագիծն Ադրբեջանի կողմից դեռեւս 2004թ. էր դրվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Մեր բանախոսներն էլ իրենց խոսքերում անընդհատ շեշտում են, որ Ադրբեջանն անընդհատ փորձել է ԼՂՀ կարգավորման խնդիրը տեղափոխել միջազգային տարբեր կառույցներ: Ինչո՞ւ այս անգամ Հայաստանի համար շատ անակնկալ կերպով այն հաջողվեց անցկացնել: Այստեղ մեր զրուցակիցները գրեթե համակարծիք են:

«Հիմնական պատճառն այն էր, որ Ադրբեջանը տեսավ, որ խնդիրը Մինսկի խմբի գործընթացով իրեն ընդունելի ճանապարհով չի ընթանում: Բոլոր այն ատյանները, որոնք գոնե մի քիչ ուսումնասիրել են հարցը, հնարավոր չէ, որ տան Ադրբեջանին ձեռնտու լուծում: Ուրեմն լուծումը պետք է փնտրել այնպիսի ատյաններում, որոնք լավ ծանոթ չէին հարցին եւ կքվեարկեին քաղաքական հաշվարկներից ելնելով»,- ասաց Ա. Ռուստամյանը:

«Կարծում եմ, որ քվեարկության արդյունքում նաեւ վերջին իրադարձություններն իրենց դրոշմը թողած լինեն: Պահի տակ Հայաստանը մեկ օրում բավականին թուլացավ: Եթե չլինեին հետընտրական գործընթացները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը կարող է այդպիսին չլիներ: Եթե դու քո ձեռքով քեզ թուլացնում ես, ապա ես ինչո՞ւ չպետք է օգտվեմ քո թուլությունից: Մենք ներսում կարող ենք ասել՝ դիմություն-ընդդիմություն, անուններ տալ, բայց սահմաններից դուրս ասում են՝ Հայաստան»,- ասաց Ս. Նիկոյանը:

«Ցավում եմ, որ այդ բանաձեւի ընդունման համար մեծապես բարենպաստ հող ծառայեց նաեւ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերը: Իշխանությունները լինելով այդ դեպքերի պատասխանատուն՝ անասելի չափով թուլացրեցին Հայաստանի դիրքերը: 2004թ. երբ այս բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ում դրվեց նիստի օրակարգ, Հայաստանի համար նորից թույլ տարի էր: Ընտրություններից հետո նորից իշխանություն-ընդդիմություն բախումը կար, կային ապրիլի 13-ի դեպքերը, երբ իշխանությունները նորից խոհեմ չգտնվեցին: Նման դեպքերին, բնականաբար, հետեւում են միջազգային կառույցների կողմից տարբեր տիպի ճնշումները: Պարզ է, որ Ադրբեջանն էլ օգտագործում է այդ պահերը»,- ասում է Ս. Սաֆարյանը:

Տեղեկացնենք, որ թեպետ Մինսկի խմբի երեք երկրները դեմ են արտահայտվել այս բանաձեւին, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի 100 անդամներ ձեռնպահ են քվեարկել, իսկ մոտ 50 անդամներ էլ ընդհանրապես քվեարկությանը չեն մասնակցել: Այս խնդրի մասին իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն բոլորովին տարբեր մեկնաբանություններ: «Միգուցե ես դա համարում եմ լուռ անհամաձայնություն: Հզոր Ամերիկան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը դեմ են քվեարկել, եւ դա շատ կարեւոր է մեզ համար»,- ասաց Ս. Նիկոյանը: «Ես դա համարում եմ բանաձեւի ընդունման չեզոք անհամաձայնություն, որովհետեւ եթե Ամերիկան, Ֆրանսիան ու Ռուսաստանը ցանկանային, ապա այդքան չեզոք ձայներ չէին լինի»,- ասաց Ս. Սաֆարյանը: