Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանը նախազգուշացրել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամը տեւական է լինելու եւ լուրջ հետեւանքներ կունենա: «Ճգնաժամը բավական երկար կտեւի եւ տնտեսական լուրջ հետեւանքներ կունենա»,- ասել է նա՝ երեկ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) խորհրդաժողովում: Նա նշել է, որ ճգնաժամը կընդգրկի ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող երկրները: «Ցավոք, ճգնաժամը կընդգրկի նաեւ զարգացող երկրները, թեեւ դա տեղի կունենա փոքր-ինչ ավելի ուշ»,- ասել է ԱՄՀ ղեկավարը, հավելելով, որ ճգնաժամը կարող է հանգեցնել տնտեսական աճի ցուցանիշների «մոտավորապես 0,75-1,0 տոկոս» նվազման: Ինչպես նշել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Անխել Գուրիան, զարգացող երկրներին «չի հաջողվի խուսափել ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից», թեեւ պարզվեց, որ այդ երկրները ճգնաժամին «ավելի լավ են պատրաստված», քան ԱՄՆ-ը եւ զարգացած եվրոպական պետությունները: