Մոլորակի վրա սառցադաշտերի հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել դիտարկումների սկզբից ի վեր, եւ դրանցից շատերը կարող են անհետանալ արդեն մի քանի տասնամյակ անց: Այս մասին են վկայում Սառցադաշտերի դիտարկման համաշխարհային ծառայության՝ Լոնդոնում հրապարակված տվյալները: Ծառայության ղեկավար պրոֆեսոր Վիլֆրիդ Հեբեռլիի խոսքով, պատմական գրառումները եւ այլ փաստեր թույլ են տալիս ասել, որ սառցադաշտերի հալումն այժմ ամենաարագն է վերջին 5 հազար տարում: «Այս մասին բացարձակ ապացույցներ չկան»,- խոստովանում է պրոֆեսորը: Բայց այն, ինչ տեղի է ունենում սառցադաշտերի հետ, աննախադեպ է, հավելում է գիտնականը: 30 սառցադաշտերի գրեթե երեսնամյա դիտազննման տվյալների համաձայն, 1980-1999թթ. դրանց տարեկան միջին հալումը հասել է 0,3 մետրի: 2000թ. հետո այն հասել է 0,5 մետրի, իսկ այժմ կազմում է 1,5 մետր: