«Ցուցարարներին ցրելու հրաման կամ որոշում չի եղել»

17/03/2008

«Դուք անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ Ազատության հրապարակում նստացույցը ցրելիս Ոստիկանության գտած զենք-զինամթերքն, իրոք, այնտեղ է գտնվել»` ՀՀ քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրվա հեռուստահարցազրույցում ասել է. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ոստիկանությանը չհաջողվեց հայտնաբերել շատ-շատ զենք եւ զինամթերք։ Ես ոչ միայն հավատում եմ, այլ նաեւ ցավում եմ, որովհետեւ եթե այդ զենք-զինամթերքի հիմնական մասը հայտնաբերվեր, գուցե արդեն երեկոյան եւ գիշերվա ընթացքում ավելի քիչ զենքեր կկրակեին մասսայական անկարգությունների ժամանակ»։ Մեկ այլ հարցի էլ, թե` ո՞ւմ հրամանով է ցրվել Ազատության հրապարակի նստացույցը փետրվարի 29-ի մարտի լույս 1-ի գիշերը, եւ ե՞րբ է արձակվել այդ հրամանը, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Նստացույցի մասնակիցներին կամ ցուցարարներին ցրելու հրաման կամ որոշում չի եղել։ Այն, ինչ հայտարարում է Ոստիկանությունը, այն, ինչ կհայտարարի դատախազը, ինչ կպարզվի քրեական գործի արդյունքում, բոլորիս համար պետք է հստակ լինի, որեւէ ցանկություն չունենք ինչ-որ բան թաքցնելու։ Մինչ այս պահը ես վստահ եմ, որ Ոստիկանությունը գնացել է ոչ թե ցրելու, այլ ստուգելու զենք-զինամթերքի առկայությունը։ Եթե Ոստիկանությունը գնար ցրելու, ապա պարտավոր էր միջոցառումների ողջ շղթա նախատեսել։ Ոստիկանությունն անպայման պետք է մտածեր, որ կան ակտիվիստներ, կան մարդիկ, ովքեր այդ բանը կարող են այլ տեղ կատարել։ Այսինքն՝ ձերբակալություններ չեղան, եւ ընդհանրապես՝ դեպքերին անպատրաստ լինելը բերեց նրան, որ տասնյակ ոստիկաններ վիրավորվեցին։ Եթե Ոստիկանությունը գնում էր ցրելու, ապա ինչո՞ւ առանց զենքի, ինչո՞ւ առանց հատուկ հանդերձանքի, սաղավարտի, վահանի, ռետինե մահակների։ Ես մի տեսակ կաշկանդվում եմ դեպքերի մասին ստույգ բաներ ասել, որպեսզի իմ ասածը չմեկնաբանվի որպես ճնշում կամ քրեական գործի ուղղորդում։ Դրա համար էլ ասում եմ՝ իմ կարծիքով»: Ի դեպ, Ս. Սարգսյանից նաեւ հետաքրքրվել են, թե` հնարավո՞ր է` ՀՀ-ում էլ կրկնվի ՌԴ-ի սցենարը, եւ գործող նախագահ Ռ. Քոչարյանը դառնա վարչապետ: «Ե՛վ Քոչարյանը, եւ՛ ես այնքան ազնվություն ունենք, որ եթե այդպիսի սցենար լիներ, այդ մասին կասեինք ընտրություններից առաջ, այնպես, ինչպես հայտարարեցին Պուտինն ու Մեդվեդեւը»։