ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ հավանություն է տրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին: Փաստաթուղթը ստացել է 39 կողմ, 7 դեմ ձայն, ձեռնպահ են եղել 100-ը: Ընդունված բանաձեւում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում հարգել եւ պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Գլխավոր ասամբլեան կրկին հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի Ադրբեջանի տարածքի օկուպացման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ չպետք է պաշտպանի կամ աջակցի այդ իրավիճակի պահպանմանը»,- նշված է բանաձեւում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է նաեւ, որ անհրաժեշտ է, որպեսզի հայկական զինված ուժերն «անհապաղ եւ անվերապահորեն» ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Նշենք, որ քվեարկությունից առաջ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ դեմ է արտահայտվել փաստաթղթին: Ադրբեջանին չի հաջողվել ստանալ նաեւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամների աջակցությունը. կառույցի անդամ ավելի քան 20 պետություն ձեռնպահ է քվեարկել: Դեմ են եղել նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը: