Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս» թերթն իր ապրիլի 17-ի համարում
տեղեկացնում է, որ Թուրքիայի պետական արխիվը հրապարակել է այն ավելի քան
523.000 թուրքերի ցուցակը, որոնք, ինչպես նշվում է, 1910-1922թթ. սպանվել
են հայերի կողմից: Ըստ հոդվածագիր Արսու Սեբնեմի` Թուրքիան սրանով փորձում
է հակադարձել հայերի կողմից ներկայացվող Ցեղասպանության մեղադրանքներին:
«Թուրքիայում մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանության 90-ամյակի
կապակցությամբ հայերի եւ նրանց աջակցողների կազմակերպած բազմաթիվ
միջոցառումները կարող են հակաթուրքական զգացումներ առաջացնել»,- գրում է
թերթը: Թերթը տեղեկացնում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ
Թայիբ Էրդողանը եւ Թուրքիայի խորհրդարանը հանդես են եկել այդ
ժամանակահատվածի դեպքերի միջազգային ուսումնասիրություն անցկացնելու
առաջարկով, սակայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են այդ
առաջարկը: Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը` թերթը
գրում է, որ Թուրքիայի պետական արխիվի տնօրեն Սարինայն ասել է, որ Եվրոպան
Թուրքիայի հետ իր հարաբերություններում հայերին օգտագործել է որպես
գործիք: «Եվրոպան էլ պետք է նայի ի՛ր պատմությանը»,- ասել է Սարինայը:
Հայոց ցեղասպանության խնդրին իր ապրիլի 18-ի համարում անդրադարձել է նաեւ
ամերիկյան մեկ այլ հեղինակավոր թերթ` «Վաշինգտոն փոստ»-ը: «Երբ ժամանակին
թուրք գրող Օրհան Պամուկն ասաց, որ առաջին համաշխարհային պատերազմի
տարիներին Թուրքիայում 1 մլն հայեր սպանվեցին, նրա նկատմամբ 3 դատական
գործ հարուցվեց, Ստամբուլի դպրոցներում աշակերտներից հավաքեցին նրա գրքերն
ու վերադարձրին նրան»,- գրում է «Վաշինգտոն փոստ»-ը: Սակայն, ըստ թերթի,
վիճակն աստիճանաբար փոխվում է: Պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան այսօր
ավելի բաց է ու ժողովրդավարական, եւ այն, որ Թուրքիան ձգտում է անդամակցել
Եվրամիությանը: «Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական
հարաբերություններ չկան: Երկխոսություն սկսելու առաջին քայլը
Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովինն էր»,- գրում է թերթը: