Առանց մեկնաբանությունների

17/03/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն հասարակության շրջանում։ Հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ ԶԼՄ-ների նկատմամբ գործող սահմանափակումները (անգամ դրանց մեղմացումից հետո)՝ զերծ ենք մնում մեկնաբանություններից եւ չճշտված տեղեկություններ հրապարակելուց։ Ստորեւ ձեզ ենք ներկայացնում փետրվարի 19-ին հաջորդած օրերի ընթացքում հնչած որոշ մտքեր՝ հղում անելով աղբյուրներին։ Այժմ, երբ կատարվել է այն, ինչ կատարվել է, շատ հետաքրքիր է հետադարձ հայացք գցել այդ ամենին։

Փետրվարի 29-ին ոչ ոք չէր մտածում, որ ընդամենը մի քանի ժամ հետո կկատարվի այն, ինչ կատարվեց։ Չէր մտածում նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը, երբ ասում էր. «Ես իրավունք չունեմ խորհուրդներ տալու, բայց մի անձնական դիտարկում. մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ»,- եզրափակեց Գերտ Արենսը» («Ազատություն» ռ/կ, փետրվարի 29, Գերտ Արենսի խոսքից)։

Իսկ մարտի 1-ից հետո միջազգային կազմակերպությունների արձագանքներն արդեն լրիվ ուրիշ երանգներ ունեին։ Նշենք մի քանիսը։

ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է ուժի կիրառումը Հայաստանում. «ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան այսօր դատապարտել է ուժի կիրառումը Երեւանում՝ ցուցարարներին ցրելու համար: «Ես հորդորում եմ իշխանություններին՝ ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն՝ կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին, եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին եւ ընդդիմությանը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը» («Ազատություն», մարտի 1)։

«Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարությամբ է հանդես եկել, որում մտահոգություն է հայտնում Երեւանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Անչափ մտահոգված եմ Երեւանում այս առավոտ բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու նպատակով անվտանգության ուժերի անցկացրած գործողության ընթացքում վնասվածքներ հասցնելու վերաբերյալ հաղորդումներով: Եթե այդ հաղորդումները հաստատվեն, ուժի չարաշահման վերաբերյալ բոլոր պնդումները պետք է պատշաճ կերպով քննության ենթարկվեն: Անչափ կարեւոր է նաեւ հետագա որեւէ բռնության կանխումը,- ասված է Թերի Դեւիսի հայտարարության մեջ» («168 Ժամ» թերթ, մարտի 1)։ Հետաքրքիր է, որ 2 օր առաջ նույն Թերի Դեւիսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ ցանկություն հայտնել նրան հանդիպել։ Իսկ դրա հաջորդ օրը Եվրոպական խորհրդարանը կոշտ հայտարարություն է ընդունել ՀՀ հետընտրական զարգացումների մասին։ Այդ հայտարարությանը դեռ կանդրադառնանք, մինչ այդ ներկայացնենք ավելի շուտ հնչած մի քանի հայտարարություններ։

«Ս.թ. մարտի 7-8-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան այցելեց Հայաստան: Իր այցի ընթացքում նա հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընդդիմադիր այլ քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության անդամների: Պրն Բրայզան բոլոր կողմերին հանգստության ու բռնությանը վերջ տալու կոչեր արեց: Նա իր զրուցակիցներին հայտնեց, որ արտակարգ դրությունը պետք է ավարտվի եւ, որ լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը բոլոր կողմերի միջեւ երկխոսությունն է: Նա նշեց, որ երկխոսությունը խրախուսելու համար անհրաժեշտ է հանել լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումները եւ վերականգնել մամուլի լիակատար ազատությունը: Պրն Բրայզան նաեւ ընդգծեց, որ Ոստիկանությունն ու դատարանները մանրակրկիտ լինեն մարտի 1-ի եւ 2-ի հետ կապված հետաքննություններում, որպեսզի քաղաքական ընդդիմության հանդեպ հալածանքների տպավորություն չստեղծվի: Բրայզան նշեց, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները կախված կլինեն այն բանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունները կկարողանան ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտ ձեւավորել Հայաստանում» (ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատուն, Մարտի 7)։

«Միայն երկխոսությունն ու հետագա կտրուկ քայլերի բացառումը հնարավոր կդարձնի հայաստանյան քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Կուրտ Վոլքերը: «Մենք չենք կարծում, որ հետագա ճնշումները, հետագա ձերբակալությունները ճիշտ գործելաոճ են: Անհրաժեշտ է վերացնել արտակարգ դրությունը, ապահովել մամուլի եւ հավաքների ազատությունը, ապահովել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որպեսզի Հայաստանը կարողանա դուրս գալ քաղաքական այս ճգնաժամից»,- հայտարարել է Կուրտ Վոլքերը» («Ազատություն» ռ/կ)։

Ընտրություններին հաջորդած իրադարձություններին անդրադարձել եւ կողմերին երկխոսության կոչ են ԵԽ ԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, «Human Rights Watch»-ը, «Amnesty International»-ը եւ այլն։ Իրենց մտահոգությունն են արտահայտել մի շարք եվրոպական երկրների արտաքին գերատեսչությունները։ Հայաստան են այցելել եւ տարբեր կողմերի հետ հանդիպումներ ունեցել ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Փրեսքոթը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Հեյկի Տալվիտիեն եւ այլք։

Արձագանքներն ու կոչերը դեռ շարունակվում են։ Մասնավորապես, «Ազատություն» ռ/կ-ի համաձայն, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ձայների 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը: «Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են. «Նախագահական ընտրությունների արդյունքները խաղաղ կերպով վիճարկող ընդդիմության կողմնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված ճնշումները, ի վերջո, հանգեցրին 8 մարդու մահվան եւ տասնյակ վիրավորների: Մարտի 1-ին հայտարարվեց արտակարգ դրություն, եւ լրատվամիջոցների ազատությունը երկրում սահմանափակվեց»: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ կազմակերպել մարտի 1-ի դեպքերի «թափանցիկ, անկախ եւ անկողմնակալ քննություն»: «Սխալ պահվածքի ու քրեական բռնարարքների համար պատասխանատուները պետք է դատարանի առջեւ կանգնեն»,- ասված է բանաձեւում»: ՀՀ Գլխավոր դատախազությունն իր հերթին իր համաձայնությունն է տվել միջազգային անկախ փորձաքննություն անցկացնելու կապակցությամբ:

Հայաստանի իշխանություններին արտակարգ դրությունը վերացնելու կոչ է արել նաեւ Եվրամիությունը. «Եվրամիության նախագահությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ կոչ է արել իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը: «Նախագահությանը հատկապես անհանգստացնում են շարունակվող ձերբակալությունների մասին հաղորդագրությունները»,- ասված է նախագահության հայտարարության մեջ: Միաժամանակ, նախագահությունը ողջունել է սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած վերջին քայլերը: «Նախագահությունը կրկին կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, եւ ձեռնպահ մնալ հետագա ձերբակալություններից»,- նշված է Եվրամիության նախագահության հայտարարության մեջ: Նախագահությունը վերահաստատել է իր առաջարկը՝ անկախ հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչ կատարվեց մարտի 1-ին, եւ որոնք էին պատճառները» («Ազատություն», մարտի 14):

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն ասել է. «Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու՝ իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց՝ կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցությանը պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվել որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»: Փենինգթոնը նաեւ դժգոհություն է արտահայտել իրենց հանդիպումների լուսաբանման առնչությամբ. «Կարծում եմ, որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած, եւ չեն արտացոլում պարոն Բրայզայի այցի ընդհանուր էությունը: Մեթյու Բրայզան հստակորեն Հայաստանի իշխանություններին փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի»։

Ընդ որում, ամերիկացիները, ինչպես երեւում է, կոնկրետ «պատժամիջոցներ» են սահմանել Հայաստանի համար։ Դրանցից առաջինն, իհարկե, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի սառեցումն է։ «ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ԱՄՆ-ի 2009-ի բյուջեի նախագծի շուրջ Կոնգրեսի հատկացումների ենթահանձնաժողովում նախօրեին հայտարարել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագիրը վտանգված է: Նա նշել է, որ վերջերս հայտարարված արտակարգ դրությունը Հայաստանում ամերիկյան որոշ ծրագրեր առկախելու անհրաժեշտություն է առաջացրել: Ռայսի խոսքերով, հարկ կլինի զգուշացնել հայերին, որ արտակարգ դրությունը վտանգում է նաեւ «ՀՄՀ»-ի ծրագիրը» (աղբյուրը՝ Infoarmenia.org):

Այդ մասին խոսել է նաեւ ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում: «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում, եւ այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա: («Ազատություն» ռ/կ):

Այս ամենի ֆոնին՝ մանավանդ երկխոսություն հաստատելու տեսանկյունից, ոչինչ հնարավոր չէ հասկանալ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության հայտարարություններից։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության։ Ս. Սարգսյանը հորդորել էր կառավարության անդամներին երկխոսության մեջ մտնել քաղաքացիների հետ, «անգամ եթե նրանք ատելությունից կուրացած են»։ Իսկ 2 օր առաջ հեռուստատեսությամբ պատասխանելով ՀՀ քաղաքացիների հարցերին՝ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս հավաստեց, որ բեւեռացումը միանշանակ պետք է թուլացվի. «Ես երբեք դեմ չեմ եղել որեւէ երկխոսության, բայց բոլորիս էլ հասկանալի է, որ երկխոսությունը միշտ հասցեական է լինում` ով ում հետ, եթե Լ. Տեր-Պետրոսյանը շարունակելու է պնդել, որ ինքը 65 տոկոսով ընտրված նախագահ է, չի ընդունելու ՍԴ-ի որոշումը, ինձ էլ համարելու է բանդիտ, մոնղոլ-թաթար, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել, իսկ եթե մոտեցումները կլինեն այլ, մեր մոտեցումներն էլ այլ կլինեն, բայց մենք թերեւս մարտի 2-ից սկսած խոսակցություններ ենք վարում բոլորի հետ, ովքեր ցանկանում են խոսել մեզ հետ՝ անկախ հայացքներից, ջղայնության աստիճանից ու մասնագիտությունից» (www.panorama.am):

Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր հերթին՝ մի քանի անգամ հաստատել է երկխոսության մասին իր պատրաստակամության մասին, եթե կատարվեն իր առաջ քաշած պայմանները (օրինակ՝ ձերբակալվածների ազատ արձակումը)։ Մարտի 11-ի երեկոյան իր առանձնատանը հրավիրած ասուլիսում Լ. Տեր-Պետրոսյանը տեսականորեն չի բացառել երկխոսության հնարավորությունը։ «Ես չեմ ընդունելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, բայց դա չի նշանակում, որ ես նրա հետ չեմ խոսի: Կա մարդ, իշխանություն ունի, լծակներ ունի, ո՞նց կարող ես անտեսել: Ինքն էլ ինձ չի կարող անտեսել: Իմ հետեւում էլ ժողովուրդ կա: Առայժմ անտեսում է, ոչինչ, վաղ թե ուշ հաշվի կնստի» (www.168.am):

Այս ամենը ամփոփելով՝ կարելի է ավելի շատ խճճվել, միջազգային հանրությունը գնալով ավելի կոշտ կոչեր է անում, պահանջում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, երկու կողմերից հայտարարում են, որ պատրաստ են երկխոսության, սակայն առայժմ գործը կոչ-հայտարարություններից այն կողմ չի անցնում։