Վերջին 16 ամսում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է 33, իսկ
եվրոյի նկատմամբ` 17%-ով։ 2003-ի վերջին 1 դոլարն արժեր 580 դրամ, իսկ
այսօր` 435 դրամ։ Միայն 2004 թվականին դրամի փոխարժեքը բարձրացել է 15%-ով։
Այսուհանդերձ, ապրանքների, սննդամթերքի, բենզինի եւ կոմունալ
ծառայությունների գները մնացել են նույնը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ
աճել են` էլ ավելի դժվարացնելով այն հարյուր հազարավոր մարդկանց կյանքը,
ովքեր ապավինում են արտասահմանից` հիմնականում դոլարի տեսքով ստացվող
օգնությանը:
Որոշ հաշվարկներով` Հայաստանի բնակչության մոտ 40%-ը ֆինանսական
օգնություն է ստանում արտասահմանից: Ըստ Կենտրոնական բանկի` ավանդների
88%-ը տարադրամով է:
Դոլարի փոխարժեքի անկումը զգալիորեն բարձրացրել է կյանքի արժեքը
բնակչության մի լայն շերտի համար: Հազարավոր մարդկանց եկամուտը, ովքեր
աշխատավարձ են ստանում դոլարով (սովորաբար ՀԿ-ներից կամ միջազգային
կառույցներից ֆինանսավորվող կազմակերպություններից) կամ օգնություն
արտերկրից, նվազել է առնվազն մեկ հինգերորդով, իսկ կենսապահովման ծախսերի
գները մնացել են անփոփոխ:
Օրինակ` դոլարով եկամուտ ունեցողի համար, եթե 500 դրամանոց հյութը մեկ տարի առաջ արժեր մոտ 80 սենթ, ապա այժմ արժե մոտ 1,12 դոլար։
Այս իրավիճակը ձեռնտու է ապրանք ներմուծողներին։ Ո՞րն է այս փոփոխության
պատճառը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը բացատրում է,
որ պատճառներից մեկը տրանսֆերների (արտասահմանից ուղարկված տարադրամի) աճն
է, որ 2004 թվականին 2003-ի համեմատությամբ աճել է 56%-ով։ 2004 թվականին
բանկերով մուտք է գործել 760 միլիոն, դուրս եկել 495 միլիոն դոլար։
Փաստորեն, դուրս եկածի ու ներմուծվածի տարբերության հաշվարկով միայն
բանկերով Հայաստան է մտել զուտ 265 միլիոն դոլար (2003-ին` 171 միլիոն
դոլար)։ «Համամասնական հաշվարկով ենթադրվում է, որ նույնքան էլ կանխիկ
տարադրամ է մտել։ Փաստորեն, կանխիկ եւ փոխանցումով մտել է մոտ զուտ 450
միլիոն դոլար,- ասում է Գաբրիելյանը: -Դրամի արժեքը բարձրանում է, քանի որ
դոլարի առաջարկը մեծանում է»։
Գաբրիելյանը ենթադրում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայերի եկամուտները
զգալիորեն աճել են, ինչով էլ բացատրվում է փոխանցումների զգալի աճը։
Սակայն այս տեսակետը չեն ընդունում այլ մասնագետներ։ Տնտեսագետ Էդուարդ
Աղաջանովը կարծում է, որ պատճառը կեղտոտ փողերն են, որ Հայաստանը վերածվել
է փողերի զանգվածային լվացման կենտրոնի: Նա ասում է, որ ազգային դրամի
փոխարժեքն ամրապնդվում է՝ առաջին. երբ երկիրը դառնում է հզոր միջազգային
ֆինանսական կենտրոն, ուր ուղղվում են արտարժույթի հսկայական հոսքեր,
որպեսզի գնեն տվյալ երկրի պետական արժեթղթերը, ինչպես նաեւ այլ արժեթղթեր
ու փոխառություններ։ Հայաստանում այդպիսի բան չի կատարվում:
Երկրորդ` երկիրն ունենում է հարուստ տնտեսություն եւ արտահանման հսկայական
ծավալ, որը գերազանցում է ներմուծման ծավալը։ Արտահանվող ապրանքի
գերազանցության շնորհիվ երկիրը դոլարի ներհոսք է ունենում, եւ արտաքին
առեւտրի սալդոն լինում է դրական. ավելի շատ արտարժույթ է մտնում երկիր,
քան դուրս է գալիս (արտասահմանում ապրանքը վաճառվում է, դոլարը մտնում է
երկիր): Սակայն Հայաստանում հակառակ պատկերն է։
Աղաջանովը բերում է պաշտոնական վիճակագրություն. 2004-ին, երբ նկատվում էր
դրամի արժեքի կտրուկ բարձրացում, Հայաստանն ունեցավ արտաքին առեւտրի
ռեկորդային բացասական ցուցանիշ (սալդո)՝ 636 միլիոն դոլար (արտահանվել է
715 միլիոն դոլարի ապրանք եւ ներմուծվել 1 միլիարդ 351 միլիոն դոլարի
ապրանք)։ 2004 թվականին երկիրը 2003-ի համեմատությամբ ունեցել է 7,6%
բացասական սալդոյի աճ (2003-ին բացասական սալդոն կազմել է 591 միլիոն
դոլար)։ Իսկ 2002-ի համեմատ բացասական սալդոն աճել է 31%-ով։ Հետեւաբար,
եղել է ոչ թե ներհոսք, այլ արտահոսք։ Այսինքն` հակառակ գործընթացն է, երբ
դոլարի արտահոսքը մեծ է եւ, հետեւաբար, դրամը պետք է արժեզրկվեր։
Աղաջանովը կանխատեսում է, որ արտահանողները մեկը մյուսի հետեւից կլքեն
շուկան:
«168 ժամ» շաբաթաթերթը ապրիլի 7-ի համարում նշում է, որ էլեկտրալամպեր
արտադրող «Գրանդ սան» գործարանը դրամի արժեւորման պատճառով պարապուրդ է
տալիս: Գործարանի արտադրական ծախսերը դոլարային արտահայտությամբ աճել են,
եւ վրաստանցի ներկրողներն ի վիճակի չեն վաճառել լամպերը նոր գնով:
Աղաջանովը կասկածի տակ է դնում նաեւ Կենտրոնական բանկի հիմնավորումը, թե
դրամի արժեքը բարձրացել է տրանսֆերների աճի շնորհիվ։ «Տարօրինակ է,- ասում
է տնտեսագետը: -Սկզբում ասում էին, թե տրանսֆերներն աճել են 40%-ով, հետո`
50, հետո` 56։ Եթե ասում են, թե փոխանցումներն ավելացել են 56%-ով, ուրեմն
դրսում հայերը 1,56 անգամ շատ փող են աշխատել։ Սակայն այն երկրներում
(Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա), որտեղից հայերը փող են ուղարկում, բնակիչների
եկամուտներն աճել են ընդամենը մի քանի տոկոսով։ Տիգրան Սարգսյանը
(Կենտրոնական բանկի նախագահ) ասում է, որ հայերը 92 թվականից են այդ
երկրներում եւ այժմ սկսել են հարստանալ ու տուն շատ փող ուղարկել։ Իսկ
ի՞նչ է, տեղի բնակիչներն այդ ընթացքում չե՞ն հարստանում ու խո՞տ են
ուտում, որ նրանց եկամուտները հայերից մի քանի անգամ քիչ են ավելացել»։
Բացի այդ, ըստ նրա, ոչ ոք չի հսկում, թե որքան դոլար է արտահոսում
արտասահմանյան բանկեր։ Հստակ է, որ շատ հարուստներ իրենց եկամուտները
տանում են դուրս, որ ապահով լինեն։ Ստվերային ինչքան գումար է փախել`
հայտնի չէ։ Իսկ Ռուսաստանում, ըստ որոշ վերլուծաբանների, 2004-ին դուրս է
եկել ստվերային մոտ 12 միլիարդ դոլար։
Նաեւ` վերջին ամսին միջազգային շուկայում դոլարը 4-5%-ով ամրապնդվել է
մյուս արտարժույթների նկատմամբ, իսկ Հայաստանում հակառակը` դոլարը
նույնքան արժեզրկվել է։
Աղաջանովը համոզված է, որ Հայաստանում տեղի է ունենում փողերի լվացում, եւ
այդ փողերի մի մասը դուրս է գնում, իսկ մի մասը ծախսվում է շինարարական
նախագծերի վրա, որոնք փոխում են մայրաքաղաքի դեմքը: Գաբրիելյանը բացառում
է բանկային ճանապարհով փողերի լվացումը. «Հայաստան կատարված փոխանցումների
միջին գումարը 852 դոլար է։ Սա այն թիվը չէ, որով փող լվացվեր։ Իսկ դուրս
փոխանցվում է միջինը 3000 դոլար: Այդ փոխանցումներն էլ կատարում են
հիմնականում գործարարները` ապրանք գնելու համար»։
2004 թ. դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունել է փողերի լվացման ու
ահաբեկչության դեմ պայքարի օրենք, ըստ որի՝ բանկերը պարտավոր են ստուգել
մեծ գումարների ծագումը։ Եթե հայտարարված ծագումը համոզիչ չէ, ապա բանկը
պարտավոր է տեղյակ պահել Կենտրոնական բանկին։
Գաբրիելյանը տեսականորեն հնարավոր է համարում կեղտոտ փողերի մուտքը
Հայաստան, բայց գործնականում բացառում է. «Եթե մեկը պարկով փող է բերում
ու մի չորս բանկում նստեցնում, ոչ ոք չի կարող իմանալ։ Բայց փոքր
գումարներով փող լվանալու համար անհրաժեշտ է գերհզոր կառույց, որ մենք
տեղյակ չենք, թե կա»։
Այդուհանդերձ, նա ընդունում է, որ դրամի արժեքի բարձրացումը հարվածում է
արտահանողին եւ դրսի օգնությամբ ապրողներին։ Սակայն առաջին հերթին օրենքը
հնարավորություն չի տալիս կայունացնելու դրամը։ Ըստ Կենտրոնական բանկի եւ
բյուջեի մասին օրենքի` Կենտրոնական բանկը միայն պետք է կանխի սղաճը:
«Անկախ նրանից, թե ով է տուժում, Կենտրոնական բանկի գործունեությունը
հստակ սահմանափակված է օրենքով։ Համաձայն եմ, որ տուժում են արտահանողները
եւ շատերը, բայց մյուս կողմից՝ շահում են ամենաաղքատները, որոնց ծախսերը
հիմնականում դրամով են։ Ո՞վ է հաշվում, թե ով է տուժել: Ով անձամբ տուժում
է, նա էլ հայտարարում է, թե բնակչությունը տուժում է»։ Ըստ նրա` եթե
Կենտրոնական բանկը դոլարի կուրսը կայունացնի շատ դոլար գնելով, դրամի
քանակը կաճի եւ կբերի սղաճի։ Այսուհանդերձ, Կենտրոնական բանկն այս տարի 25
միլիոն դոլար է գնել, սակայն սղաճ չի եղել, միեւնույն ժամանակ՝ դրամի
արժեքը շարունակել է բարձրանալ։ Գաբրիելյանը կանխատեսում է, որ դրամի
արժեքը կշարունակի բարձրանալ։
Սակայն այս պայմաններում ոչ այնքան ամենաաղքատներն ու բյուջետային
աշխատողներն են շահում (կշահեին, եթե գներն իջնեին), որքան ներմուծողները։
Աղաջանովը հաշվարկ է արել, թե ինչքան են օգտվում ներմուծողները: Օրինակ`
բենզին ներկրողները, ըստ օրենքի, հաստատագրված հարկ են մուծում դոլարով`
մեկ տոննայի համար 225 դոլարին համարժեք դրամ։ 2003-ին 225 դոլարը կազմում
էր 130.000 դրամ, 2004-ին` 99.000 դրամ, այսինքն՝ մեկ տոննայի համար
31.000 դրամ պակաս է մուծվում։ Նույն կերպ ծխախոտ ներմուծողը մեկ արկղի
համար 110 դոլար է մուծում, որը 2003-ին կազմում էր 64.000 դրամ, իսկ
2004-ին` 50.000 դրամ, եւ այժմ արկղի դիմաց 14.000 դրամ պակաս է մուծվում։
Բացի այդ, երկրում գները չեն իջնում, եւ ներմուծողի շահույթը
կրկնապատկվում է։
Աղաջանովն ասում է, որ Կենտրոնական բանկը պետք է ապահովի փոխարժեքի
կայունությունը: Նա բերում է Ռուսաստանի օրինակը, որտեղ նավթի գների աճի
շնորհիվ մեծ դոլարային ներհոսք եղավ: Ռուսաստանի Կենտրոնական բանկը
լողացող կուրսը պահեց շուկայից դոլարները գնելով, եւ ռուբլին թանկացավ
ընդամենը 5-7%-ով։
Ըստ մեկ այլ տեսակետի` խորհրդարանը կարող է միջամտել եւ օրենք ընդունել
փոխարժեքի կայունացման մասին: Սակայն հաշվի առնելով, որ այդ նույն
ներմուծողները կազմում են Ազգային ժողովի պատգամավորների զգալի մասը, քիչ
հավանական է, որ խորհրդարանը տարադրամի փոխարժեքը կայունացնելու միջոցներ
ձեռնարկի:
Նաեւ խոսվում է, որ դոլարի կուրսը չեն թողնում կայունանա բենզին
ներկրողները` Կենտրոնական բանկի վրա ունեցած իրենց ազդեցության շնորհիվ,
եւ նրանց ուղղակիորեն հովանավորում են իշխանության ամենավերին օղակները:
Մեկ տարվա ընթացքում միջազգային շուկայում բենզինը կրկնակի թանկացել է,
սակայն Հայաստանում ընդամենը մի քանի տոկոսով է թանկացել: Խոսվում է, որ
եթե ներկրողները միջազգային գներին համապատասխան երկրում թանկացնեն
բենզինի գինը, ապա դոլարի գինը չի իջնի, սակայն բենզինի վաճառքը կնվազի:
Հետեւաբար, բենզինի թանկացման փոխարեն էժանանում է դոլարը, եւ նրանք
կոմպենսացնում են իրենց կորուստը: