Չի՞ խախտվել

17/03/2008

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ գործող նախագահի` ինչպես արտակարգ դրություն մտցնելու մասին, այնպես էլ, մասնավորապես, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների որոշակի մեղմացում նախատեսող հրամանագրերի վերաբերյալ: Ըստ արտակարգ դրության մասին հրամանագրի, պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող էին իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Հարցին, թե արդյո՞ք այս դրույթին ենթարկվել են բոլոր ԶԼՄ-ները, արդյո՞ք բոլորն էին հավասար հրամանագրում նշված պահանջի առջեւ, Գ. Դանիելյանը պատասխանել է. «Բնականաբար` բոլորը»: Իսկ դիտարկմանը, թե չի՞ խախտվել արդյոք հրամանագրի պահանջը, երբ որոշ հեռուստաընկերություններ ցուցադրել են փողոցում վերցրած հարցազրույցները, արձագանքել է. «Ոչ, չի խախտվել: Ցանկացած հեռուստաընկերություն կարող էր փողոցում վերցնել հարցազրույցներ եւ այլն: Խոսքը վերաբերում է պաշտոնական տեղեկատվության շրջանակներին: Պաշտոնական տեղեկատվության շրջանակ հասկացությունը բնավ չի ենթադրում, որ դուք պետք է կրկնեք բառացի այն տեղեկատվությունը, որը պաշտոնական տեղեկատվությամբ արդեն իսկ կա: Խոսքը վերաբերում է այն տեղեկատվությանը, որը շրջանակներում է տեղավորվում պաշտոնական տեղեկատվության: Այսինքն` սա չի նշանակում, որ չէր կարող լինել բազմակարծություն. փառք Աստծո, եղել է… Սա չի նշանակում, որ չեն կարող լինել տարաբնույթ մեկնաբանություններ. դարձյալ եղել են: Սա նշանակում է` միայն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում պետք է այս ամեն ինչն արվի»: Արտակարգ դրության մասին հրամանագրում Ռոբերտ Քոչարյանի` նախօրեին կատարած փոփոխությունից հետո ԶԼՄ-ները պարտավոր են ոչ թե բացառապես պաշտոնական տեղեկատվություն հրապարակել, այլ նրանց «արգելվում է պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, այսինքն (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»: Հարցին, թե ոչ արտակարգ դրության պայմաններում կարելի՞ է ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածել կամ սադրիչ հայտարարություններ անել, Գ. Դանիելյանն արձագանքել է. «Իհարկե, ոչ: Սրանք արգելքներ են, որոնք միշտ գործում են: Բայց նախ անդրադառնանք արգելքների իրավական հետեւանքներին: Եթե այս դեպքում մենք ասում ենք, որ հրամանագրով արգելվում է սա անել, նշանակում է, որ պետությունն իր վրա վերցնում է լիազորություն, որ պարզապես թույլ չի տալիս այդպիսի հրապարակումներ: Այլ դեպքերում` հրամանագրից հետո, արդեն լրիվ այլ խնդիր է: Կան հստակ, թե ինչ է արգելվում լրատվամիջոցներին` չճշտված տվյալներ եւ այլն, եւ այլն: Սրա համար արդեն կգնա զուտ քաղաքացիաիրավական պատասխանատվություն»: Պարզաբանելով, թե ի՞նչ է նշանակում ակնհայտ սուտ կամ սադրիչ հայտարարություններ, նա ասել է. «Չափազանց բարդ է այս կամ այն հասկացությունը մեկնաբանել… Իհարկե, կարելի է տարաբնույթ մեկնաբանություններ տալ: Դրա հետ մեկտեղ, որքան էլ փորձեք իրավական ակտը հստակ ձեւակերպել, միեւնույն է` տարակարծությունների եւ տարամեկնաբանությունների տեղ մնալու է: Այս դեպքում մենք, կարծես թե, օգտագործել ենք այնպիսի հասկացություններ, որոնք քիչ պետք է տարակարծությունների տեղիք տան: Ակնհայտ սուտ տեղեկատվությունն, ինձ թվում է, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի: Սա այն է, որ դուք ունեք մի քանի աղբյուրներից հստակ պաշտոնական տեղեկատվություն, գիտեք ինչպիսին է այս կամ այն տվյալը, եւ ձեզ ներկայացվում է մեկ այլ տեղեկատվություն, որը ոչ թե պարզապես ճշտված չէ, այլեւ չի համապատասխանում եղած տվյալներին որեւէ կերպ»: