Հիպոտեկային բլեֆ

13/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հիպոտեկային վարկի ծառայության ներմուծումը Հայաստանի տնտեսություն եւ
բանկային համակարգ տնտեսագետներից ոմանք համարում են անհիմն
նորաձեւություն, մյուս մասը՝ շուկայական տնտեսվարման պահանջ ու նույնիսկ
եվրոհամայնքին ինտեգրվելու նախապայմաններից մեկը: Բանկային ծառայության
այդ տեսակը մեր երկրում սկսել է գործել 2003թ. երկրորդ կեսից: Մեր
առեւտրային բանկերն այս վարկի համար սահմանել են տարեկան շատ բարձր
տոկոսադրույք՝ 13-18%, մարման շատ կարճ ժամկետ՝ 5-7 տարի, եւ 30-50%
կանխավճար: Մինչդեռ արտասահմանյան զարգացած երկրներում հիպոտեկային վարկը
տրամադրվում է տարեկան 3-7%-ի սահմաններում եւ 25-40 տարի մարման
ժամկետով: Մեր երկրում այդ ծառայության «թանկությունը» բնավ էլ մեծ
պահանջարկից չի բխում, որովհետեւ պահանջարկ, որպես այդպիսին, դեռ չկա, ոչ
էլ այն հանգամանքից, որ դա մեր շուկայում նոր ապրանք է եւ դեռ պետք է
էժանանա: Պարզապես հիպոտեկային վարկի ծառայությունը զարգանում է այն
երկրներում, որտեղ արդեն ձեւավորվել է միջին խավը:

«Հակառակ դեպքում դա հիվանդություն է,- մեկնաբանում է տնտեսագետ Էդուարդ
Աղաջանովը: -Ինչո՞ւ է այդ վարկից օգտվում հիմնականում միջին խավը:
Որովհետեւ հարուստը երբեք հիպոտեկային տոկոսի տակ չի մտնի, նա ի վիճակի է
անշարժ գույքը գնել միանգամից: Աղքատն էլ ի վիճակի չէ մտնել այդ տոկոսի
տակ: Իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարելի հիպոտեկ անվանել»:

Մեր պետական այրերը երկրի բարձրագույն ամբիոններից ինչքան էլ հայտարարեն,
թե Հայաստանում միջին խավը ձեւավորվում է, այն էլ՝ հաստատուն քայլերով, եւ
իրենք ամեն ձեւով նպաստում են դրա կայացմանը, նույնիսկ հիպոտեկային վարկի
ծառայությունը հակառակն է ապացուցում: Մեր ուսումնասիրությունները ցույց
տվեցին, որ այս երկու տարվա ընթացքում բոլոր բանկերի տրամադրած
հիպոտեկային վարկի ընդհանուր գումարը դեռ չի հասել 10 միլիոն դոլարի:
Հունական բանկն այս ծառայությունը մատուցում է 2002թ. վերջից եւ մինչեւ
այժմ տրամադրել է մոտ 2 մլն դոլարի վարկ: «Կոնվերս» բանկը հիպոտեկային
վարկ սկսել է տալ ընդամենը այս տարվանից եւ բավարարել է ընդամենը 10
վարկառուի բնակարան գնելու առաջարկը՝ ընդհանուր մոտ 400.000 դոլարի
սահմաններում: Ի դեպ, մեկ վարկի չափը տատանվում է 15.000-80.000 դոլարի
սահմաններում: Եղած շատ սահմանափակ վիճակագրությունը ցույց է տալիս, որ
հիմնականում վերցնում են 25.000-35.000 դոլար: Միայն «Հայէկոնոմբանկն» է
տրամադրում փոքր «տրամաչափի» վարկեր՝ մինչեւ 10.000 դոլար եւ ունի
ամենաշատ վարկառուների բանակը՝ մոտ 300: Հիշեցնենք, որ հիպոտեկային վարկը
տրամադրվում է միայն ֆիզիկական անձանց ու միայն բնակարան գնելու եւ
վերանորոգելու համար: Կոպիտ հաշվարկներով կարելի է ասել, որ Հայաստանում
հիպոտեկային վարկի միջոցով վերջին երկու տարվա ընթացքում տնավորվել են
ամենաշատը ՀՀ 500 քաղաքացիներ, հիմնականում Երեւանից: Մինչդեռ
Վիճվարչության տվյալներով Երեւանում միայն 2004թ. կատարվել է անշարժ
գույքի 9.506 առքուվաճառք: Այս երկու թվերի համեմատությունից էլ կարող ենք
եզրակացնել, թե Հայաստանում ինչ տեմպերով է կայանում միջին խավը:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են խիստ հիպոտեկային վարկի պայմանները: Բանկերը
պատճառաբանում են, որ այս ոլորտում ներդրումներ կատարելու ռիսկը մեծ է:
Այս դեպքում, եթե բանկը որպես գրավ վերցնում է հենց իր միջոցներով գնված
բնակարանը եւ վարկի մարումը ցանկացած պահի դադարեցվելու դեպքում կարող է
վաճառել այն, ապա ո՞րն է ռիսկը:

«Գիտեք, այդ տան վաճառքի դեպքում դատական պրոցեսները կարող են ձգվել մի
քանի տարի,- բացատրում է «Կոնվերս» բանկի Վարկային վարչության պետ Արմեն
Հակոբյանը: -Պատկերացնո՞ւմ եք, թե բանկի համար ինչ է նշանակում երկար
ժամանակով ինչ-որ գումար սառեցնել»:

«Եթե համապատասխան օրենքներում փոփոխություն կատարվի, որ նման դեպքերում
դատական պրոցեսը պետք է ավարտել ամենաշատը ասենք 1 ամսվա ընթացքում,
այսինքն կարճ ժամանակահատված սահմանվի, ապա այս վարկի 15-16%-ը կիջնի
մինչեւ 12%,- ավելացրեց «Հայէկոնոմբանկի» փոխտնօրեն Դավիթ Սուքիասյանը:
-Եվ հետո, եթե մենք կարող ենք մեր միջոցները 18-20%-ով այլ վարկերի համար
տրամադրել, ինչո՞ւ պետք է ավելի ցածր տոկոսով հիպոտեկի համար տանք»:

«Տոկոսները բարձր են, որովհետեւ բանկերը երկարաժամկետ եւ էժան փողեր չեն
կարող ներգրավել,- պատասխանեց Զարգացման հայկական բանկի ներկայացուցիչը:
-Մենք ավանդներ ներգրավում ենք բարձր տոկոսով, ինչպե՞ս պետք է ցածր
տոկոսով վարկ տանք»:

«Մեր երկրում բանկային համակարգ դասական իմաստով չկա, մեզ մոտ
յուրաքանչյուր կոմերցիոն բանկ սպասարկում է մի ընտանիքի կամ մի խումբ
մարդկանց,- հակադարձեց Է. Աղաջանովը: -Ինչպե՞ս կարող է այս պայմաններում
հիպոտեկ զարգանալ: Բացի ավանդներից, բանկը պետք է ունենա իր սեփական
միջոցները, ակտիվները: Պետք է ձեւավորված լինի հիպոտեկային արժեթղթերի
շուկա, այսինքն՝ հիպոտեկային վարկը պետք է արժեթղթավորվի: Նորմալ
երկրներում այդպես է լինում: Եթե դա չեղավ, խոսել հիպոտեկային շուկայի
մասին, անգրագիտություն է: Մեզ մոտ չկա արժեթղթերի նորմալ շուկա, ուր մնաց
թե` հիպոտեկային արժեթղթային շուկա»:

Արդեն պարզ է, որ մեր բանկերն «իրենց կամքով» հիպոտեկային վարկի համար մեծ
միջոցներ չեն հատկացնի, եւ հայ գործարարն էլ այսօր իր միջոցները մեր
բանկին ի պահ չի տա: Կարճ ասած՝ երկուստեք անվստահություն կա: Մեղավորը
մեր տնտեսության խարխուլ վիճակն է: Արդյունքում տուժում է նորից մեր
տնտեսությունը: Կարելի է հակառակ կողմից էլ ներկայացնել. հիպոտեկային
շուկայի ձեւավորումը յուրաքանչյուր երկրի զարգացման տրամաբանական
արդյունքն է, հետեւանքը եւ ոչ թե միջոցը:

Այստեղ արդեն իր հեղինակավոր խոսքը պետք է ասի պետությունը. զարգացման
համար բարենպաստ պայմաններ ստեղծի՝ սկսած օրենսդրական փոփոխություններից
մինչեւ հիպոտեկային արժեթղթերի թողարկումը, ինչպես որ թողարկում է պետական
պարտատոմսերը, աջակցի նորաստեղծ ընտանիքներին՝ կիսելով նրա հետ կանխավճարի
մի մասը, ինչպես դա անում են, ասենք, Լիտվայում, միջոցներ տրամադրի
բանկերին՝ ցածր տոկոսով վարկավորման համար, եւ այլն, եւ այլն: Բայց այս
ամենը մտածված է նորմալ երկրների համար: Իսկ մեր երկրի համար մտածված է,
որ բանկն իր գեղեցիկ գովազդներով ու բարձր տոկոսներով որսա որեւէ միամիտ
վարկառուի եւ քամի մինչեւ վերջ: