Երեկ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարության ընթացքում վերջին անգամ հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ: Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, նա ասել է, որ հանգիստ խղճով է թողնում Նախագահի պաշտոնը, որովհետեւ իր ղեկավարության «10 տարիների ընթացքում շատ բան է արվել»: Հարցին, թե ինչ է անելու նա ապրիլի 9-ից հետո, Ռ. Քոչարյանը պատասխանել է` «Չգիտեմ: Վերջերս Սոչիում Վ.Պուտինն էլ հանդիպման ժամանակ հարցրեց: Հասկանում եք, չէ՞, որ մեր երկուսի վիճակը բավականին նման է: Ասացի՝ երեւի մի փոքր ընդմիջում տամ. 3 ամիս հետո կարող է մի առավոտ զարթնեմ եւ ասեմ՝ էս ի՞նչ կյանք է, որ ամեն առավոտ չպիտի գնաս աշխատանքի, չպիտի որոշումներ կայացնես: Հետո ասացի՝ բայց կարող է 3 ամիս հետո զարթնեմ ու ասեմ՝ լսիր, Ռոբերտ, էս որ այսպիսի կյանք կար, էդ ինչո՞վ էիր զբաղված: Չգիտեմ, տեսնենք, մի քանի ամսից կերեւա»:
Երեկ ՀՀ վարչապետ, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը կառավարությունում ընդունել է նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հանդիպումից հետո նրանք ստորագրել են Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը օրերս Հանրապետության հրապարակում իր ելույթում ասել էր. «Հավատում եմ` այս իրավիճակը լրջորեն նպաստում է ամուր իշխանություն եւ ուժեղ կառուցողական ընդդիմություն ունենալու մեր նպատակների իրականացմանը: Մենք չենք վախենում ուժեղ ընդդիմությունից: Ճիշտ հակառակը, համոզված ենք, որ միայն կառուցողական ընդդիմության առկայությամբ մենք կկարողանանք ապահովել մեր երկրի առաջանցիկ զարգացումը: …Իշխանությունը պատրաստ է համագործակցելու ընդդիմադիր բոլոր ուժերի հետ՝ հանուն ՀՀ զարգացման եւ ի բարեկեցություն ՀՀ ժողովրդի»:
Երեկ ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալով արդեն 9-րդ օրը Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքում՝ անդրադարձել է եվրոպական հանրության կողմից ընտրությունների վերաբերյալ գնահատականներին՝ ասելով. «Եվրոպական կառույցները, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ն եւ նրա դիտորդական առաքելությունը, այսօր ճգնաժամ են ապրում, եւ այդ ճգնաժամը այսօր նկատելի է ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ Վրաստանում, եվրոպական մամուլում: …Եթե նման բան լիներ իրենց երկրներից մեկում` նոր ֆրանսիական հեղափոխություն կլիներ: Իրենց չի կարելի, իսկ մեր նման երկրում կարելի է հանդուրժել: Դա, եթե կուզեք իմանալ, ռասիզմի երեւույթ է, չգիտակցված ռասիզմ է մեր տիպի ժողովրդի նկատմամբ: Այն, ինչ որ իրենց մոտ անբարոյական է, մեզ մոտ համարում են բարոյական, այն, ինչ անօրինական է, այստեղ կարող են աչք փակել դրա վրա»: