Հեռու է կատարյալ լինելուց

03/03/2008

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը ողջունել է ՀՀ կառավարության եւ ընդդիմության ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բռնությունից, եւ կոչ է արել պահպանել խաղաղ իրավիճակը:

«Մենք ողջունում ենք եւ՛ Հայաստանի իշխանություններին, եւ՛ ընդդիմությանը` երկու առաջատար թեկնածուների օգտին լայնածավալ քաղաքական հանրահավաքների շրջանակներում բռնության ցանկացած փորձից հաջողությամբ խուսափելու համար: Հանրահավաքների ազատ անցկացման իրավունքի այս խաղաղ կենսագործումը` մարդկանց մեծաթիվ խմբերի արդյունավետ, ոչ բռնի կառավարման հետ մեկտեղ, նշանակալի նվաճում է եւ ժողովրդավարական առաջընթացի նշան: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին երաշխավորել այս խաղաղ իրավիճակի շարունակումը»,- ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության` երեկ Վիեննայում հրապարակած հայտարարության մեջ: «ԱՄՆ-ը դրական է գնահատում Հայաստանի որոշումը` իրական ջանքեր գործադրել նախորդ ընտրություններում արձանագրված բացթողումները, այդ թվում՝ օրենսդրական դաշտի թերությունները շտկելու համար: Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը` համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ այս ընտրությունների դիտարկման գործընթացում»,- ասված է հայտարարության մեջ: Միաժամանակ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը փաստում է. «Մենք պետք է նաեւ ընդունենք, որ այս ընտրությունները շատ հեռու էին կատարյալ լինելուց: Թեեւ ընտրական գործընթացի կառավարումը հիմնականում համապատասխանեց ԵԱՀԿ-ի չափանիշներին, այդուամենայնիվ, ԵԱՀԿ հիմնական պարտավորությունները` ժողովրդավարական ընտրությունների ծրագրման եւ իրականացման առումով, Հայաստանում մնացին չկատարված, ինչպես նշված է ԵԱՀԿ նախնական զեկույցում: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին արձագանքել այս մարտահրավերներին»: «Ընտրությունների հաջորդ օրը` միջազգային այլ դիտորդների հետ, ԱՄՆ ներկայացուցիչներն ուշադրությամբ քննել են դիտորդների` այդ թվում նաեւ մեր սեփական, ինչպես նաեւ՝ ընդդիմադիրների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները: Մտահոգությունները հիմնականում վերաբերում էին հետեւյալ ոլորտներին. քվեարկությունից առաջ իշխանության թեկնածուի նկատմամբ նպաստավոր վերաբերմունքը, այդ թվում` քարոզարշավին պետական ծառայողների ներգրավումը, քվեատուփերի լցոնման դեպքերը, քվեների գնման, բազմակի քվեարկության եւ ընտրողների նկատմամբ սպառնալիքի կիրառումը, որոշ շրջաններում մասնակցության անսովոր բարձր աստիճանը, ինչը որոշ դեպքերում կարող է խախտումների մասին վկայել»,- նշված է հայտարարության մեջ: «Վերջերս մտահոգիչ խախտումներ արձանագրվեցին որոշ ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ-ի նշած մամուլի ազատության սահմանափակման հետ կապված»: «Մեզ շատ մտահոգում են հետընտրական փուլում ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններն ու իշխանությունների կողմից ընդդիմության գրասենյակները բռնի ուժով փակելու մասին հաղորդումները: Այսօրինակ գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին, եւ մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանն՝ այս դեպքերի առնչությամբ հիմնվել օրենքի իշխանության ու միջազգային ժողովրդավարական չափանիշների վրա»:

«Այսպիսի իրական եւ որպես այդպիսին ընկալված խախտումների պատճառով, մենք մնում ենք մտահոգված այն հանգամանքով, որ հայաստանյան ընտրազանգվածի շրջանում սեփական ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ցուցանիշը մնում է վտանգավոր աստիճանի ցածր»: «Մենք քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին թափանցիկ, արագ հետաքննության ենթարկել բոլոր բողոքները` որպես ընտրական գործընթացի բարեփոխումների եւ հասարակության վստահության վերականգնման գործընթացի մաս: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ջանքերին` գրանցել իր կողմից ստացված բողոքները, եւ սպասում ենք ընտրությունների վերաբերյալ նրանց միջանկյալ եւ վերջնական զեկույցներին ու հանձնարարականներին: ԱՄՆ-ը պատրաստակամ է այստեղ եւ Երեւանում աշխատել բոլոր կողմերի հետ` այս խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության տարածած հայտարարության մեջ: