Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին փետրվարի 27-28-ը այցելել էր Երեւան` իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ հետընտրական իրավիճակը քննարկելու համար: Բրյուսել մեկնելուց առաջ այս հարցազրույցում Պիտեր Սեմնեբին ամփոփել է իր այցի արդյունքները:
– Իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչներից ո՞ւմ եք հանդիպել:
– Հանդիպել եմ Հայաստանի վարչապետի, ԱԳՆ ղեկավարի, ԿԸՀ նախագահի, ինչպես նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի հետ: Նաեւ հանդիպում եմ անցկացրել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
– Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները, որքա՞ն կայուն եք համարում Հայաստանում ներկայիս իրավիճակն ու ինչպե՞ս եք գնահատում հետընտրական ժամանակահատվածը:
– Մենք, անշուշտ, մտահոգված ենք առկա առճակատմամբ, որի մեջ ներգրավված է ընդդիմության այն հատվածը, որն այս կամ այն պատճառով վիճարկում է ընտրությունների արդյունքները: Մեզ մտահոգում է լարվածությունը: Այսպիսի իրավիճակում միշտ առկա է այս կամ այն կողմից սխալ քայլի վտանգը եւ դրան հաջորդող սրացումը: Մեր դիրքորոշումն այն է, որ տարաձայնությունները լուրջ քննարկումների առարկա պետք է դառնան, եւ հարցերը պետք է լուծվեն երկխոսության եւ սահմանված ընթացակարգերի ճանապարհով: Տվյալ իրավիճակում երկու կողմերի համար կարեւոր է պատասխանատվություն դրսեւորելն ու հետագա սրացումից խուսափելը:
– ԿԸՀ տվյալների համաձայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների մոտ 20 տոկոսը, մինչդեռ նա պնդում է, որ հավաքել է 65%: Որքանո՞վ է պատասխանատու այդ պնդումը:
– Եթե տարբերությունն իսկապես այդպիսին լիներ, ապա դա սենսացիոն եւ ցնցող իրադարձություն կլիներ: Ես չեմ ցանկանում մեկնաբանել անհատական արդյունքները, քանի որ որոշ ընթացակարգեր դեռ շարունակվում են: Ես գիտեմ, որ որոշ թեկնածուներ պատրաստվում են դիմել Հայաստանի Սահմանադրական դատարան: Ինձ դժվար է այս կամ այն կերպ մեկնաբանել արդյունքները: Մենք հաշվի ենք առել Հայաստանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք մեր գործողությունների հիմք են հանդիսանում: Հիմնվելով այդ տվյալների վրա` մենք փորձում ենք կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Այդ պաշտոնական տվյալները վկայում են, որ վարչապետը հաղթել է ընտրությունների առաջին փուլում:
– Փետրվարի 27-ին լրացավ Վարչական դատարանում ձայների վերահաշվարկի արդյունքների բողոքարկման ժամկետը, սակայն ոչ մի դիմում չստացվեց: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Տեր-Պետրոսյանն ու Բաղդասարյանը, դժգոհ լինելով ձայների վերահաշվարկից, չեն դիմել Վարչական դատարան:
– Ես զերծ կմնամ մեկնաբանություններից: Եթե թեկնածուն գտնում է, որ եղել են խախտումներ, դա ապացուցելու տարբեր ճանապարհներ կան: Ես չէի ցանկանա շահարկել այն թեման, թե ինչո՞ւ է այս կամ այն թեկնածուն ընտրել այս կամ այն ուղին:
– Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ազատության հրապարակում չարտոնված հանրահավաք են անցկացնում: Սակայն նրանք դրանով չեն սահմանափակվում եւ երթեր են կազմակերպում Երեւանի կենտրոնական փողոցներով: Դուք դա նորմա՞լ եք համարում:
– Ես իմ աչքերով եմ տեսել հանրահավաքը, իսկ երեկ (փետրվարի 27-ին) դարձել եմ Երեւանի փողոցներով ընթացող երթի ականատեսը: Այն փաստը, որ դա այդքան երկար ժամանակ է շարունակվում, իհարկե, կարող է անհանգստացնել հարեւանությամբ ապրող մարդկանց: Ես ափսոսում եմ, որ, ինչպես ինձ հայտնել են, հանրահավաքներ անցկացնելու համար համապատասխան դիմում չի ներկայացվել: Ես ավելի քան վստահ եմ, որ, եթե այն ներկայացվեր, ապա կբավարարվեր: Հուսով եմ, որ ստեղծված իրավիճակում իշխանություններն այս հանրահավաքին կվերաբերվեն որպես արտոնվածի: Միեւնույն ժամանակ, անվիճելի է, որ մեծ թվով մարդկանց հանրահավաքին մասնակցելու փաստն իշխանությունների համար պետք է հիշեցում լինի մարդկանց մոտ դժգոհության առկայության մասին: Եվ դա անհրաժեշտ է հաշվի առնել: Հուսով եմ, որ այս բավականին աննորմալ իրավիճակը մոտ օրերս կլուծվի: Շատ կարեւոր է իրավիճակի սրացման ցանկացած հնարավորության բացառումը: Դա պատասխանատվություն է պահանջում բոլորից` թե հանրահավաքի մասնակիցներից, եւ թե իշխանություններից:
– Ընտրություններում հաղթած վարչապետը հայտարարել է ընտրախախտումների բոլոր փաստերը հետաքննելու եւ մեղավորներին պատժելու պատրաստակամության մասին: Ձեր հետ հանդիպմանը որեւէ կոնկրետ օրինակ ներկայացվե՞լ է:
– Ես այդ հարցերը քննարկել եմ ոչ միայն վարչապետի, այլեւ ԿԸՀ ղեկավարի հետ: Մանրամասները չեմ նշի, քանի որ այդ հարցերի մեծամասնությանը ժամանակին կանդրադառնա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը: Սակայն վարչապետն ասել է, որ մտադիր է լրջորեն զբաղվել այդ հարցերով: Այս ընտրություններում իսկապես լուրջ խնդիրներ են եղել: Դրանց մեծամասնությունը վերաբերում է ընտրությունների ավարտին հետեւած ժամանակահատվածին` քարոզարշավն ու քվեարկությունն անցել են առանց լուրջ խնդիրների: Ձայների հաշվարկի եւ դրա ընթացքի մասին տեղեկացնելու ժամանակ, ինչպես եւ 2007թ. խորհրդարանական ընտրություններին, խնդիրներ են առաջացել: Հնչել են հայտարարություններ նաեւ ընտրությունների նախապատրաստման ընթացքում խախտումների մասին, սակայն դրանք ավելի բարդ է հաստատել: Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներից ես լսել եմ ընտրակաշառքների եւ այլ նմանատիպ երեւույթների մասին: Ես չգիտեմ, դա իսկապե՞ս տեղի է ունեցել, թե՞ ոչ, սակայն այդ հարցերը պետք է լրջորեն ուսումնասիրվեն, իսկ խախտումների համար պատասխանատու մարդիկ` պատժվեն:
– Սերժ Սարգսյանը կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին եւ նախկին թեկնածուներին՝ համագործակցել, եւ հասկացրել է, որ խոսքը կարող է գնալ լայն կոալիցիայի ստեղծման մասին: Ինչպե՞ս եք գնահատում տվյալ առաջարկը:
– Ես այդ մտադրությունը լավ եւ օգտակար եմ համարում այսօրվա իրավիճակում, երբ մենք պառակտված երկիր ենք տեսնում: Լարված նախընտրական քարոզարշավն ու ընտրությունների արդյունքները վկայում են, որ այս երկիրը պառակտվել է իր զարգացման շատ կարեւոր փուլում, եւ ազգային միասնության որոշակի մակարդակ է անհրաժեշտ ռազմավարական կարեւորության հարցերի շուրջ:
Նման իրավիճակում ես նպատակահարմար եմ համարում քաղաքական ուժերի համախմբման փորձերը կարեւորագույն գաղափարների շուրջ: Կարծում եմ, որ այդ ուղին պետք է ուսումնասիրվի: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով առկա տարաձայնությունները, պետք է իրատես լինել գնահատելիս, թե ի՞նչ արդյունքների կարելի է հասնել կարճաժամկետ հեռանկարում:
– Վերջերս Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը ցանկալի է: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ չէ նման հանդիպման: Փետրվարի 28-ին Ազիմովը նորից հայտարարել է, որ հանդիպումը հնարավոր է միայն մի շարք «պայմաններ» կատարելուց հետո, որոնցից առաջինն Ադրբեջանի համաձայնությունն է: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այդ հայտարարությունները:
– Ակնհայտ է, որ ցանկացած հանդիպման համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը: Ես վստահ եմ, որ որքան շատ լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումները` ինչպես բարձր մակարդակով, այնպես էլ մյուս մակարդակների վրա, այդքան լավ: Կարծում եմ, Հայաստանի նոր նախագահի հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ կհամապատասխանի երկու կողմերի շահերին: Իհարկե, դրա համար անհրաժեշտ են երկու կողմերի համաձայնությունն ու համապատասխան նախապատրաստական աշխատանք: