Չորս տարբերակ

03/03/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ:

Հանդիպման ժամանակ նա բավական ծավալուն բացման խոսք ասաց, որն ամբողջությամբ նվիրված էր նախագահական ընտրություններին, ետընտրական շրջանի իրադարձություններին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ռ.Քոչարյանը պատասխանեց նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերի: Ընդ որում, Ռ.Քոչարյանը ուսանողներին առաջարկեց չկենտրոնանալ միայն քաղաքական թեմաների շուրջ եւ հարցեր տալ նաեւ ամենատարբեր ոլորտների ու թեմաների մասին: Հնչեցված հարցերը վերաբերում էին երկրի ներքաղաքական վիճակին, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, Հայաստանի տնտեսության, կրթության, սոցիալական եւ այլ ոլորտներին: Հնչեցին նաեւ հարցեր՝ կապված Ռ.Քոչարյանի առաջիկա ծրագրերի հետ: Ստորեւ ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի բացման խոսքն ամբողջությամբ եւ ուսանողների մի քանի հարցերին տրված նրա պատասխանները:

«Սա ուսանողների հետ վերջին հանդիպումն է իմ այս կարգավիճակում: Հասկանում եմ նաեւ, որ ներքաղաքական վիճակի առումով հետաքրքիր եւ պատասխանատու ժամանակահատված է, բայց որոշեցի այս հանդիպումը չհետաձգել, այլ՝ ճիշտ հակառակը, կարծում եմ, որ սա ավելի սրություն ու հետաքրքրություն կհաղորդի մեր հանդիպմանը: Ինչպես միշտ, որեւէ սահմանափակում չունենք օրակարգի վերաբերյալ եւ, ինչպես միշտ՝ ներածական խոսք ամենասուր հարցի վերաբերյալ, բայց սահմանափակում ձեր հարցադրումներում չկա ,եւ ձեզանից ակնկալում եմ ազատ ոճի երկխոսություն: Անցել են նախագահական ընտրությունները, արդյունքները հայտնի են, բայց նախագահական ընտրություններին նախորդել է մեծ ծավալի աշխատանք ընտրությունները պատրաստելու ուղղությամբ: Հաշվի է առնվել միջազգային, հիմնականում՝ եվրոպական բոլոր կառույցների խորհուրդները կապված օրենսդրության եւ ընտրությունների անցկացման հետ: Եվ մենք չենք ընդունել միայն մեկ փորձագիտական առաջարկ՝ մատը թանաքոտելու առաջարկը՝ հասկանալով, որ եւ՛ մտավորականության կողմից չի ընկալվի, եւ՛ մի շարք քաղաքացիներ չեն մասնակցի ընտրություններին, ու մենք զանգվածների կորուստ կունենանք: Որոշում կայացվեց ընտրություններին հրավիրել միջազգային դիտորդների, եւ ավելի քան 600 միջազգային դիտորդ ներկայացրել են տարբեր միջազգային կազմակերպություններ: Ամբողջ գործընթացի ընթացքում բոլոր թեկնածուները, բոլոր քաղաքական թիմերը հնարավորություն են ունեցել իրենց տեսակետները հայտնել հանրությանը, եւ այդ առումով քարոզարշավի ընթացքում օրենքի տառը կապված լրատվամիջոցների հետ պահպանվել է: Եվ երբեւիցե որեւէ մեկը չի ունեցել որեւէ սահմանափակում մասսայական միջոցառումներ կազմակերպելու գործում: Այս ամբողջ ընթացքում որեւէ մի ընդհարում Ոստիկանության հետ չի եղել: Ունենք նաեւ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելությունների եզրակացությունները, որոնք հիմնականում դրական են: Գիտե՞ք, անթերի ընտրություններ չեն լինում, խախտումներ լինում են, եւ ամենակարեւորը այն է, թե պետությունն ինչպես է արձագանքում այդ խախտումներին, կամ՝ այդ խախտումների բնույթն ինչպիսին է: Կենտրոնացվա՞ծ, կազմակերպվա՞ծ բնույթ ունեցող խախտումներ են, թե՞ ոչ: Եվ եթե պետությունն անմիջապես արձագանքում է, ապա հասկանալի է, որ պետական մարմինները նպատակ ունեն կազմակերպել արդար եւ ազատ ընտրություններ: Դուք հնարավորություն ունեք Դատախազության եւ Ոստիկանության սայթերում ծանոթանալ բոլոր խախտումների հետ: Ամեն օր այդ սայթերը թարմացվում են, եւ հանրությանն իրազեկում են, թե պետական մարմինների կողմից ինչ է արվում այդ բոլոր թերությունները ուղղելու, մեղավորներին պատժելու համար: Ընտրություններն ավարտվել են, վարչապետը հաղթել է, եւ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության պատրաստակամության կոչ է արել: Այսօր արդեն ակտիվ գործընթաց է գնում, տարբեր քաղաքական ուժեր, նաեւ՝ թեկնածուներ արձագանքում են այդ կոչին, եւ իմ գնահատականն այնպիսին է, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում կձեւավորվի հետագա համագործակցության ձեւաչափը: Բայց կան նաեւ այս իրավիճակից դժգոհողներ, կան ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնող թեկնածուներ, այս պահին՝ թեկնածու: Եվ սկսվել է երկու գործընթաց. մեկը՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու իրավական եւ նորմալ գործընթաց է, եւ այդ բողոքը զանգվածային տարբերակով հանրությանը մատուցելու հրապարակային գործընթաց: Այս կեցվածքը մեզ համար կանխատեսելի էր, քանի որ այդպիսի ավանդույթ Հայաստանում ունենք: Ես երկու անգամ ընտրվել եմ երկու փուլով, եւ երկրորդ տեղը գրաված թեկնածուն երբեք չի ընդունել ընտրությունների արդյունքները: Ինչքան գիտեմ՝ 96թ. եւս այդ արդյունքները չեն ընդունել, եւ պարտված կողմը չի կարողանում հաղթահարել սեփական ամբիցիաներն ու շնորհավորել, ընդունել ընտրությունների արդյունքները: Այս վիճակը կանխատեսելի էր, որովհետեւ ընտրություններից դեռ երկու շաբաթ առաջ թեկնածուներից մեկը հայտարարել էր, թե ինքն արդեն հաղթել է: Եվ, բնական է, այսպիսի հայտարարությունից հետո հնարավոր չէ ճանաչել ընտրությունների արդյունքները, եւ բնական է, որ պետք է բողոքարկվեր եւ՛ իրավական ճանապարհով, եւ՛ հանրային միջոցառումներ ձեռնարկվեին:

Հետո ի՞նչ է լինելու: Հիմա երեւի բոլորին սա է հետաքրքրում: Իմ պատկերացմամբ՝ իրավիճակի զարգացման չորս հնարավորություն կա: Առաջինը՝ այդ զանգվածային միջոցառումները նույն ձեւով ակտիվ շարունակվում են՝ փորձելով ներգրավել նոր մարդկանց: Բայց մեր կանխատեսումները հետեւյալն են՝ ինչքան շատ շարունակվեն այդ միջոցառումները, ինչքան շատ եւ ակտիվ փորձեն մարդկանց պահել Թատերական հրապարակում, այնքան ավելի մեծ է լինելու այդ նույն մարդկանց հիասթափությունը: Այդ փորձը մենք անցյալից ունենք, լուրջ հոգեբանական գործոն է, մարդիկ հոգեբանական սթրես են ապրում եւ հետո չեն ներում նրանց, ում մեղքով ունեցել են այդ ապրումները: Սա ուղղակի փակուղի է եւ ժամանակի մեջ առաջին հերթին վարկաբեկելու է նրանց, ովքեր այդ գործիքը փորձում են կիրառել: Երկրորդ տարբերակը՝ հուսահատության պատճառով փորձել անել այն, ինչ արվել է 96 թվականին՝ գրոհել պետական մարմինների վրա: Կազմակերպիչները միանգամից հայտնվելու են օրենքից դուրս` այդ կարգավիճակից բխող բոլոր հետեւանքներով: Իրավապահ մարմիններն ունեն բավարար հնարավորություն սահմանադրական կարգը պահպանելու համար: Բայց դրանից հետո հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անց են կացնելու բանտերում եւ բավարար ժամանակ են ունենալու վերլուծելու անցած ճանապարհն ու գործած սխալները: Իհարկե, սա ամենաանցանկալի տարբերակն է: Երրորդ սցենարը՝ աջակցության համար շնորհակալություն են հայտնում այդ զանգվածին, մարդկանց ուղարկում են տուն՝ պահպանելով նրանց վրա ազդեցությունը, եւ պահպանելով նաեւ կոշտ ընդդիմություն լինելու կեցվածքը՝ պատրաստվում են հաջորդ ընտրություններին: Սա համարում եմ հնարավոր եւ ողջամիտ սցենար, բայց սրա համար պետք է սառնասրտորեն գնահատվի իրավիճակը: Կա նաեւ չորրորդ՝ ամենամեղմ սցենարը՝ մարդկանց ուղարկում են տուն, շնորհակալություն են հայտնում աջակցության համար, շնորհավորում են նորընտիր նախագահին, խնդրում են մեղմ վերաբերվել օրենքը խախտողների նկատմամբ եւ գնում են գիտական աշխատանք անելու: Այս չորսից ցանկացած սցենարի մենք պատրաստ ենք եւ ամենաողջամիտը համարում ենք երրորդ եւ չորրորդ տարբերակները: Իսկ ի՞նչ տարբերակներ ունենք մենք: Առաջինը՝ համբերատար սպասել, թե երբ է այս թատերական բեմադրումն ինքն իրենով մարվելու: Չի կարելի այս վիճակը համեմատել 89-90-ական թվերի հետ: Այն ժամանակ փլուզվող կայսրություն էր, անկախ Հայաստանում սա հնարավոր չէ: Այն մարդիկ, ովքեր փորձել են գրոհել շենքեր, ավելի մեծ ձախողում են ունեցել: Երկրորդ տարբերակը՝ ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել այդ հրապարակը: Ես կարծում եմ՝ դա մեծ օգնություն կլինի այդ մարդկանց, ովքեր մոլորված, հոգեբանական մեծ ապրումներով գտնվում են այդ հրապարակում: Պարզապես մի օր ձանձրանում ու ասում ես՝ վերջ: Իհարկե, շատ ավելի ցանկալի է, որ ինքն իրենով մարվի, եւ ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի: Ի դեպ, Ոստիկանությունն ուժ կիրառում է այն ժամանակ, երբ դիմադրության է հանդիպում: Ի դեպ, հարթակի վրա գտնվող հռետորների կեցվածքը ձեր ուսանող-հոգեբանների լաբորատոր դասերի համար կարող է շատ լավ օրինակ ծառայել: Ասեմ, որ վատ չեն զվարճացնում ժողովրդին, կարծում եմ՝ բավականին հետաքրքիր է, եւ ամենահետաքրքիրը՝ կերակրում են: Գոնե այդ ամենի մեջ ինչ-որ դրական երեւույթներ կան»:

Ռոբերտ Քոչարյանի այս ներածական խոսքից հետո հնչեցին ուսանողների մոտ երկու տասնյակ հարցեր:

– Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման լավագույն տարբերակը 1988թ. ստատուս-քվոյի վերականգնումն է: Այս կոնտեքստում ինչպե՞ս եք գնահատում արմատական ընդդիմության այն պնդումները, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծել հնարավորինս կարճ ժամկետներում: Աա արդյոք չի՞ նշանակում տարածքների աննպատակ վերադարձ եւ երկրի ներսում պարտվողական տրամադրությունների ստեղծում:

– Ես ծանոթ չեմ 1988թ. վերադարձի կոչերին, ավելի ճիշտ՝ իրենք ասում են հետեւյալը՝ վերադառնանք բարձրագույն ավտոնոմիայի կարգավիճակին, որը եղել է: 1988թ. ստատուս-քվոն հնարավոր չէ ստեղծել, քանի որ Սովետական Միությունը չկա, ամբողջը փլուզվել է, եւ վերադարձը դեպի այդ տարբերակ, պարզ է, որ չկա: Չեմ կարծում, որ մենք պետք է հատուկ ձգձգենք հարցի կարգավորումը եւ պետք է հատուկ նպատակ ունենանք՝ արագ լուծել ամեն գնով: Անընդունելի են թե՛ այս, թե՛ այն տարբերակները: Մենք պետք է մեր հստակ մոտեցումներն ունենանք՝ ի՞նչ ենք մենք ուզում, եւ եթե մեր ուզածը հնարավոր է ստանալ հաջորդ տարի՝ ստանալ հաջորդ տարի, հնարավոր է 2 տարի անց՝ ստանալ 2 տարի անց…: Բայց սկզբունքային հարցերում չպետք է պարտվողական մոտեցում որդեգրել: Եվ այդ հայտարարությունները շատ վատ ազդեցություն են ունենալու միջնորդ երկրների կեցվածքի վրա: Կարող է մարդկանց մոտ տպավորություն ստեղծվել, թե Հայաստանի հանրության մի զգալի մասը պատրաստ է զիջումների: Մեր երկիրը ներգրավված է ակտիվ բանակցությունների մեջ; Հարցումներով եւ այլ միջոցներով գնահատում ես, թե այս կամ այն առաջարկը հանրության կողմից ընդունելի՞ է, թե՞ ոչ: Վերջին 10 տարվա ընթացքում մենք էապես բարելավել ենք մեր կարգավիճակը բանակցային գործընթացում: 10 տարվա ընթացքում երբեւիցե խոսք չի գնացել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ եթե վաղը բանակցությունների ընթացքում այդպիսի խոսակցություն գնա, դա այն ձեռքբերումն է, որը ստացել ենք այս քարոզարշավի ժամանակ:

– Պարոն նախագահ, հնարավո՞ր է, որ ոստիկանները ուժ կիրառեն հանրահավաքի մասնակիցների նկատմամբ:

– Ես սկզբում էլ ասացի` եթե Ոստիկանությունը դիմադրություն է ստանում իր պարտականությունը կատարելու պարագայում, դիմադրողն անմիջապես քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել: Դիմադրության դեպքում անմիջապես սկսում է գործել օրենքը: Ուժի կիրառում հնարավոր է միայն որպես հետեւանք՝ չենթարկվելու Ոստիկանության օրինական պահանջին: Կազմակերպիչները չեն դիմել հանրահավաքն արտոնելու համար, քանի որ հանրահավաքի համար պետք է պատասխանատվություն կրի որեւէ կազմակերպություն, իսկ ներկայումս ոչ ոք պատասխանատվություն չի կրում ամբոխի հավաքվելու հետ կապված: Եթե դիմեին, անպայման արտոնություն կստանային: Նրանք, սակայն, չեն ցանկանում աշխատել օրինական դաշտում:

– Դուք նոր դավաճանություններ սպասո՞ւմ եք պետական պաշտոնյաների կողմից:

– Երեւի բառը ճիշտ չի ընտրված, այդ մարդիկ, որոնց ազատել ենք աշխատանքից, ինձ երդում չեն տվել: Դավաճան կարելի է համարել այն մարդկանց, ովքեր ինձ երդվել են: Չէ, չեմ սպասում: Հարցը գիտե՞ք ինչումն է, մարդիկ անձնական մոտ հարաբերություններ են ունեցել Լ.Տեր-Պետրոսյանի կամ այդ թիմի հետ, որն այսօր ընդդիմություն է, ազգականներ են: Եվ երեւի այդ շարժառիթներից ելնելով՝ որոշել են այդ քայլին դիմել: Բայց ես գիտեմ, որ նրանցից շատերը երջանիկ չեն իրենց արած քայլերի համար: Ինձ համար տհաճ է մեկ այլ հանգամանք՝ հայտարարվում է, որ՝ մեզ (նկատի ունի ընդդիմությանը. -Ա.Ա.) միանում են Ոստիկանությունը, Անվտանգությունը, բանակը եւ այլն: Եվ հրճվանքով հայտարարվում է, թե պետական մեքենան ճեղք է տվել: Ո՞ւմ եք քանդում, ի՞նչ եք քանդում, ինչի՞ն եք ծափահարում: Ինչի՞ համար, դեսպան ես աշխատում՝ աշխատի: Միայն մի բանի համար, որ մեկը մի թուղթ հանի ու կարդա, թե մեզ միացան: Ուղղակի խաչ քաշեցին այդ մարդկանց կարիերայի վրա, որովհետեւ օրենքն ասում է, թե նրանք իրավունք չունեն նման բաներով զբաղվել: Ի դեպ, 1998 թվականից ոչ մեկի բարեկամներին ձեռք չենք տվել: Շահեն Կարամանուկյանի կինը հանգիստ աշխատում էր, հակառակը, նա պաշտոնի բարձրացում է ունեցել: Վանո Սիրադեղյանի կինն այսօր գրադարանի տնօրեն է: Արա Սահակյանի կինը մանկատան տնօրեն է եւ լավ է աշխատում: Եվ ամոթ կլիներ ինձ համար ընկնել այդ մարդկանց հետեւից:

– Պատրաստվո՞ւմ եք արդյոք շարունակել ձեր քաղաքական գործունեությունը, կարո՞ղ եք այսօր ասել, որ հանգիստ խղճով եք թողնում երկրի ղեկը, եւ ի՞նչ եք անելու հետագայում:

– Իրոք, հանգիստ խղճով եմ թողնում, այս 10 տարիների ընթացքում շատ բան է արվել: Մեկ անգամ մի հրապարակային հանդիպման ժամանակ ուղղակի կատակել եմ, թե մարդ երբ «Զապորոժեցից» նստում է «Մերսեդես», երկու օր հետո իրեն թվում է, թե ամբողջ կյանքը «Մերսեդես» է քշել: Երբ հակառակը` նստի եւ վատը քշի՝ ամբողջ կյանքում չի մոռանալու, որ «Մերսեդես» է քշել: Հիմա, երբ մենք սովորել ենք այսօրվա վիճակին, մոռացել ենք, թե ինչ է եղել Հայաստանում: 1998թ. ես գնում էի Երեւանից Սեւան եւ ամբողջ ճանապարհին 3-4 մեքենա չէի հանդիպում, ափում մարդ չկար: Երեւանի փողոցներում չէիր ջոկում՝ աշխատանքային ժամը որն էր, ոչ աշխատանքային ժամը՝ որը: Մոռանում ենք, մի հատ հետադարձ նայենք: Երբ դրսից հյուրեր էին գալիս, մի նորմալ ռեստորան չկար, որ նրանց տանես՝ պատիվ տաս: Մոռացե՞լ եք այս ամենը, ջահել եք, երեւի, դրա համար լավ չեք հիշում: Կարծում եմ՝ դասախոսները կհիշեն: Մեծ առաջընթաց է ապրել երկիրը եւ այս 10 տարիների վերաբերյալ մի փոքր բրոշյուր կտպենք: Նախագահի պաշտոնը թողնելուց հետո, չգիտեմ, թե ինչ եմ անելու: Վերջերս Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հանդիպման ժամանակ հարցրեց, թե ի՞նչ եմ անելու: Հասկանում եք, չէ՞, որ մեր երկուսի վիճակը բավականին նման է: Ասացի՝ երեւի մի փոքր ընդմիջում տամ. 3 ամիս հետո կարող է մի առավոտ զարթնեմ եւ ասեմ՝ էս ի՞նչ կյանք է, որ ամեն առավոտ չպիտի գնաս աշխատանքի, չպիտի որոշումներ կայացնես: Հետո ասացի՝ բայց կարող է 3 ամիս հետո զարթնեմ ու ասեմ՝ լսիր, Ռոբերտ, էս որ այսպիսի կյանք կար, էդ ինչո՞վ էիր զբաղված: Չգիտեմ, տեսնենք, մի քանի ամսից կերեւա: