«Ես միացրեցի նոր սկզբի ժամացույցը»,- ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ փետրվարի 19-ին իր քվեաթերթիկը քվեատուփի մեջ զետեղելուց հետո։
Հետո անցան ժամեր, օրեր, շաբաթներ, եւ ժամացույցը զնգաց. կատարվեց այն, ինչին ոմանք չէին հավատում, ոմանք չէին ուզում հավատալ, ոմանք էլ՝ հակառակը՝ վստահ էին, որ այդ օրը գալու է։ «Օրինաց երկիր» կուսակցությունն՝ ի դեմս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչպես Ա. Բաղդասարյանն ինքն ասաց՝ արժանապատվորեն սեղմեց իրենց մեկնված ձեռքը։ Արթուր Բաղդասարյանին առաջարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Այլ կերպ ասած՝ ստեղծվում է կոալիցիոն կառավարություն՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ մասնակցությամբ։ Ի դեպ, ինչպես նշեց Ս. Սարգսյանը, չի բացառվում, որ իրենց միանա նաեւ ՀՅԴ-ն, եւ ստեղծվի քառակողմ կոալիցիա։
Համաձայնագիրն ավարտվում է հետեւյալ տողերով` «ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կնքում են քաղաքական գործակցության համաձայնագիր կոալիցիոն կառավարություն կազմավորելու ձեւաչափով` այլ համագործակից ուժերի հետ միասին ի նպաստ երկրի եւ ժողովրդի զարգացման եւ անվտանգության: ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյան»։
Թվում է՝ ոչ մի զարմանալի բան չկա։ Ավելին, որոշ ԶԼՄ-ներ եւ վերլուծաբաններ այն կներկայացնեն որպես քաղաքական համերաշխության, երկխոսության եւ հանդուրժողականության փայլուն օրինակ։ Կառավարության շենքի սենյակներից մեկում, երբ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը ներս մտան, նստեցին եւ սկսեցին ստորագրել մի փաստաթուղթ, լրագրողներից մեկը, չկարողանալով զսպել անհամբերությունը, հարցրեց՝ այդ ի՞նչ արեցիք։ Ի պատասխան, Ս. Սարգսյանն ասաց՝ կարծում եմ՝ լավ բան արեցինք։ «Ուրախ եմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանն արձագանքեց մեր կոչին՝ համատեղ ուժերով ղեկավարել մեր երկիրը: Այդ արձագանքից հետո ես առաջարկեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին կազմել կոալիցիոն կառավարություն, իսկ պարոն Արթուր Բաղդասարյանին առաջարկեցի ստանձնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը, կարծում եմ, ամբողջովին հնարավորություն կտա պարոն Բաղդասարյանին լիարժեքորեն ներգրավվել մեր երկրի ղեկավարման համակարգի մեջ, լիարժեքորեն մասնակցել մեր երկրի զարգացման ողջ գործընթացին»,- ասաց Ս. Սարգսյանը՝ ավելացնելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը բարձր պաշտոն է եւ, որ այդ պաշտոնը հնարավորություն է տալիս տիրապետելու ողջ ինֆորմացիային, հնարավորություն է տալիս գործուն մասնակցություն ունենալ բոլոր բնագավառներում տեղի ունեցող գործընթացներին։ «Մենք փաստաթուղթ ստորագրեցինք: Անշուշտ, երբ ես խոսում էի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին, ասածս չէր նշանակում, որ Դաշնակցությունը չի մասնակցելու այդ կոալիցիային: Եվ քանի որ գիտեք առաջարկությունների, հայտարարությունների շարքը, ես կարծում եմ, որ պաշտոնապես Դաշնակցությունից էլ կստանանք պատասխան, այն ժամանակ շատ հնարավոր է, եւ ես շատ ուրախ կլինեմ, որ կոալիցիան լինի քառակողմ»,- ավելացրեց Ս. Սարգսյանը: Իսկ Ա. Բաղդասարյանն իր պատասխան խոսքում նշեց. «Ուզում եմ ասել, որ մեր քաղաքական որոշումը, մեր թիմի` փաստարկված է, այն ամբողջությամբ 100 տոկոս հավանության է արժանացել մեր երկու ղեկավար կառույցների կողմից, մեր քաղաքական խորհրդի կողմից, վարչության կողմից, եւ մենք սեղմում ենք մեզ մեկնած ձեռքն արժանապատվորեն, որովհետեւ մենք գտնում ենք, որ այս համագործակցության արդյունքում շահելու է մեր հայրենիքը, մեր երկիրը: Մենք վստահ ենք, որ ազնիվ հայրենանպաստ գործակցություն ենք սկսում՝ ի նպաստ մեր երկրի զարգացման եւ մեր ժողովրդի բարեկեցության: Եվ ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում նորընտիր նախագահին՝ այն առաջարկի համար, որ կոնկրետ արվել է ինձ՝ պատասխանատու համակարգը ղեկավարելու, աշխատելու համար, եւ վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը փայլուն արդյունքներ կտա»: Իսկ մենք մի քիչ ետ գնանք եւ այս զարգացումները դիտարկենք 2 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների կոնտեքստում։ 2006թ. Ա. Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ արտաքին քաղաքականության հարցերով արել էր մեկնաբանություններ, որոնք չէին համընկնում պետական քաղաքականության տրամաբանությանը։ Ավելին, Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը դառնում է ընդդիմություն։ Որքան հիշում եմ` նույն օրը «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում Արթուր Բաղդասարյանն ու «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը փորձում էին սուպեր-ընդդիմադիր երեւալ եւ հեռուստադիտողին ապացուցել, որ դիմացինը կեղծ ընդդիմություն է։ Այսօր, երբ Սերժ Սարգսյանը համագործակցության կոչ է անում, առաջինը արձագանքում են հենց այս երկու գործիչները, որոնց ընտրազանգվածը ընդդիմադիր է, եւ ձայները տվել էին Սերժ Սարգսյանի հետ մրցակցելու, ոչ թե միանալու համար։
Եթե ընդունենք, որ ծրագրերի, խնդիրների լուծման քայլերի հարցում կարելի է փոխհամաձայնության գալ, ապա հետընտրական պրոցեսներում արտահայտված տեսակետներն ու այս համաձայնագիրն ընդհանրապես հակասում են իրար։ Արթուր Բաղդասարյանը հայտարարում էր, որ ընտրություններն անցել են բազմաթիվ կեղծիքներով, անգամ չէր բացառում, որ կդիմեն Սահմանադրական դատարան։ Ավելին, ՕԵԿ հայտարարությունը Հեղինե Բիշարյանը կարդաց ոչ ավել, ոչ պակաս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասնակիցների առաջ։ Իսկ երեկ, պարզվում է, Ա. Բաղդասարյանի համար այլեւս մութ հարցեր չեն մնացել՝ նա անվերապահորեն հավատում է ԿԸՀ թվերին՝ ասելով, որ իրենք ունեն վստահության քվե՝ ավելի քան 1 միլիոն 150 հազար ձայն (Ս. Սարգսյանի եւ Ա. Բաղդասարյանի ձայների հանրագումարը)։ Սակայն դա էլ մի կերպ հնարավոր կլիներ հասկանալ, եթե չլիներ մի այլ՝ շատ ավելի կարեւոր նրբերանգ։ Երեկ, երբ Ս. Սարգսյանն ու Ա. Բաղդասարյանը համաձայնագիր էին ստորագրում եւ շամպայն խմում, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպում էր ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Այս փաստը հետաքրքիր է նրանով, որ ուղիղ մեկ տարի առաջ էլ Ռ. Քոչարյանը հանդիպում էր նույն ԵՊՀ-ի ժողովրդի հետ, իսկ Ա. Բաղդասարյանը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ։ Ասում էին, նա համոզում էր դիվանագետին, որ ընտրություններին խիստ բացասական գնահատական տրվի։ Այդ զրույցը գաղտնալսվել էր եւ հրապարակվել մամուլում։ Եվ նույն Համալսարանում Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանի արարքը որակեց «դավաճանության դրսեւորում»։ Պրն Բաղդասարյանի պատասխանը շատ չուշացավ. «Համարում եմ դատապարտելի եւ անընդունելի: Դավաճանները բոլոր նրանք են, ովքեր կեղծում են ընտրությունները, ովքեր խայտառակ են անում հայրենիքը»,- ասաց նա։ Ստացվում է՝ Ազգային անվտանգության խորհուրդը պետք է ղեկավարի մի մարդ, որը ընդամենը 2 տարի առաջ համարվում էր դավաճան։ Այսպիսի բան կարող էր պատահել միայն Հայաստանում։ Եվ նա ինքն էլ պատրաստ է աշխատել մարդկանց հետ, ում ինքն էր համարում դավաճան, որովհետեւ պարզ է՝ «կեղծողներ» ասելով՝ նա ամենեւին նկատի չուներ Անտառամեջ գյուղի հնձվորներին։
Մյուս կողմից, Ա. Բաղդասարյանին դավաճան անվանում են նաեւ բարիկադների այն կողմում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբարում։ Ստացվում է՝ Ա. Բաղդասարյանն այսօր հավասարապես անընդունելի է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարում։ Ռուսերեն լավ խոսք կա, «Սվոյ սրեդի չուժիխ, չուժոյ սրեդի սվոիխ»։ Դժվար է ասել, որքան այս ամենը կշարունակվի, ամեն դեպքում դժվար է լինելու. միմյանց հանդիպելուց միշտ հիշելու են Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին եւ «Մարկո-Պոլո» ռեստորանի (որտեղ տեղի էր ունեցել հանդիպումը) գաղտնալսող հաճախորդներին…