Նորմալ ու թափանցիկ

03/03/2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն անցել է նորմալ, «խախտումները զանգվածային ու այնքան կարեւոր չեն եղել, որ ազդեին արդյունքների վրա»: Երեկ այս մասին հայտարարել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` հավելելով, թե դիտորդները եղել են Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի ընտրատեղամասերում: Ա. Իշխանյանի հավաստմամբ` ինքն անձամբ եղել է 15-20 տեղամասում, որտեղ ներկա են եղել նաեւ տեղական հասարակական այլ կազմակերպությունների եւ միջազգային դիտորդներ, թեկնածուների վստահված անձինք, եւ ինքը տեղամասերում որեւէ մեկի կողմից բողոք չի լսել: Նա նաեւ ներկա է եղել հաշվարկման գործընթացին, արձանագրել է, որ համընկել են ստորագրությունների եւ ծրարների թվերը: «Հաշվարկը կատարվել է բացարձակապես թափանցիկ»,- ասել է Ա. Իշխանյանը: Իսկ «Թրանսփարենսի ինթերնեյշնալ» կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանդյանը` ներկայացնելով Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կառույցի իրականացրած` թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման մոնիտորինգի արդյունքները, հայտարարել է, թե թեկնածուների կողմից հրապարակված քարոզչանյութերի, միջոցառումների ընթացքում օգտագործված տեխնիկայի համար ծախսված գումարների հաշվարկմամբ` կազմակերպությունն արձանագրել է, որ եղել են թեկնածուներ, ովքեր գերազանցել են քարոզչության համար թույլատրելի 70 միլիոն դրամի ծախսը: