«Ռասիստական» մոտեցում եվրակառույցների կողմից

03/03/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 9-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հանրահավաքը:

Ազատության հրապարակում գիշերողների թիվն օրեցօր ավելանում է. այդ մասին է վկայում վրանների քանակի աճը: Երեկվա հանրահավաքում «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե Ազատության հրապարակն այսօր նման է 1992-94 թվականների Հայաստանին. այն ժամանակ գրեթե ամեն օր պայթեցվում էր Հայաստան մտնող գազամուղը, իսկ հիմա ոստիկաններից ոմանք գողանում են տաքանալու համար հրապարակ բերված վառելափայտը: Նմանության այլ տարրեր եւս նշվեցին: Երեկ բազմաթիվ քննադատություններ հնչեցին նաեւ Սոս Սարգսյանի, Հենրիկ Իգիթյանի, Զորի Բալայանի եւ այլոց հասցեին, ովքեր վերջերս համատեղ հայտարարությամբ քննադատել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման մասնակիցներին: Ի դեպ, նախորդ օրերին եւս շարունակվել են Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները եւ բնակարանների խուզարկությունները: Դատարանը երկամսյա կալանք է սահմանել նաեւ Ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի ավագ եղբոր՝ Սերյոժա Սիրադեղյանի նկատմամբ: Պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող մեղվապահ Ս. Սիրադեղյանի կալանավորման մասին երեկ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն առաջարկեց մի պահ պատկերացնել մուլտֆիլմի հետեւյալ սցենար, թե ինչպես է մեղվապահն իր մեղուներին շարքով առաջնորդում դեպի կառավարական շենքեր ու հրամայում այդ մեղուներին՝ կծել բոլոր պաշտոնյաներին: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ հայաստանյան իրադարձությունների նկատմամբ արտերկրի արձագանքին: Նա խոսեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի՝ նախօրեին արված հայտարարության մասին, ով փաստել էր, որ հայաստանյան վերջին ընտրությունները շատ հեռու էին կատարյալ լինելուց: Նա կենտրոնացավ Եվրոպական կառույցների դիրքորոշման վրա: Նա ասաց, որ նրանք այնքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենց դիտորդական գործունեությանն ու զբաղված են զուտ ինչ-որ թվաբանությամբ՝ անտեսելով բազմաթիվ խախտումները, ծեծուջարդը, հեռուստատեսային տոտալ շրջափակումը եւ այլն: Նկատելով, որ եթե արձանագրված խախտումներից որեւէ մեկը լիներ որեւէ եվրոպական երկրում, ապա այդ նույն եվրոպացիները դա չէին հանդուրժի, ու դա կդառնար մի նոր ֆրանսիական հեղափոխության առիթ, Տեր-Պետրոսյանը եզրակացրեց, որ փաստորեն դիտորդները գտնում են, որ այն, ինչ անընդունելի է իրենց երկրներում, կարելի է ընդունելի համարել Հայաստանում: «Սա ռասիստական մոտեցում է»,- նկատեց Տեր-Պետրոսյանը: Բնականաբար, երեկվա հանրահավաքում անդրադարձ եղավ նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ով միացավ Սերժ Սարգսյանի համագործակցության առաջարկին: Հրապարակում երեկ արդեն ծածանվում էին «Արթուր դավաճան» եւ «Հորինածի օրինաց անդամներ, միացեք» պաստառները: Իսկ Ա. Բաղդասարյանի այս քայլը ավելի վաղ իր ելույթում մեկնաբանել էր նաեւ Ն. Փաշինյանը, ով ասաց, որ «այս մարդը ամիսներ առաջ հենց նույն Քոչարյանի կողմից ազգի դավաճան որակվեց, մնացածն արդեն պարզ է»: Երեկ եւս բազմամարդ երթ տեղի ունեցավ՝ այս անգամ Հյուսիսային պողոտա-Աբովյան-Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի-Նալբանդյան-Թումանյան փողոցներով: Ցուցարարների վանկարկումների թվին երեկ ավելացել էր եւս մեկը` «Արթուր Գեղամյան»: Ի դեպ, երեկ ՕԵԿ որոշ անդամներ արդեն մոտենում էին հարթակին, հայտարարում, որ հիասթափված են Ա. Բաղդասարյանի պահվածքից եւ հրաժարվում են ՕԵԿ անդամությունից: Այս կապակցությամբ, սակայն, ՕԵԿ-ը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Անհրաժեշտ ենք համարում հասարակությանը իրազեկել, որ դրանք ՕԵԿ անդամներ չեն, քանի որ ՕԵԿ անդամատոմսերի հին նմուշները, դեռեւս Արթուր Բաղդասարյանի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո, ճանաչվել են անվավեր, իսկ նոր նմուշի կուսակցական տոմսեր ստացել են առայժմ միայն վարչության անդամները»: Որքան հայտնի է, ՕԵԿ վարչությունը բաղկացած է մոտ մեկ տասնյակ անդամներից: Սույն հայտարարությունից հետեւում է, որ ՕԵԿ անդամների թիվը համապատասխանում է կուսակցական տոմսերի նոր նմուշ ունեցող վարչության անդամների թվին: Նշենք, որ երեկ նմանատիպ հանրահավաքներ են կայացել նաեւ Վանաձոր եւ Նոյեմբերյան քաղաքներում: