Տնտեսության պաշտոնական աճի ֆոնի վրա անցած շաբաթ եւս հիմնական թեման
ֆինանսական ճգնաժամն էր։ Դրամի կուրսի աճի տնտեսության վրա թողած
բացասական հետեւանքների մասին մինչեւ անցած շաբաթ հիմնականում խոսում էին
կառավարիչները (հին ու նոր) եւ տեսաբան տնտեսագետները։ Նրանք բոլորը
միակարծիք էին, որ արտահանմանը միտված տնտեսվարողները նկատելի վնասներ էին
կրելու։ Գործարարները լուռ էին։ Բայց վերջին մի քանի օրվա ընթացքում
սկսեցին խոսել։ Դեպքերի նման զարգացումը հիմք է տալիս ենթադրելու, որ
գործարարները շուտով իրար հերթ չեն տալու։
Հիթ-շքերթից առաջ
Հայ գործարարները սովորաբար խուսափում են իշխանություններին բարձրաձայն
քննադատել։ Այն, որ գործարարները չեն կարողանում կատարել իրենց
աշխատակիցների ունեցած պարտականությունները, ակնհայտ դարձավ մի քանի
փաստով։ «Գրանդ սանը» հայտարարեց, որ կասեցնում է լամպերի արտադրությունը։
Վրացիները հրաժարվել են հայկական լամպերն ավելի բարձր գնով ներմուծելուց։
Հայաստանի համար աննախադեպ էին Կապանի եւ «Շողակնի» գործադուլները։ Դրանց
տնտեսական պատշաճ վերլուծություն չկատարվեց։ Սեփականատերերն էլ
չհայտարարեցին, թե ինչքան են կորցնում դրամի արժեւորման պատճառով։
Հետեւաբար՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ԿԲ-ն այստեղ չտեսան մեղքի
սեփական բաժինները։ ԿԲ-ն նույնիսկ հասարակությանը փորձեց բացատրել, որ
երկրում դոլարի հոշոտումը կանխելու նպատակով՝ 25 մլն դոլար է գնել՝
սույնով փորձելով նվազեցնել շրջանառվող տարադրամի մեծ զանգվածը։ Դրամի
արժեւորման արդյունքում տուժում են անգամ համահայկական հաջողված
ձեռնարկները։ Օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Այս հիմնադրամի
մուտքերը հիմնականում ԱՄՆ դոլարով են։ Հայաստանում եւ Արցախում
իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար հիմնադրամը ստիպված է
պլանավորվածից ավելի ու ավելի մեծ գումարներ ծախսել։ Այս տարի անգամ
պարտադրված է եղել չեղյալ հայտարարել նախկինում հայտարարված երկու
մրցույթ։
Այս գործընթացներին հակառակ՝ դրամի կուրսը շարունակում է իր անվեհեր
վերելքը։ Մինչեւ 2005 թվականը տարադրամի փոխանակման շուկան սեփական
կանոններն ուներ։ Նախորդ տարիներին աշխատանքային օրերին ԿԲ-ին հաջողվում
էր զսպել դրամի արժեզրկման տենդենցը։ Արդյունքում՝ կիրակի օրերին, երբ
ԿԲ-ն չէր աշխատում, գրանցվում էր տարադրամի ամենաբարձր կուրսը։
Բնակչությունը գիտեր այս մասին եւ աշխատանքային օրերին տարադրամ
փոխանակում էր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Բայց այս ոլորտում
2005-ի հունվարին անցկացված բարեփոխումների արդյունքում փոխանակման
գործընթացը ԿԲ-ի համար դարձավ լիովին վերահսկելի։ Տարիների փորձին
ապավինելով՝ երկրի խաղաղ բնակչությունը իզուր էր սպասում ապրիլի 17-ի
կիրակիին։ Այդ կիրակի արձանագրվեց ԱՄՆ դոլարի ամենացածր կուրսը՝ 423 դրամ։
Ու սկսվեց։
Հիթ-շքերթ
Հայ գործարարների բողոքը դուրս եկավ ստվերից։ Լրատվական
գործակալությունները տարածեցին Արտաշատի պահածոների գործարանի, «Արաքս
գոլդ» ձեռնարկության տնօրենների կարծիքները։ Համարյա նույն
ձեւակերպումներով նրանք պնդում են՝ եթե ամերիկյան դոլարի արժեզրկումը
շարունակվի, ընկերությունները կկրեն վիթխարի վնասներ։ Նրանք հուսահատ
փորձում են բացատրել, որ ազգային արժույթի արժեւորման նման տեմպեր միայն
Հայաստանում են արձանագրվում։ Ուշադրություն դարձրեք՝ սննդամթերք
արտահանող գործարարները հիմա են բողոքում։ Նրանք դեռ մշակում եւ
արտահանում են անցած ամռանն ու աշնանը մթերած գյուղմթերքներ։ Այսինքն,
հարաբերականորեն էժան ձեռք բերված մթերք։ Այսօր արդեն անհնար է արտահանել։
Եթե ֆինանսական շուկայում մնան նույն տենդենցները, 2005 գյուղատնտեսական
տարվա վերջում ճգնաժամն ավելի կխորանա։
«Միջազգային էներգետիկ կորպորացիաներ» հայաստանյան ընկերության տնօրենը
նշում է, որ դրամի նկատմամբ դոլարի արժեզրկումն իր ղեկավարած
ձեռնարկությանը պարտադրում է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Խոսքը
Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի մասին է։ Բարձր լարման 1 կվտ-ն
վաճառվում է 2,75 դոլարով։ Իսկապես տրամաբանական է, որ զուտ արտահանման
գծով այս կորպորացիան եւս վնասներ է կրում։ Չնայած տրամաբանությունը
հուշում է, որ դրամի կուրսի բարձրացումը եկամտաբեր է ներկրողի համար։
Բոլոր ներկրողների՝ ներառյալ նաեւ այն ոլորտները, որոնք ներկրվող հումք են
վերամշակում եւ արտադրանքը հիմնականում իրացնում ներքին շուկայում։
Էներգետիկան հենց այդպիսի ոլորտ է։ Այլապես կստացվեր, որ տուժում են
բոլորը։
Կառավարելիության տեսլական
Հայաստանի ֆինանսական շուկայի մասին առկա բոլոր վերլուծությունները
քննարկում են միեւնույն խնդիրները՝ ո՞ւմ է ձեռնտու, ովքե՞ր են տուժում,
ովքե՞ր են շահում։ Պատասխանները հստակ են՝ տուժում են ցածր եւ միջին
եկամուտ ունեցողները, արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսվարողները։
Մնացած բոլորը շահում են։ Ի վերջո, դոլարը (ինչպես նաեւ մյուս
տարադրամները) իրականում չի արժեզրկվում, որովհետեւ չի արժեզրկվում
իրական՝ միջազգային շուկայում։ Արժեզրկվում է միայն հայաստանյան՝ ներքին
շուկայի մի հատվածում շրջանառվող տարադրամը։ Պարզ լինելու համար նշենք, որ
տարադրամի 20-30%-անոց արժեզրկման պայմաններում ներքին շուկայում նույն
չափով թանկացան միայն այն ապրանքները, որոնք վաճառվում էին բացառապես
դրամով։ Խոսքը հացի, ալյուրի, շաքարավազի, էժան հագուստի մասին է։ Այդպես
էլ չթանկացան կենցաղային սարքավորումները՝ արդուկ, հեռուստացույց,
սառնարան եւ այլն։ Այսինքն՝ չթանկացան այն ապրանքները, որոնց վաճառքը միշտ
էլ տարադրամով է եղել։ Եթե իսկապես տարադրամի արժեզրկում լիներ եւ
արժեզրկվեր խոշոր օրիգարխների ունեցվածքը (20-30%-ի չափով) ֆինանսական
շուկայում իրական խուճապ կսկսվեր։ Անկառավարելի խուճապ։
Մինչ այսօր իշխանությունները վստահ էին, որ ստվերում է տնտեսության
40-60%-ը։ Դրամի արժեւորումը այլ եզրակացությունների հնարավորություն
տվեց։ Փորձագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ ներքին շուկայում
տարադրամի շրջանառության ծավալը մոտ 4 անգամ գերազանցում է ազգային
արժույթի շրջանառության ծավալին։ Իսկ այս հաշվարկներն անհավանական էին
իշխանությունների համար։ Ազգային դրամով մշակված եւ վարվող դրամավարկային
քաղաքականությունն այս հարաբերությունների մասշտաբում դառնում է
վտանգավորության աստիճանի անկառավարելի։ Երկրի տնտեսական ղեկավարությունը՝
կառավարությունն ու ԿԲ-ն, այս պատճառով փորձում են խուճապային ծրագրեր
մշակել։ Բայց շարունակություն ենթադրող վերջաբան համարվող ստանդարտ հնարքը
կիրառելով ասեմ, որ դա զրույցի առանձին թեմա է։