Ամեն ինչ որոշվելու է Հայաստանում

03/03/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Փետրվարի 19-ից հետո իշխանություն-ընդդիմություն դիմակայության մեջ ոչ մի լրջագույն փոփոխություն չի եղել:

Այդ դիմակայությունն՝ ինչպես փետրվարի 19-ին նախորդող 2-3 ամիսներին, այնպես էլ այսօր՝ բավականին կոշտ է: Երեկ «Տեսակետ» ակումբում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա դիտարկմամբ՝ ընտրական գործընթացն առնվազն իրավաբանորեն դեռեւս չի ավարտվել, քանի որ թեկնածուները դեռ հնարավորություն ունեն դիմել Սահմանադրական դատարան: Ա. Իսկանդարյանի դիտարկմամբ, եթե քվեարկության օրը մարդիկ քվեարկում էին ձեռքով, ապա այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ «քվեարկում են ոտքով»: Խոսքն Ազատության հրապարակում արդեն 9 օր անընդմեջ շարունակվող հանրահավաքների մասին է: Ըստ նրա, այս ամենը դեռեւս պահպանում է բավականին կոշտ դիմադրություն: Հաշվի առնելով այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, քաղաքագետը կանխատեսում է, որ մինչեւ Տեր-Պետրոսյանի դիմումի հարցով ՍԴ-ի վճռի կայացումն էական որեւէ բան ստեղծված դիմակայության մեջ չի փոխվի, եթե, իհարկե, չլինեն ֆորս-մաժորներ: «Սակայն Սահմանադրական դատարանի վճռից հետո երկրում մի կրիտիկական պահ կստեղծվի՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այդ վճիռը»,- գտնում է Ա. Իսկանդարյանը: Նրա խոսքերով՝ ՍԴ-ի վճռից հետո այս դիմակայության մեջ առաջին անգամ գնդակը կհայտնվի Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշտում: Քաղաքագետի դիտարկմամբ՝ մինչ օրս Տեր-Պետրոսյանը եղել է իշխանությունների քայլերը կամ նրանց հնարավոր քայլերին հակադարձողի դերում, սակայն ՍԴ-ի վճռից հետո կստեղծվի մի վիճակ, երբ գնդակը կհայտնվի Տեր-Պետրոսյանի դաշտում, եւ, թե ինչ կլինի դրանից հետո, քաղաքագետը դժվարանում է ասել: Նա խուսափում է կանխատեսել նաեւ այն, թե ինչո՞վ կավարտվի այս ամենը: Ալեքսանդր Իսկանդարյանը փաստում է, որ մեր հասարակության զգալի մասն ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, կան մի քանի բողոքական զանգվածներ, ովքեր իրենց դժգոհությունն իշխանություններից արտահայտում են վարսավիրանոցներում, սուրճի բաժակի շուրջ եւ այլն, սակայն մինչեւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ վերստին քաղաքականություն մուտք գործելն՝ այդ բողոքական զանգվածները մի կենտրոնում չէին կենտրոնացվում: Տեր-Պետրոսյանին, նրա դիտարկմամբ, հաջողվեց այդ ամենը կենտրոնացնել: Հասարակությունը նրա մեջ տեսավ «հակաիշխանությանը»: Այդպիսին ՀՀ առաջին նախագահին ընկալեց նաեւ իշխանությունը, ով, ինչպես նշեց քաղաքագետը, իր քայլերով, իր հեռուստաընկերություններով ապացուցում էր, ցույց էր տալիս, որ «Տեր-Պետրոսյանն է իմ հակառակորդը, ես նրանից եմ վախենում»: Ա. Իսկանդարյանի դիտարկմամբ՝ անկախ ներհայաստանյան իրադարձությունների զարգացումից, արտաքին աշխարհի արձաքանգը մեր ընտրությունների վերաբերյալ կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի: Սակայն արտաքին արձագանքն, ըստ նրա, որոշիչ չէ, եւ ամեն ինչ որոշվելու է Հայաստանում: Խոսելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմադիրներին ուղղված համագործակցության կոչի մասին՝ քաղաքագետը նկատեց, որ եթե Սերժ Սարգսյանի հետ չի համագործակցում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա, թե ովքեր կարձագանքեն այդ կոչին, դա արդեն կարեւոր չէ, որովհետեւ դիմակայությունը Ս. Սարգսյանի ու Լ. Տեր-Պետրոսյանի կամ նրանց թիմերի մեջ է, ոչ թե Ս. Սարգսյանի, ու, ասենք, Արտաշես Գեղամյանի: «Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնի համար է պայքարում, իսկ Սերժ Սարգսյանը նրան այդ պաշտոնն առաջարկել չի կարող»,- նկատեց նա: Իսկ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների՝ այս օրերին ընթացող շուրջօրյա բազմահազարանոց հանրահավաքներն ուժով ցրելու տարբերակը քաղաքագետը թեեւ տեսականորեն հնարավոր համարում է, սակայն գտնում է, որ դա ոչ մի լավ բանի չի բերի: