Վատ է այն նախագահը, որը չի ձգտում քարտուղար դառնալ

03/03/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի քայլը` ճանաչել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները եւ դարձյալ ընդգրկվել իշխանական կոալիցիայի կազմում` այս անգամ էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, նշանակում է՝ իր օգտին քվեարկած մարդկանց ձայները նվիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն այդ նվերը Բաղդասարյանը նվիրելուց առաջ այնքան է օգտագործել, որ գոնե առաջիկա 5 տարիներին այն ոչնչի չի ծառայի. մարդիկ, ովքեր չեն ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին, իրենց ձայները վստահել էին Ա. Բաղդասարյանին` հավատով ու սպասելիքներով: Սակայն ստացվեց այնպես, որ Ա. Բաղդասարյանի` ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո ԱԺ ամբիոնից իր դրության վրա ուրախացողներին ուղղված նզովքը, թե` ձեզ էլ նման ձեւով թող դավաճանեն, փաստորեն դիպավ հենց իր ընտրազանգվածին: Դատելով Ա. Բաղդասարյանի քաղաքական քայլերից եւ նրա մասին արդեն ձեւավորված կարծիքից` դժվար չէ ենթադրել, որ ոչ միայն ողջ քաղաքական դաշտում, անգամ իշխանական կոալիցիայի կազմում ՕԵԿ-ը հարգանք չի վայելի: Հնչեցրած մտքերի ու դրան հետեւած տրամագծորեն հակառակ գործողությունների առումով Ա. Բաղդասարյանը միայնակ չէ:

Տասնամյա երկարատեւ եւ ծանր լռությունից հետո շաբաթվա սկզբում խոսեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Գրիգորյանը, գեներալ Մանվելի եղբորորդին: 2 շաբաթ առաջ որեւէ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ մեր երկրում տեղի ունեցող որեւէ իրադարձություն կկարողանա հասարակության ականջին հասանելի դարձնել պարոն Գրիգորյանի հաճելի բարիտոնը: Այլ խնդիր է, թե բառերի այն շարադասությունը, որը նա ընտրել էր` ձեւակերպելու իր միտքը, շատերիս ստիպեց նախապատվությունը տալ նրա գեղեցիկ լռությանը: Պարոն Գրիգորյանի եւ նրա 6 գործընկերների վրդովմունքի առարկան այն էր, որ իրենց թյուրիմացաբար վերագրվել են մտքեր, որոնք իրենք երբեւէ չեն ունեցել:

Ա. Բաղդասարյանի եւ նրա տիպի քաղաքական գործիչների վարքը ստիպում է որոշ վերլուծաբանների եզրակացնել, թե ՀՀ-ում քաղաքական լուրջ գործիչ չկա, բոլորը ծախված են, վախի մթնոլորտ է, շատերը չեն հանդգնում իրենց կարծիքը բարձրաձայն ասել: Սակայն կան հակառակն ապացուցող եւ լիարժեք հուսահատությունից փրկող օրինակներ: ԱԳ արդեն նախկին փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանի եւ նրա դիվանագետ գործընկերների հայտարարությունը խոսում է այն մասին, որ ազնիվ կենսագրություն, ինտելեկտ, լավ դաստիարակություն ու կրթություն ստացած մարդու համար` անկախ իր զբաղեցրած պաշտոնից, երբեք բարդ չէ ասել այն, ինչ մտածում է: Մեր երկրում քաղաքական գործիչները, բարձրաստիճան չինովնիկները, զինվորականները, պատգամավորների մեծամասնությունն իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու միայն 1-2 փոքրիկ բարդություն ունեն` ցածր գիտակցություն եւ ոչ անբիծ կենսագրություն: Այսինքն` յուրաքանչյուր ազատորեն արտահայտած մտքին ի պատասխան` իշխանությունները կարող են ցույց տալ կաշառքով զինծառայությունից ազատված զինակոչիկների ցանկը, բանակում ինչ-ինչ հանգամանքներում սպանված զինվորների գործերի տապալված քննությունը, թաքցրած հարկերը, ընձեռված հնարավորությունը` պատգամավոր դառնալ առանց մրցակիցների եւ այլն, եւ այլն: Զինդատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հետ կատարվածը մեղմ նախերգանքն է այն ամենի, ինչ կարող է կատարվել ոչ այնքան մաքուր կենսագրություն ունեցող եւ այդքանից հետո իշխանություններից դժգոհ յուրաքանչյուրի հետ:

Թեեւ Ազատության հրապարակում հանրահավաքները չեն դադարում, շատ վերլուծաբաններ, մեկնաբաններ սկսել են դժգոհել, որ 24-ժամյա հանրահավաքում երգն ու պարը դոմինանտ են, այնինչ ցանկալի է լսել հռետորներին: Սակայն ՀՀ քաղաքական իրավիճակը կարծես այն փուլում է, երբ որեւէ նոր բան ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունն այլեւս ասել չեն կարող: Ընդդիմության ասածը կարելի է ձեւակերպել մեկ կարճ բառակապակցությամբ` նոր ընտրություններ: Իշխանության պատասխանը` մեկ բառով` ո՛չ:

Հետեւապես, իրավիճակը վերլուծելուն կոչված քաղաքագետներն էլ են արդեն կրկնում իրենց: Այժմ հերթը իրո՛ք ժողովրդինն է, ում հավաքական կենսագրությունը դեռեւս անխոցելի է: Կմնա՞ն հազարավոր մարդիկ Ազատության հրապարակում այնքան, որքան պետք է: Կարծես` այո: Հնարավոր է, որ Ա. Բաղդասարյանի քայլից հետո նրանց թիվն ավելանա: Կարելի՞ է Ա. Բաղդասարյանի` ընդդիմությունից հերթական անգամ իշխանության մաս կազմելն ընկալել որպես արդեն ընդդիմությա՛ն ներսում «ճաքեր առաջացնելու» քաղաքականություն: Դժվար, քանի որ հեռատեսները առաջին իսկ օրվանից էին պնդում Ա. Բաղդասարյանի հիմնական առաքելությունը նախագահական ընտրություններին:

Ամեն դեպքում, երկու դաշտում էլ պայքարն ակտիվ պահելու համար դիմում են նոր հնարքների: Ազատության հրապարակում այս օրերին, ազգային-ազատագրական երգերին զուգահեռ՝ կարելի է լսել նաեւ ռոք երաժշտություն, մասնավորապես` «Քուին»:

Իշխանության թեւը սկսել է գավառական ներկայացում հիշեցնող մի ակցիա` Տեր-Պետրոսյանի տան մատույցներում` դուդուկահարների անսամբլի, սգո պսակների ֆոնին նզովք ու անեծք շռայլող կանանց մասնակցությամբ: Թեեւ անժխտելի առաջատարը երեքշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ-ի թեկնածուին սատարող հանրահավաքն է, որին ստիպել էին մասնակցել նաեւ մսուր-մանկապարտեզների դաստիարակներին: Ինձ էլ զգուշացրեցին, որ երեխայիս մանկապարտեզ չտանեմ: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին զանգահարեցի ու հայտնեցի, որ նման անհեթեթ բան է կատարվում: «Ո՞ր համայնքում է մանկապարտեզը»,- հետաքրքրվեց նա: Կարծելով, որ նրա հետաքրքրությունը պայմանավորված էր դա կանխելով` հաջորդ օրը երեխայիս հետ քայլերս ուղղեցի դեպի մանկապարտեզ: Պարզվեց, որ դաստիարակներն, այնուամենայնիվ, պետք է տարվեն Հանրապետության հրապարակ: Անհեթեթ այդ ներկայացման դեմ անձամբ ես բողոքեցի այսպես` երեխայիս թողեցի մանկապարտեզում եւ հայտարարեցի, որ նրան տուն կտանեմ սովորականի պես, երեկոյան: Այդ օրվանից հետո նրա հետ մանկապարտեզում մնացած, այդպիսով` հանրահավաքի չտարված դաստիարակչուհու դեմքին, ինձ տեսնելուն պես, հայտնվում է բարի ժպիտ: Ճիշտ Սերժ Սարգսյանի ժպիտից, երբ նրա հայացքը կանգ է առնում Արթուր Բաղդասարյանի վրա: