ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը մտադիր է հանդիպման առաջարկով դիմել թե՛
Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե՛ Սերժ Սարգսյանին: Նրա խոսքերով` իր այդ մտադրությունը դեռեւս միջնորդություն չէ, այլ պարզապես ինքը ցանկանում է ճշգրտել կողմերի դիրքորոշումները:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Ա. Մելիքյանը հայտարարեց, որ այդ գործընթացն ինքը պարտավորվում է կատարել թափանցիկ, քանի որ ցանկացած այլ տիպի գործողություն պարզապես գործարքի կնմանվի: Ա. Մելիքյանի կարծիքով` հանրությունն իրավունք ունի կողմերից պահանջել՝ հաշտություն եւ ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել: Իսկ մենք բոլորս պարտավոր ենք դրան մասնակցել: Թեկնածուն դեռեւս մի քանի օր առաջ հայտարարել էր, որ պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ, եւ երեկ էլ նշեց, որ երկխոսության գաղափարն ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի եւ հասարակության համար ընդունելի է. «Առհասարակ ես գտնում եմ, որ ցանկացած ընտրություններում պետք է հաղթի ոչ թե քաղաքական թիմը, այլ հանրությունն ընդհանրապես: Իսկ այս տեսանկյունից Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը պահպանվում է, այն չի հաղթահարվել: Ես չէի էլ ակնկալում, որ կողմերից մեկն անմիջապես ինձ կդիմի միջնորդությունն առաջ տանելու խնդրանքով: Բայց դրանից հետո եղած զարգացումները թույլ են տալիս ասելու, որ կողմերն, այնուամենայնիվ, մտածում են այդ մասին, ինչի վկայությունն էլ վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկն էր` ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության մակարդակում համագործակցելու վերաբերյալ: Ես դա համարում եմ կարեւոր քայլ առաջ»: Ա. Մելիքյանի կարծիքով, սակայն, այս ձեւը չի լուծելու այս դիմակայության խնդիրը, որովհետեւ ակնհայտ է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան սատարող ուժերը համաձայնվեն կոալիցիոն կառավարության մեջ մտնելուն, ապա նրանք չեն ընկալվի իրենց սատարող զանգվածի կողմից: Ավելին, այդ դեպքում, ըստ Ա. Մելիքյանի, կստացվի, որ սա պարզ հերթական գործարք է, աթոռակռիվ եւ, որ այստեղ որեւէ սկզբունքային խնդիր չի եղել: Ա. Մելիքյանը ցանկանում է, որպեսզի քաղաքական դաշտը մաքրվի, եւ լինեն հստակ իշխող կուսակցություն ու հստակ ընդդիմություն, որը կլինի սկզբունքային եւ պատրաստ չի լինի հանուն «տաք տեղերի»՝ իշխանության հետ գնալ գործարքների: Եվ այս առումով նա գտնում է, որ հենց ներկայիս իրավիճակում է դրված մեր ապագա առաջընթացի առաջին կարեւոր սաղմը. «Կարծում եմ` բոլորս էլ ձանձրացել ենք նրանից, որ բոլոր քաղաքական ուժերը համախմբվում են իշխանության շուրջ: Մենք չենք ունեցել եւ չունենք իրապես զորեղ, գործուն, սկզբունքային ընդդիմություն: Ժամանակն է եկել, որ մի կողմից՝ հանրապետականները, որ կազմում են խորհրդարանի մեծամասնությունը, ազատվեն տարատեսակ քաղաքական տզրուկներից եւ ինքնուրույն տանեն իրենց գործը: Դա կատարյալ պատասխանատվություն ստանձնելու քայլ կլինի: Բայց միեւնույն ժամանակ՝ ես համոզված եմ, որ առանց գործուն ընդդիմության մենք կունենանք այն, ինչ ունեցել ենք առայսօր: Եվ այս տեսանկյունից գուցե իսկապես օգտակար կլինի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը կարողանան միավորվել, ու ստեղծվի արեւմտամետ, լիբերալ արժեքներին դավանող իսկապես հզոր մի նոր քաղաքական ուժ: Եվ դա մեր հանրությանը այս ընտրությունների մատուցած մեծագույն ծառայությունը կլինի»: Ըստ Ա. Մելիքյանի` այսօր գերխնդիրը մնում է երկխոսության սկիզբն ու դրա թեմաները, որովհետեւ շատերն են առաջարկել երկխոսություն, բայց այդ առաջարկները մինչ օրս բավական հեղհեղուկ էին: Նրա կարծիքով` այսօր կարող ենք ակնկալել, որ հաջող գործերի ընթացքի պարագայում Հայաստանում կունենանք երկու հզոր քաղաքական ուժեր, որոնք կկարողանան իրար հետ որոշակի խաղի կանոններ մշակել ու դրանցով առաջնորդել երկիրը: Բանախոսը նշեց նաեւ, որ հարցեր կան, որոնց շուրջ ինքը կիսում է ընդդիմադիր ռադիկալ դաշտի հայացքը, բաներ էլ կան, որ համամիտ է իշխանությունների հետ. «Բաներ կան, որոնցում ես համամիտ չեմ թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ»: Ինչ վերաբերում է ընտրությունների վիճարկման հարցին, Ա. Մելիքյանը նշեց, որ Հայաստանն օրենքի երկիր չէ, այստեղ գործում է կառավարման կոռուպցիոն համակարգը: Իսկ այս տեսանկյունից Ա. Մելիքյանը ընտրությունների ու դրանց արդյունքների հետ կապված պատրանքներ չունի. «Վերջին հաշվով, եթե առայսօր չեն կարողանում իմ այդքան քիչ ձայները ստույգ հաշվել, ինչի՞ մասին է խոսքը: Առհասարակ, մենք այսօր օրենքի, իրավունքի դաշտում լուծումներ չենք կարող առաջարկել: Ուստի պետք է գնանք քաղաքական լուծումների, որին պետք է մասնակցի հանրությունը, որովհետեւ ոչ մի քաղաքական թիմ ինքնագլուխ որոշումներ չպետք է կայացնի»: