Կոսովոն նախադեպ է

03/03/2008

Երեկ Երեւանի Պետական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրեց, թե ինչպես է վերաբերվում Կոսովոյի անկախությանը, ի՞նչ մեկնաբանություններ ունի այդ առնչությամբ: «Ունենալով Լեռնային Ղարաբաղի հարց՝ մեզ համար կարեւոր է Կոսովոյի անկախության նախադեպը: Կոսովոյի խնդիրը միջազգային հանրությանն ամենահուզող հարցն է, եւ այդ անկախությունն անխուսափելի է: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ ժողովուրդ, իր պատմական հողի վրա ապրելով անկախություն ձեռք բերելուց հետո, բանակցությունների ճանապարհով հրաժարվի այդ փաստացի անկախությունից ու համաձայնի մեկ այլ կարգավիճակի: Համոզված եմ, որ անխուսափելի փաստ է: Հարցն այլ անկյան տակ պետք է դիտել. արդյո՞ք այս պահին անկախության իրավական ճանաչումն այլ պետությունների կողմից ճիշտ է, թե՞ կարելի է ճանաչման նույն արդյունքին հասնել, բայց ժամանակի ընթացքում մեղմացնելով սերբական կողմի արձագանքը: Միգուցե հնարավոր է ավելի ճկուն քայլերով վերջնական արդյունքի հասնել, բայց որ վերջնական արդյունքն անկախությունն է լինելու, ես չեմ կասկածում: Կոսովոն նախադեպ է, տարբերությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղում գործընթացն ավելի շուտ էր սկսվել, եւ ԼՂ անկախությունը դեռեւս 1991թ. սեպտեմբերին է հռչակվել: Կոսովոն նոր է այն հռչակել, եւ մենք ոչ քիչ իրավունքներ ունենք անկախ Ղարաբաղ ունենալու, քան Կոսովոն: Կոսովոն չէ, որի պատճառով մենք պետք է մտածենք Ղարաբաղի անկախության մասին, սա մեզ համար եղած, ճանաչված փաստ է, եւ պետք է ձգտել, որ այլ պետություններ եւս ճանաչեն»,- ասաց Ռ.Քոչարյանը: