«Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկվա ասուլիսը սկսեց 1997թ. ՀՀՇ
9-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված մեջբերելով, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանը` խոսելով իշխանության ու ընդդիմության պայքարի մասին, ասել էր, թե ընդդիմությունը տուրք է տալիս ամբոխավարությանը, կեղծիքին` փորձ անելով պառակտել իշխանությունը, սակայն «այդ ամենը նորմալ է, ամեն ինչ տեղի է ունենում ինչպես ժողովրդավարական երկրներում, ուր ընդդիմությունը փորձում է իր գործը անել, իսկ իշխանությունն էլ շարունակում է իր գործը»: «Մեկնաբանություններն ավելորդ են»,- ընթերցելուց հետո հայտարարեց Ա. Հարությունյանը: Իսկ հարցին, թե նախագահի ընտրությանն իր ստացած մեկ տոկոսից էլ պակաս քվեով ինքն ի՞նչ ծավալ է ակնկալում կոալիցիոն կառավարության մեջ, նախկին թեկնածու Ա. Հարությունյանը պատասխանեց, թե իրականում իրենց ներուժը շատ ավելին է, քան ստացած քվեն` հայտարարելով. «Ընտրարշավի կեսից ես անում էի այնպես, որ ամեն պատահած մարդ նախագահ չդառնա: Իմ ընտրողները հասկացել են, որ ես ամեն ինչ անում եմ հնի վերադարձ թույլ չտալու համար, եւ մարդիկ՝ հասկանալով դա, շատ դեպքերում ինձ ձայն տալու փոխարեն՝ ձայն են տվել Սերժ Սարգսյանին»: