«Առանց տանից դուրս գալու դուք կարող եք զանգահարել ձեր հարազատներին
ցանկացած ուղղությամբ: Հաջորդ օրը ոչ ոք չի գա ձեր տուն գումար գանձելու»:
Մեր կյանքում իրենց նոր ծառայության մուտքն այսպես ազդարարեց «ԱրմենՏելի»
ղեկավարությունը: Այսպիսով, ապրիլի 25-ից ընկերությունը կսկսի մատուցել
ինտերնետ հեռախոսակապի (IP) ծառայություն: Ճիշտ է, «ԱրմենՏելն» առաջին
անգամ է մատուցելու այդ ծառայությունը Հայաստանում, սակայն դա նորություն
չէ: Բայց «ԱրմենՏելը» խոստանում է, որ իր մատուցած ծառայությունն ավելի
որակյալ կլինի: Այս նպատակով ընկերությունը թողարկել է 2500, 5000 եւ
10000 դրամ արժողությամբ քարտեր, որոնց վրա մանրամասն հրահանգված է, թե
զանգելու համար ինչպես պետք է վարվի քաղաքացին: Հիշեցում. անպայման պետք է
օգտվել ստեղնային հեռախոսից:
Ինտերնետ հեռախոսակապից կարելի է օգտվել անալոգային ու թվային կայաններից:
Այս կապի սակագները հաստատված են կարգավորող մարմնի՝ Կապի ու տրանսպորտի
նախարարության կողմից: Այս ծառայությունը հայերին հնարավորություն կտա
ինտերնետի միջոցով 5 անգամ ավելի էժան խոսել արտերկրում բնակվող իրենց
հարազատների հետ: Ի դեպ, ընկերությունն այս ծառայությունը մատուցելու է
սահմանվածից ավելի ցածր սակագնով: Մոսկվա կարելի է զանգահարել 1 րոպեն 69
դրամով, Ռուսաստան՝ 83 դրամով:
Հիշեցնենք, որ անցած տարի թիվ 60 լիցենզիայում տեղի ունեցած
փոփոխություններից հետո ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցելու
մենաշնորհը տրվեց «ԱրմենՏելին»: Իսկ ի՞նչ է լինելու այն ընկերությունների
ճակատագիրը, որոնք մինչեւ հիմա մատուցել են այս ծառայությունը: Չի
բացառվում, որ «ԱրմենՏելն» այդ ընկերությունների հետ առեւտրային
պայմանագրեր կնքի, ուղղակի կարգավորող մարմինը պետք է վերահսկի շուկան:
Ինչ վերաբերում է բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմի» հետ
կնքվելիք պայմանագրին, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս
Ֆետսիսը տեղեկացրեց, որ փոխկապակցման պայմանագրի բոլոր վիճելի կետերի
վերաբերյալ կողմերն անցած շաբաթ համաձայնության են եկել: Պարոն Ֆետսիսը
հայտնեց, որ այդքան երկար սպասված պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում:
Իսկ արդյոք «ԱրմենՏելը» կէժանացնի՞ բջջային հեռախոսակապի սակագները: Պարոն
Ֆետսիսը չպատասխանեց՝ ասելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Սակայն նշեց, որ
մրցակցության հիմնական նախապայմանները երկուսն են՝ բարձր որակ եւ գրավիչ
գներ: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ ապագայում «ԱրմենՏելն»
այնուամենայնիվ բջջային կապի սակագները կէժանացնի:
Ա. Ա.