Հերքել է

03/03/2008

Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը, ով հայտարարել է, թե ինքը Լ.Տեր-Պետրոսյանի մորեղբոր տղան է, 2008թ. փետրվարի 19-ին դիմում էր ներկայացրել այն մասին, թե 33/78 ընտրատեղամասի մոտակայքում առանց պետհամարանիշի ավտոմեքենաներից ընտրակաշառք են բաժանում: Դիմումի հիման վրա` Շիրակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Ղարիբյանը բացատրություն է տվել, որ քվեարկության օրը գտնվել է ԸԸՀ-ում եւ սխալներ, խախտումներ չի հայտնաբերել, որ քվեաթերթիկների լցոնման դեպքեր չի արձանագրել: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության` նա փաստել է, որ այդ ընտրատեղամասում ընտրություններն անցել են նորմալ, առանց խախտումների, եւ որ այդպիսիք նկատելու դեպքում անպայման մատյանում նշումներ կաներ: Նաեւ ասել է, թե քվեարկության ամբողջ ընթացքում ընտրատեղամասից դուրս չի եկել եւ դիմումը գրել է դրսից լսած խոսակցության հիման վրա: Մ.Ղարիբյանը հայտնել է նաեւ, որ ընտրություններից հետո հարցրել է իր հարազատներին, բարեկամներին, ընկերներին, սակայն նրանք բոլորն էլ հայտնել են, որ «իրենց ոչ ոք ընտրակաշառք չի առաջարկել, եւ քվեարկել են իրենց կամքով»: Քրեական գործի հարուցումը մերժվել է: