Փետրվարի 28-ին ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Սեդա Մելիքյանն ու Լալա Ասլիկյանը դիմել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով, որ փետրվարի 27-ին ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մասում նրանց նկատմամբ կատարվել են բռնություններ. «Զ. Փոստանջյանին քարշ տալով գցել են գետնին, խլել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միկրոֆոնը, դրսեւորել անհարգալից վերաբերմունք ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ: Բացի այդ, ըստ դիմումատուների, ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանը ցանկացել է այս ամենի մասին հայտարարություն ներկայացնել ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժին, սակայն բաժնի հերթապահ մասում հրաժարվել են այն ընդունել»: Պաշտպանի գրասենյակը երեկ այս առնչությամբ հայտարարություն է տարածել` նշելով, որ` ելնելով «Մարդու իրավունքների Պաշտպանի մասին» ՀՀ օրենքով պաշտպանին վերապահված լիազորություններից, Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին՝ առաջարկելով ստուգել դիմումում նշված փաստերը եւ դրանց վերաբերյալ տալ իր պարզաբանումները հնարավորինս սեղմ ժամկետներում: