Հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով ՀՀ իշխանությունները, ընդդիմությունն ու մարդկանց տարրական իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները լծվել են հետընտրական գործընթացները սրելու կամ դրանք կանխելու գործին:
Շարքային քաղաքացիների խնդիրներն այս օրերին ոչ մեկին, կարծես թե, չեն հետաքրքրում: Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ուսանողական ավանում բնակվող ավելի քան 100 բնակիչները չեն դադարում դիմել պետական մարմիններին եւ զանգվածային լրատվամիջոցներին` խնդրելով այցելել եւ ծանոթանալ հանրակացարանում տիրող իրավիճակին: Հանրակացարանում նկարահանումներ անելու եւ խնդիրը բարձրաձայնելու բնակիչների խնդրանքները, որպես կանոն, մերժվում են բոլոր հեռուստաընկերությունների կողմից, քանի որ վերջիններիս մտահորիզոնում քաղաքական զարգացումների հետ կապված հույժ կարեւոր ռեպորտաժներն են: Բանն այն է, որ հունվարի 15-ից սկսած հանրակացարանի 2-րդ հարկում կապիտալ շինարարություն է ընթանում` հյուրանոց կառուցելու նպատակով: 8 հարկանի այս շենքի կոյուղու խողովակները շինարարներն ամբողջովին փակել են` 2-րդ հարկում քաղաքակիրթ պայմաններ ստեղծելու պատրվակով: Այս շենքում տիրող արտակարգ իրավիճակը հնարավոր չէ նկարագրել, քանի որ կոյուղաջրերն ամբողջովին լցվում են մարդկանց գլխին: Հանրակացարանի բնակիչները հնարավոր բոլոր միջոցներով փորձում են կանխել կեղտաջրերի հոսքը դեպի բնակարաններ, սակայն շենքի միջանցքներում տեսարանն աննկարագրելի է: Կոյուղաջրերի գարշահոտությունը տարածվել է ամբողջ շենքով մեկ, ու մարդիկ չգիտեն` ուր փախչեն այդ հոտից: Հանրակացարանում զուգարաններն ընդհանուր են, հետեւաբար՝ մարդիկ անգամ զուգարանից չեն կարողանում օգտվել, որովհետեւ գլխավերեւից կեղտաջրեր են հոսում: Ոչ միայն հնարավոր չէ կանխել կոյուղու խողովակաշարերից հոսող ջրի շիթերը, այլեւ փակված է նաեւ խմելու ջրի խողովակաշարը: Դեռեւս հունվար ամսին «168 Ժամն» անդրադարձել է այս խնդրին, ինչի առիթով նաեւ մեկնաբանություն էինք պահանջել Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանից: Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակում բնակիչները հենց Գ. Եգանյանին էին մեղադրում` ասելով, որ նա հյուրանոց է կառուցում: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ հանրակացարանի 2-րդ հարկում կառուցվում է ոչ թե հյուրանոց, այլ ապաստան փնտրողների համար հատուկ կացարան: Բացի այդ, Գ. Եգանյանը հիշեցնում էր, որ հանրակացարանը տնօրինում են բաժնետիրական ընկերություններ, այլ ոչ թե Միգրացիոն գործակալությունը, իսկ տիրող հակահիգիենիկ եւ անտանելի վիճակի համար նա պարզապես բնակիչներին համբերատարության կոչ էր անում: Հանրակացարանի բնակիչների համբերությունը այլեւս տեղի է տալիս, ինչը միանգամայն հասկանալի է. «Դրսի քաղաքացիների, ապաստան փնտրողների համար կապիտալ շինարարություն են անում, բայց Հայաստանի քաղաքացու վրա թքած ունեն: Առանց այդ էլ հազիվ գոյատեւում ենք էս պայմաններում, բոլորս էլ վատ վիճակում ենք, բայց էս հակասանիտարական վիճակից շատ ենք վախենում: Սա խոլերայի բուն ա, մանկահասակ երեխաներ կան շենքում, որ միջանցքով գնում-գալիս են: Չենք հասկանում, էսօր բոլորը մեր կյանքը բարելավելու անվան տակ իշխանություն են ուզում, միտինգներ են անում, բայց տարրական պայմանների համար ահազանգում ենք բոլոր կառույցներին` ոչ մի տեղից բանի տեղ չեն դնում: Բոլորն էլ թքած ունեն սովորական մարդկանց վրա»,- ասում են զայրացած բնակիչներն ու թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերին հիշեցնում, թե ընտրություններից առաջ իրենց քվե տալու համար ինչեր էին խոստանում: Հանրակացարանի բնակիչների հավաստմամբ` հունվարից մինչ օրս իրենք կեղտաջրերի մեջ են ապրում, իսկ սենյակների խոնավության պատճառով շատերը հիվանդացել են թոքաբորբով: Եվ իրոք, շրջելով շենքի սենյակներում, համոզվեցինք, որ դրանց պատերը խոնավությունից բորբոսնել են: Իսկ զուգարաններում եւ միջանցքներում տիրող հակահիգիենիկ իրավիճակով, կարծում ենք, պետք է հետաքրքրվեն, մասնավորապես, հակահամաճարակաբանները, որովհետեւ այստեղ իրավիճակը խիստ մտահոգիչ է: «Մանր երեխեք ունենք, ուր պտտվում` կեղտաջրեր են, հազար ու մի ինֆեկցիա կա: Ինչքա՞ն կարելի ա երեխեքին արգելել միջանցք դուրս գալ»,- զայրացած ասում են բնակիչներն, ովքեր հատկապես մտահոգված են եղանակի փոփոխությունից, քանի որ որքան ջերմաստիճանը տաքանում է, այնքան հանրակացարանի շրջակայքում մաքուր օդ շնչելն անհնար է դառնում: Ի դեպ, 8 հարկանի այս հանրակացարանի յուրաքանչյուր հարկում բնակվում է շուրջ 20 ընտանիք: Վերջիններս իշխանություններին եւ ընդդիմությանը հիշեցնում են, որ օրեր առաջ իրենց կեցությունը բոլորի համար շատ կարեւոր էր, մինչդեռ ընտրություններից հետո որեւէ մեկը չի բարեհաճում հետամուտ լինել իրենց խնդրին: Բնակիչների դժգոհությունը, կարծում ենք, միանգամայն օրինաչափ է, քանի որ դեռ մի քանի օր առաջ նախագահի թեկնածուները խաղադրույք էին կատարում նման մարդկանց վրա, իսկ հիմա ընդդիմությունը «Ազատության» հրապարակում «տրնգի» է պարում, իսկ իշխանությունն էլ փորձում է պարողներին կարգի հրավիրել: Մինչդեռ, շարքային քաղաքացիների կյանքը վտանգի տակ է: