Սպասում են ձեռքսեղմանը

03/03/2008

Հետընտրական շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, պետականության համար առաջացած հնարավոր վտանգների մասին երեկ հայտարարությամբ է հանդես եկել «Կայունություն հասարակական շարժում» պետականության աջակցման հասարակական կազմակերպությունների եւ անհատների միությունը:

«Բարձր դասելով կայունության եւ հայոց պետականության անսասանության հիմնահարցերի կարեւորությունը հետընտրական ժամանակաշրջանում նույնպես` «Կայունություն հասարակական շարժում» միությունը կոչ է անում հայ ժողովրդին՝ համախմբվել ու միասնական ուժերով աջակցել ՀՀ-ում մշտական կայուն վիճակի հաստատման ազնիվ նպատակի իրականացմանը, միավորվել կայունության վեհ գաղափարի շուրջ եւ նպաստել առաջընթացի համար երաշխիքներ ապահովելուն»,- ասված էր հայտարարությունում: Միության համակարգող Սուրեն Մամիկոնյանը ներկայացնելով հ/կ-ի հայտարարությունը, ողջունել է ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից օրերս արված համագործակցության մասին կառուցողական առաջարկը, ինչն, ըստ նրա` կարեւորագույն քայլ է երկրում հանդուրժողականության ու խաղաղության մթնոլորտի ձեւավորման ու կայուն պետականության հաստատման ուղղությամբ, «քանզի կայունությունն է պետության զարգացման հիմնական երաշխիքը»: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Բաբկեն Հարությունյանն իր ելույթում նշել է, որ հայ ժողովրդի պատմության ընթացքում պետականության կորստի բազմաթիվ դեպքերը ծնվել են նրանից, որ հասարակությունը Հայաստանում երկփեղկվել է` բաժանվելով բյուզանդամետների եւ պարսկամետների, ունիթորների եւ հակաունիթորների: «Այսօր անխոհեմ գործողությունները կարող են շատ ծանր հարված հասցնել հայոց պետականության հիմքերին, եւ ժողովուրդը պետք է գիտակցի այդ հանգամանքը: Հայ ժողովուրդն ընտրել է իր նոր նախագահին, եւ ես չեմ կասկածում, որ միանգամայն արժանիորեն: Սակայն այն հանգամանքը, որ հասարակության 20 տոկոսն իր քվեն տվել է մեկ այլ քաղաքական գործչի, փաստում է, որ մենք դեռ շատ բաներ ունենք անելու, ուրեմն թույլ ենք տվել բացթողումներ,- ասել է նա` հավելելով,- Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իրոք հայրենասեր է, պետք է ինքը կատարի իր փոխադարձ քայլը: Եթե կան թերություններ, թող նորընտիր նախագահի հետ միասին ինքը նույնպես լծվի դրանց վերացման գործին: Պետք չէ մոռանալ, որ մեծ տերությունները բառացիորեն խոշորացույցով են հետեւում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Եկեք հնարավորություն չտանք նրանց մտածելու, հատկապես` մեր թշնամիներին, որ «կարիք չկա հայերին հարվածելու, միեւնույն է` իրենք իրենց արդեն վնասում են»: Իսկ եթե մենք միասնական լինենք, մեզ ոչ ոք չի կարողանա շեղել մեր ճշմարիտ ուղուց»: Բ. Հարությունյանը չի մեղադրում այն մարդկանց, ովքեր հավաքվել են Ազատության հրապարակում, սակայն նա կոչ է արել աչքի լույսի պես պահել մեր նորանկախ պետականությունը. «Ես ճանաչում եմ Ս. Սարգսյանին եւ գիտեմ, որ նա պետական մտածողություն ունեցող գործիչ է, ինչի վառ ապացույցն է համագործակցության իր առաջարկը»: Ռազմիկ Դավոյանի կարծիքով էլ` չնայած նախկինում արված բազմաթիվ մասնագիտական վերլուծություններին, հնարավոր չէր լինում պարզել, թե որ ուժն է Հայաստանում ձգտում «սասանել պետականության» հիմքերը: «Ընտրություններից հետո հասարակությունն ինքը կատարեց այդ վերլուծությունը, եւ այդ ուժերը երեւակվեցին հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացներով: ՀՀ գործող նախագահն այս իրավիճակում առաջնորդվում է հանդուժողականության, իսկ նորընտիր նախագահը` համագործակցության սկզբունքներով: Գնահատում եմ գործող իշխանությունների իմաստուն վերաբերմունքը եւ հուսով եմ, որ այդ սկզբունքները` հանդուրժողականություն եւ գործակցություն, դառնալու են հիմնականը մեր պետականության հետագա զարգացման ընթացքում»,- ասել է Ռ. Դավոյանը: Նրա հավաստմամբ` Ազատության հրապարակում ներկայումս ծավալվում է «գավառական ներկայացում», որի «դրամատուրգը եւ բեմադրիչը» Լ. Տեր-Պետրոսյանն է: «Հայ ժողովրդի մեծ մասը հիշում է, թե ինչեր անցան իր գլխով այդ գործչի կառավարման տարիներին: Աճպարարի եւ ձեռնածուի շարժումները, որ նա անում է ժողովրդի առջեւ, ուղղակի անընդունելի եւ անհամատեղելի են ՀՀ առաջին նախագահի կերպարի հետ, որքան էլ նա վատը եղած լիներ: Հայաստանն օտարերկրյա շահերի դաշտում է, փոքր պետություն` մեծ խաչմերուկում, եւ բազմիցս իրենց սադրիչների միջոցով այդ պետությունները գործիք են դարձրել հայ ժողովրդին: Բավական է, որ մենք գործիք դառնանք ուրիշների ձեռքին, իսկ եթե մեր կամքն ու միասնությունն ամուր լինեն, մեզ չեն կարողանա բզկտել եւ ոտնատակ տալ»,- ասել է Ռ. Դավոյանը:

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, արվեստագետ Արամ Իսաբեկյանի համոզմամբ` Հայաստանում ստեղծված իրավիճակի մեղավորը ժողովուրդը չէ, որ հավաքվում է հրապարակում, այլ նրանք, ովքեր դրդում են նրան այդ քայլին: «Առճակատումը ոչ մի լավ բանի չի բերի, դա մի ձգտում է` ուղղված ոչ թե կառուցելուն, այլ քանդելուն: Կարծում եմ` դա կուրախացնի մեր որոշ հարեւանների, որոնց երազանքն այն է, որ Հայաստանը չկայանա որպես պետություն: Եթե նորընտիր նախագահը մեկնել է ձեզ իր ձեռքը, ապա եկեք, սեղմեք այն: Մենք սպասում ենք դրան»,- ասել է նա: