Ազերի գործարարի վիրտուալ քաջությունը

13/05/2005

Մեր տպագրած «Իրանցի ազերիի անհավանական արկածները Հայաստանում» հոդվածի
հերոս Փարվիզ Նոսրաթի Ալամդարին շատ է զայրացել այն հանգամանքից, որ թերթի
էջերում հայտնվելուց հետո դարձել է «հանրաճանաչ»: Այստեղ նա մեղադրում է
միայն մեր լրագրող Ա. Ավետյանին՝ մոռանալով, որ սա առաջին դեպքը չէ: Պարոն
Ալամդարիին բազմիցս է բախտ վիճակվել դառնալ բազմաթիվ հրապարակումների
հերոս, տարբեր թերթերում: Ուղղակի նախորդ դեպքերում նա հաջողացրել է
դրական կամ ավելի թեթեւ դերեր կատարել: Այս անգամ նրա բախտը ուղղակի չի
բերել ու իր «ամբողջ հմայքով» ու հնարավորություններով բացահայտվել է:
Պարոն Ալամդարին անցած ուրբաթ հետեւել է մեր լրագրողին ու Ալավերդյան
փողոցի վրա հասնելով նրան՝ սպառնացել է պատասխանատվության ենթարկել: Երբ
Ա.Ավետյանը փորձել է ձայնագրել խոսակցությունը, Ալամդարիի տղամարդկային
համարձակությունն անմիջապես դավաճանել է տիրոջը, ու նա սկսել է կմկմալ: Չի
բացատրել, թե ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկի մեր լրագրողին:
Ավելին, նա շփոթվել է այնքան, որ իր ու Աստծո դերերը խառնել է: «Աստծուն
ես պատասխան տալու»,- ի վերջո պատասխանել է նա: Ի դեպ, Ալամդարիի ձեռքին
եղել է բավական թանկարժեք այնպիսի բջջային հեռախոս, որը ձայնագրելու
հնարավորություն ունի: Ու չի բացառվում, որ խոսակցությունն ինքը ձայնագրած
լինի:

Պարոն Ալամդարին ավելացրել է, որ որպես լրագրող՝ Ա. Ավետյանն «ամենավերջին
անմարդկայնությունն է արել իր նկատմամբ»: Այդ «անմարդկայնության»
արդյունքում Փարվիզ Ալամդարին իր թանկարժեք «Բրաբուս» մեքենայի փոխարեն,
ասում են, հիմա վարում է ոչ պակաս թանկարժեք մոտ 80.000 եվրո արժողությամբ
«Ֆոլկսվագեն-Ֆաետոն» մակնիշի նոր ավտոմեքենա: Ի դեպ, ասում են, որ դա այն
նույն մեքենայից է, որից վերջերս ձեռք է բերել գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանը, գրեթե միաժամանակ: