Ջավախքի դպրոցները միշտ էլ լուրջ պրոբլեմներ են ունեցել: Այստեղ կրթության լեզուն հիմնականում հայերենն է, իսկ վրաց լեզուն, որպես հանրապետության լեզու, անցնում են շաբաթական երեք դասաժամ:
«Միխայիլ Սահակաշվիլու նախագահության սկզբնական շրջանում լուրեր տարածվեցին, թե հայկական դպրոցները պետք է վրացականացվեն, այժմ այդ հայտարարությունները ոչ միայն չիրականացան, այլեւ վերացան»,- ասաց դպրոցի փոխտնօրեն Նարինե Ղազարյանը:
Ի տարբերություն տնօրենների` ուսուցիչներին, որպես այդպիսին, չի պարտադրվում վրացերենի իմացությունը, սակայն դպրոցների մեթոդական ծրագրերը ներկայացված են վրաց լեզվով, որն ուսուցիչներին անհասկանալի է, եւ, կարելի է ասել, պարտադրման առաջ է կանգնեցնում: Դպրոցական մատյանները եւս լրացվում են վրացերեն լեզվով, հայերեն թարգմանության համար ոչ մի տեղ հատկացված չէ, ինչը նույնպես բարդություն է առաջացնում ուսուցիչների համար: Խոստումներ եղել են, որ կթարգմանվեն, բայց մոռացության են մատնվել:
«Հայոց պատմություն» առարկան դպրոցական ծրագրի մեջ չկա, բայց այդ առարկայի համար ֆակուլտատիվ դասաժամ է հատկացված՝ շաբաթական մեկ պարապմունք, որը համաձայնեցված է Վրաստանի Լուսավորության նախարարության հետ: «Հայոց պատմություն առարկան օրագրերի մեջ լրացնում ենք, բայց չենք անցնում, որովհետեւ ոչ դասատու ունենք, ոչ էլ դասագիրք: Այնինչ կնախընտրեինք ուսումնասիրել մեր նախնիների պատմությունը, քանի որ այն ավելի հետաքրքիր է ու կարեւոր»,- բողոքեց 9-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Համբարյանը: Փոխարենն ավելի խորացված անցնում են Վրաստանի պատմությունը, որտեղ «Վրաստանի աշխարհագրություն» դասավանդող ուսուցիչ Աշոտ Բանդիկյանը նկատում է բազմաթիվ թյուրիմացություններ. «Որոշ հայկական տարածքներ վրացականացված են, օրինակ` 1918թ. վրացական քարտեզում Կարսի մարզը ներառած է Վրաստանի տարածքի մեջ, քանզի այդ մարզը գտնվել է Ռուսաստանի տարածքում»:
Նախկինում Էդուարդ Շեւարդնաձեի ղեկավարության ժամանակ գոյություն է ունեցել «նախագահական ֆոնդ» հասկացություն, որով առանձին գումար է տրամադրվել վրաց լեզու դասավանդող ուսուցիչներին, իսկ ներկա կառավարության առաջին իսկ օրվանից այդ ֆոնդը վերացել է, սակայն աշխատավարձը բարձր է մնացել` 1 դրույք ժամ ունեցողի համար վրաց լեզվի ուսուցիչը հավելավճար է ստանում 19 լարի 50 թեթրի (որը համարժեք է 3700 դրամին):
Այսօրվա աշակերտները, մի քանի տարի առաջ ավարտած աշակերտների համեմատ, ավելի լավ գիտեն վրացերեն լեզուն, ինչը պայմանավորված է վերջին տարիներին հրատարակված «Թավթավի» («Գլխից գլուխ») գրքի հետ, որն ավելի շատ զարգացնում է աշակերտի խոսակցականը: «Եթե նախկինում աշակերտն անցնում էր, թե վրացերենում քանի խոսքի մաս կա ու դրանց առանձնահատկությունները, ապա այսօր դրանք դպրոցի պայմաններում անհրաժեշտ չեն, այժմ նա պետք է իմանա, թե ինչպե՞ս են կոչում իրեն, ինչպե՞ս կարելի է դիմել մարդկանց, այն, ինչ կապված է առօրյա կյանքի հետ»,- ասաց դպրոցի տնօրեն Հ. Մովսիսյանը:
Անհուսալի վիճակում են նաեւ կրթության բաղկացուցիչ մաս կազմող շրջանի գրադարանները: «Պետությունն այսօր չի ֆինանսավորում, մինչդեռ խորհրդային տարիներին շրջանում յուրաքանչյուր գյուղ ունեցել է 2-3 գրադարան»,- ասաց Ա. Բանդիկյանը:
Հայաստան Մովսիսյանն աշակերտների վրացերեն լեզվի գոնե տարրական իմացությունը կարեւորում է. «Նախ եւ առաջ՝ ապրում են տվյալ հանրապետությունում, եւ գնալով ավելի է խորանում կապը Վրաստանի հետ: Իսկ ուսուցիչների հիմնական ուղղվածությունն այն է, որ աշակերտները լավ յուրացնեն վրացերենը, եւ ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»»: