Հանդիպել է հայերին

03/03/2008

Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը փետրվարի 27-ին մի քանի օրով այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այս մասին հաղորդում է «Ա-ԻՆՖՈ» գործակալությունը: Նա Սամցխե-Ջավախք տարածաշրջանի փոխնահանգապետ Սամվել Օվեյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Ախալցխայի հայ բնակչության հետ եւ նաեւ հետաքրքրվել նրանց խնդիրներով: Նույն օրը Վրաստանի առաջին տիկինը այցելել է Ախալցխայի «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին, հանդիպել տեղի քահանա Տեր Մանուկ Զեյնալյանի հետ, ապա ուղեւորվել Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական միջնակարգ դպրոց: Այնտեղ նրան դիմավորել է դպրոցի տնօրեն Ռոբերտ Մուրադյանը` ուսուցիչների եւ աշակերտների հետ միասին: Սանդրա Ռուլովսը դպրոցում այցելել է համակարգչային լսարան, մարզասրահ եւ թանգարան, որի պատվավոր հյուրերի հուշամատյանում թողել է իր ստորագրությունը: Վրաստանի առաջին տիկինը եղել է նաեւ Ասպինձայի մանկատանը: