Հասունանում է սկանդալ

03/03/2008

Վերջերս արվեստի աշխարհում տեղի ունեցած սենսացիայի մասին է հաղորդում «Նոյյան տապան» գործակալությունը։ Սերգեյ Փարաջանովի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը ռուսական արվեստի լոնդոնյան ՄաքԴուգլ (Mac-Dougall) աճուրդում վաճառվել է 178.101 ԱՄՆ դոլարով: Մինչ օրս 20-րդ դարում համաշխարհային հռչակի արժանացած խորհրդային ռեժիսորի կոլաժների գինը չէր գերազանցում 9000 դոլարը: Սակարկությունները սկսվել էին 40.000 ֆունտ ստեռլինգից: Սակայն, ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, բացառված չէ, որ «Խորհրդավոր ընթրիքը» հանրությանը մի անակնկալ եւս մատուցի: Նկարիչ Վալերի Բոյախչյանը պնդում է, որ «Խորհրդավոր ընթրիքի» հեղինակն ինքն է, այլ ոչ թե Փարաջանովը: Վալերի Բոյախչյանը երկար տարիներ աշխատել է Փարաջանովի հետ եւ մասնակցել Վարպետի վերջին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմի աշխատանքներին: Ինչպես Փարաջանովը, Բոյախչյանը եւս հայտնի է իր կոլաժներով: Սակայն, ի տարբերություն ռեժիսորի, որն օգտագործում էր ապլիկացիայի տեխնիկան, նկարիչն իր գործերը, որպես կանոն, ստեղծում է թել ու ասեղի օգնությամբ, գործվածքի ոչ մեծ կտորները կարելով իբրեւ ամբողջական կտավ: Ըստ նրա՝ «Խորհրդավոր ընթրիքը» ստեղծվել է Նյու Յորքում, այն ժամանակ, երբ Բոյախչյանն աշխատում էր Մետրոպոլիտեն-օպերա թատրոնում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո, որոնց նրան վիճակվել է ականատես դառնալ, Բոյախչյանը ծանր հիվանդացել է: Իրադրությունից օգտվել է ռուսաստանցի ոմն արվեստաբան, որը, ինչպես պնդում է Բոյախչյանը, իրենից վերցրել է կտավը մինչեւ Մոսկվա տոմսի դիմաց, որտեղ ապրում են Բոյախչյանի ընտանիքի անդամները: Նկարիչը մտադիր է հասնել «Խորհրդավոր ընթրիքի» նկատմամբ իր հեղինակային իրավունքի ճանաչմանը: