Լուրջ բանավեճ է ծավալվել

29/02/2008

«Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերը: «ԵԱՀԿ-ի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ Խորհրդարանական վեհաժողովն, իհարկե, համակարծիք էին ընտրությունների հաջորդ օրը հրապարակած իրենց նախնական զեկույցում: Դրան կհետեւի վերջնական զեկույցը, որում կարտացոլվի նաեւ հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը, եւ սա, անկասկած, որոշակի շփոթմունք կստեղծի»,- ասել է նա: Հարցին` արդյոք նախօրեին ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ է նաեւ որոշ ընդդիմադիր գործիչների ձերբակալության փաստը, Գորան Լենմարկերը պատասխանել է. «Ըստ կառավարության տված բացատրության, այդ ձերբակալությունների պատճառը զենքն է: Ես չեմ կարող ասել` ինչն է ճիշտ, ինչը` ոչ, ինձ ընդամենը սա են ասել, եւ արտասահմանցու համար դժվար է գնահատել»: «Հուսով եմ, խաղաղ հանգուցալուծման ականատեսը կլինենք, եւ բռնություններ չեն լինի,- նշել է Լենմարկերը` անդրադառնալով նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսի ներկայացուցիչների հետ երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպումներին,- Որոշ ընդդիմադիր կուսակցություններ վերջնական վճռի հասնելու համար ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան եւ ասում են, որ կենթարկվեն ՍԴ որոշմանը»: Գ. Լենմարկերը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ որեւէ հատուկ զեկույցով հանդես չի գալու եւ իր գնահատականներում հիմնվելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի վրա: Հիշեցնենք, որ զեկույցը պատրաստ է լինելու միայն ապրիլի կեսերին: